Նոյեմբեր 21ին, հինգ տարի առաջ, բաբախելէ դադրեցաւ խռովայոյզ սիրտը հայ նորագոյն գրականութեան մեծատաղանդ արձակագիրներէն Աղասի Այվազեանի։
Իր գեղարուեստական տաղանդով եւ ստեղծագործական վաստակով՝ Աղասի Այվազեան եղաւ հայ արձակի եւ բեմագրութեան արժանաւոր վարպետ մը, որ վերջին յիսնամեակին նոր հորիզոններ բացաւ հայաստանեան գրականութեան առջեւ։
Ինքնուրոյն եւ ջղուտ ոճի տէր ու խորախորհուրդ պատգամ ունեցող գրողն էր Աղասի Այվազեան, որ սեփական դրոշմը դրաւ հայրենական արձակին ու թատրերգութեան, հրապարակախօսութեան եււ բեմագրութեան, բեմադրական արուեստին ու գեղանկարչութեան վրայ։ Ապրեցաւ մինչեւ մեր օրերը եւ անխոնջ ստեղծագործեց։ Եւ երբ 21 Նոյեմբեր 2007ին առյաւէտ փակեց միշտ կրակով լեցուն իր աչքերը, հայ ժողովուրդը անվարան իր անմահներու համաստեղութեան արժանացուց տաղանդաշատ իր գրողին։
Իր կենդանութեան արդէն Աղասի Այվազեան նուաճած էր հայ գրականութեան մեծերու փաղանգին արժանաւորապէս մաս կազմելու իրաւունքը։ Խորհրդային Հայաստանի պետական մրցանակակիր եղած էր 1975ին, իսկ արուեստի վաստակաւոր գործիչի տիտղոսին տիրացած էր 1982ին։ Այն բախտաւոր տաղանդներէն եղաւ, որ իր մէկ հատիկ գործով՝ 1960ականներուն լոյս տեսած, բեմագրուած ու շարժանկարի վերածուած «Եռանկիւնի»ն վիպակով, հմայեց ու գրաւեց ոչ միայն հայ հասարակութիւնը, այլեւ՝ օտարները, արժանանալով մէկէ աւելի մրցանակներու։
Աղասի Այվազեան ծնած էր 7 Սեպտեմբեր 1925ին, Խորհրդային Վրաստանի Աբասթուման աւանին մէջ, հայոց պատմական Կարին քաղաքէն գաղթած հայ ընտանիքի յարկին տակ։ Գեղարուեստական հիմնաւոր պատրաստութեան եւ մասնագիտական հմտութեան տէր էր. աւարտած էր Թիֆլիսի գեղարուեստական ակադեմիան (1942ին), Թիֆլիսի պետական համալսարանի բանասիրական բաժինը, Երեւանի գեղարուեստաթատերական եւ բնագիտական կուլտուրայի հիմնարկները (1945¬48)։
Ստեղծագործական կեանքի ասպարէզ նետուելով՝ աշխատեցաւ իբրեւ նկարիչ, գծագրող եւ լրագրող։ 1963ին ընդունուեցաւ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ, 1965էն 1973 եղաւ Հ.Գ.Միութեան պաշտօնաթերթ «Գրական Թերթ»ի արձակի բաժնի վարիչը. 1973¬81 ստանձնեց «Էկրան» ամսագրի գլխաւոր խմբագրի պատասխանատուութիւնը։ Տասնամեակներ, իբրեւ բեմադրիչ, աշխատեցաւ «Հայֆիլմ» շարժանկարի արուեստանոցին մէջ, ուր 1967ին, իր հեղինակած բեմագրութեամբ, նկարահանուեցաւ «Եռանկիւնի» շարժանկարը, որ երկրորդ մրցանակը շահեցաւ 1968ի լենինկրատեան «համամիութենական» փառատօնին։ 1990ականներու սկզբնաւորութեան Աղասի Այվազեան խմբագրեց «Հայութիւն» շաբաթաթերթը:
