«Տղամարդը աւելի շատ գիտի, կինը աւելի լաւ հասկանում է»:
Ինչպէս իր անձնական կեանքին մէջ, նոյնպէս եւ բեմի վրայ կանացի ա՛յս ինքնավստահութեամբ եւ ինքնադրսեւորման փայլուն տաղանդով բարձունք նուաճած դերասանուհին է հայ ժողովուրդի արժանաւոր ծնունդներէն Կալեա Նովենց, որուն մահուան առաջին տարելիցը կ'ոգեկոչենք Յուլիս 22ի այս օրը։
Յատկապէս «Մեր մանկութեան թանկոն» շարժանկարին մէջ իր անմահացուցած Սիրանոյշի կերպարով՝ Կալեա Նովենց նուաճեց հանդիսատեսը եւ դարձաւ հայկական բեմի ամէնէն սիրուած դերասանական տաղանդներէն մէկը։
Ծնած էր 10 Յուլիս 1937ին, Երեւան։ Պատանի տարիքէն մեծ սէր դրսեւորած էր թատրոնին հանդէպ։ Աշակերտած էր Վարդան Աճէմեանի եւ Արմէն Գուլակեանի տարողութեամբ թատրոնի վարպետներու, որոնց ներշնչումով դերասանական իր ասպարէզը ընկալեց եւ ապրեցաւ իբրեւ ներքին ճշմարտութեան եւ զգացողութեան հարազատ, այլեւ անկաշկանդ դրսեւորում։
Իր դասընկերներէն արուեստաբան եւ բանասէր Հենրիկ Յովհաննիսեան կը վկայէ, թէ իրենց ուսուցիչ Արմէն Գուլակեանը «մեզ սովորեցրել է երբեք առաջ չընկնել սեփական զգացողութիւնից: «Սեփական «ես»ից առաջ մի՛ ընկիր: «Մտացածից, զգացածից առաջ մի՛ ընկիր. դա կեղծ խաղ է»,- ասում էր նա: Գալեան՝ որպէս դերասանուհի՝ ճիշտ դրա դրսոեւորումն է: Նա երբեք իր անձից առաջ չի ընկել, իր զգացողութիւնից, իր ներքին տեսողութիւնից, ես կþասեմ՝ կերպարի ներքին ձեւից նա երբեք աւելի առաջ չի վազել: Այսինքն միշտ գտնուել է ճշմարտութեան սրբազան սահմանագծին. սկզբունքն ա՛յս է: Եւ եթէ ես պէտք է բնութագրեմ Գալեա Նովենցին՝ որպէս դերասանուհի, կարող եմ ա՛յս ասել. նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի դերակատարման մէջ չկայ ձեւացման տարր: Նա լինո՛ւմ է դերում. այսքա՛նը»:
Մասնագիտական ուսումը Գալեա շարունակեց Մոսկուայի մէջ, ուր չհաստատուեցաւ սակայն։ Վերադարձաւ Հայաստան, սկզբնական շրջանին միացաւ Կապանի թատրոնին, ապա՝ գործեց Գիւմրիի եւ Երեւանի թատրոններուն մէջ։ 1958էն սկսեալ աւելի քան յիսուն թատերախաղերու եւ շարժանկարներու մէջ հանդէս եկաւ գլխաւոր դերերով։ Հարուստ այդ վաստակին շարժանկարի ասպարէզին մէջ յիշատակելի նուաճումներն են՝
1965 - «Բարեւ, ես եմ»՝ Նազի։
1969 - «Մենք ենք, մեր սարերը»՝ կատարածու։
1971 - «Հեղնար Աղբիւր»՝ Երանոսի կինը։
1975 - «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Սոնայի մայրը։
1977 - «Նահապետ»՝ Անթառամ։
1978 - «Խաղի վերջ»՝ մայրը։
1980 - «Կտոր մը երկինք»՝ Յովակիմի կինը։
1982 - «Հին օրերի երգը»՝ Օբերոնի մայրը։
1982 - «Գիքոր»՝ Գիքորի մայրը։
1983 - «Սիրամարգի ճիչը»՝ Աննա։
1984 - «Ճերմակ անուրջներ»՝ Մարիամ։
1984 - Մեր մանկութեան տանգոն»՝ Սիրանոյշ։
1985 - «Խնձորի այգին»՝ Նոյեմի։
1988 - «Ճանապարհ դէպի Սասունցի Դաւիթ»՝ Դաւիթի մայրը։
1989 - «Շնչառութիւն»՝ Գայանէ։
1990 - «Կարօտ»՝ Սանամ։
1992 - «Որտե՞ղ էիր, մարդ Աստծոյ»՝ մայրը։
2001 - «Խենթ հրեշտակ»՝ մայրը։
Կեանքը կապեց եւ ամուսնացաւ հայկական բեմի վարպետներէն Երուանդ Ղազանչեանի հետ, իսկ վերջին տասնամեակին հաստատուած էր Միացեալ Նահանգներ։
Ոգեկոչելով Գալեա Նովեն- ցի մահուան առաջին տարելիցը, կþարժէ հաղորդուիլ բեմական արուեստին նկատմամբ սիրուած այս դերա- սանուհիին տածած պաշտամունքին հետ.-
«Թատրոնն ուրիշ աշխարհ է՝ հեքիաթային, կախարդական: Անհասկանալի երեւոյթ է: Մէկ անգամ բեմ բարձրանալով՝ կարծես վարակւում ես, հիւանդանում թատրոնով: Տարիների ընթացքում ֆիլմն էլ դարձաւ իմ աշխարհը: Սիրտս կարծես բաժանուած լինի երկու մասի՝ թատրոնի ու ֆիլմի: Եւ ֆիլմերում նկարահանուելը կարծես դարձաւ կենսական պահանջ»:
Ն.
1958էն սկսեալ աւելի քան յիսուն թատերախաղերու եւ շարժանկարներու մէջ Կալեա Նովենց հանդէս եկաւ զանազան գլխաւոր դերերով։
Յատկապէս «Մեր մանկութեան թանկոն» շարժանկարին մէջ իր անմահացուցած Սիրանոյշի կերպարով՝ Կալեա Նովենց նուաճեց հանդիսատեսը եւ դարձաւ հայկական բեմի ամէնէն սիրուած դերասանական տաղանդներէն մէկը։