Դժուարութիւններով լեցուն կեանք մը վիճակուեցաւ հայ մեծ արձակագրին։ Դառնութեան եւ տառապանքի ծնունդ եղան անոր ստեղծագործական վաստակն ու գեղարուեստական նուաճումները, որոնք ձեռք բերուեցան քրտնաջան աշխատանքով, անձնական հալածանքներ դիմագրաւելու ծանր պայքարով, բայց միաժամանակ հայ ժողովուրդին ու ազգային մեր արժէքներուն նկատմամբ անհուն սէրով ու պաշտամունքով։
Խոհուն եւ ինքնատիպ աշխարհայեացքի տէր հեղինակը եղաւ Աղասի Այվազեան։ Իր իսկ խոստովանութեամբ՝ «Ինձ համար կայ երկու ազգային գրող՝ Վիլեամ Սարոյեան եւ Եղիշէ Չարենց. իսկ Ալեքսանդր Թամանեանը չափանիշ է. հայ մարդու կատարեալ չափանիշ: Ես ուրախ ու հպարտ եմ, որ հայ եմ»:
Անդրադառնալով իր անցած կեանքի դժուար ուղիին՝ առիթով մը հեղինակը պիտի նշէր.¬ «Ցաւօք, իմ կեանքում խանգարող մարդիկ շատ են եղել: Իմ հոգում կուտակուած սպիները շատ խորն են: Ես փորձում եմ սպեղանի դնել ցաւը մեղմացնելու համար, բայց անցեալը չի մոռացւում: Եղել են օրեր, երբ քաղցած եմ գիշերել, բայց դա ինձ ուժ է տուել: Բարեբախտաբար, եղել են մարդիկ, որոնք օգնութեան ձեռք են մեկնել: Իւրաքանչիւրիս մէջ էլ ապրում է նախանձը, բայց այն կարելի է փոքրացնել: Միայն միմեանց օգնելով կարելի է հասնել յաղթանակի»:
Ճակատագիրը այդպէ՛ս՝ դժուար ուղի մը վերապահեց Աղասի Այվազեանին մանկութեան իսկ օրերէն։ Ինչպէս ինք կը նշէ՝ «Հայրս էրզրումցի դարբին էր: Մանկութիւնս ու պատանեկութիւնս անցել են Ախալցխայում: Շատ դժուար օրեր եմ ունեցել: Հայրս ամբողջ օրն աշխատում էր մի կտոր հաց վաստակելու համար»: Եւ մանկութեան այդ խոր յիշողութեանց արգասիքը եղաւ «Եռանկիւնի»ն, որ վաւերական բարձունքի մը առաջնորդեց հայ արձակը՝ աւանդականին ու արդիականին բարձրարժէք համադրումը նուաճելով։
Կեանքի եւ ստեղծագործական ճանապարհի իր ուրոյն փիլիսոփայութիւնը ունէր Աղասի Այվազեան։ Ապրեցաւ ու գործեց իրա՛ւ երջանկութեան հասնելու անսանձ մղումով եւ այն անխախտ հաւատքով, որ՝
«Անհրաժեշտ է երկար ապրել՝ երջանկութեան իմաստը հասկանալու համար: Ես երջանկութիւն եմ փնտռում գրականութեան, նկարչութեան ու թատրոնի մէջ: Արժանացել եմ բազմաթիւ մրցանակների, պատուոգրերի, Հ.Ս.Ս.Հ. պետական մրցանակի առաջին դափնեկիրն եմ, սակայն դրանք ինձ երբեւէ երջանկութիւն չեն բերել: Երբեւէ չեմ ձգտել պաշտօնի եւ գիտեմ, որ այն ինձ չի երջանկացնի: Ինձ համար լիակատար երջանկութիւնն աշխատանքիս պահն է: Ես ամբողջովին ընկղմւում ու նուիրւում եմ իմ գործին: Շատ ուժեղ է իմ ստեղծագործական գրգիռը: Եթէ մի օր այն հանգչի, ես կը դժբախտանամ»:
Այդ իմաստով՝ Աղասի Այվազեան դժբախտութեան չմատնուեցաւ եւ իրապէս մինչեւ վերջին շունչ, 82 տարեկանը, կրցաւ շարունակել իր գրական բեղուն աշխատանքը եւ երջանկանալ ստեղծագործական երկունքի անխառն պահերով...
Հայ մեծ արձակագրի մահուան հինգերորդ տարելիցին նուիրուած վկայութեան այս էջով անպայման պէտք է յիշել ու յիշեցնել Աղասի Այվազեանի պատգամ-կտակը.-
«Ժամանակակից սերունդն աւելի լայն հնարաւորութիւններ ունի ստեղծագործելու, իրեն արտայայտելու համար: Արուեստի սկիզբն ազատութիւնն է: Նախկինում արուեստը պատուած էր սեւով, այսօր այդ մթութեան մէջ մի փոքրիկ կրակ է առկայծում: Ես լաւատես եմ ու համոզուած եմ, որ սերունդների ջանքեր շնորհիւ այդ փոքրիկ կրակը կը մեծանայ, կը լուսաւորի ու կը ջերմացնի: Համոզուած եմ, որ կþունենանք նոր տաղանդներ՝ Թամանեաններ, Չարենցներ, Սարոյեաններ, եւ դա կը լինի մեր մեծ բարոյական յաղթանակը»:
Աղասի Այվազեանի խոհուն եւ խռովայոյզ ներաշխարհը ընթերցողին առջեւ բացող պոռթկուն մտորումներու հետեւեալ փունջով՝ եզրափակենք հայ արձակի մերօրեայ վարպետին մահուան հինգերորդ տարելիցին նուիրուած անդրադարձը.
- «Երեւանում եմ 1945 թուականից: Գնում-գալիս էի: Սովետական համակարգից դուրս էի, օդում կախուած: Կայարանում եմ քնել, շուկայի կտուրին եմ քնել… ուսանող էի: Էդպիսի վիճակներ: Սա կեանքի դրսեւորում էր, չեմ դժգոհում, թէպէտ դժուար էր. շաբաթներով սոված էի մնում: 45 թուի Երեւանն էր, յետամնաց երկիր. էսօրուայ նման չէր: Ինձ թւում է՝ հայի բնաւորութեան շնորհիւ է, որ մենք էսօր կանք, անկումներից վեր ենք թռչում: Ուրիշ ազգեր Եղեռնից յետոյ կարող է գոյութիւն չունենային, իսկ մենք ծաղկում ենք, քաղաք ենք շինում: Այսինքն դիմակայելու ունակութիւնը հայի մէջ ուժեղ է: Դա բջիջն է հայկական ցեղի, հասկանո՞ւմ էք: Իւրաքանչիւրիս մէջ կան ժողովրդի ծրագիրն ու գեները: Մեզնից իւրաքանչիւրը հաւաքական կերպար է: Հիմա Հայաստանում ունենք լաւ սերունդ, երկար ապրելով՝ ես հետեւել եմ, թէ ինչպէ՛ս են գալիս նորերը: Էդ զարգացումը շատ նկատելի է, երկրի հետ մարդիկ փոխւում են, կամ իրենք են փոխւում ու երկիրն իրենց հետ փոխում: Ես շատ գոհ եմ մեր երիտասարդութիւնից: Հայերին մորթել են, միշտ ասել եմ, հայերի սերուցքը հանել են, մտաւորականութիւնը, ուղեղը ոչնչացրել: 30ականներին էլ
Հայաստանում գրողներին ոչնչացրին, ստիպեցին չմտածել: Բոլորը բոլշեւիկներ էին, լոյալ էին որպէս հայ: Հիմա ազգն ամբողջանում է: Էս նոր սերնդի մէջ կը լինի Նժդեհ, Խաչատրեան, Կոմիտաս… էս հանճարները նորից կը ծնուեն»:
- «Ներքին բարդոյթներ կան, որ ունեն բոլորը, յատկապէս արուեստագէտները: Երբեմն խճճւում եմ էդ բարդոյթների մէջ: Շատ ամաչկոտ էի: Բարդոյթ էր, ինչ¬որ քայլերից նահանջում էի, որովհետեւ ամաչում էի էդ քայլն անել, թերարժէքութեան զգացում է երեւի: Արուեստագէտի խառնուածք կայ, որից փախչել չես կարող: Ես ապրել եմ սովետների ժամանակ, ես պիտի յարմարուէի՝ չեմ յարմարուել, չեմ ծառայել ոչ մի սովետական հիմնարկում, նրանք չկարողացան ինձ սովետական մարդ դարձնել: Դա տառապանքի հետ էր կապուած, որովհետեւ մի կերպ պիտի ապահովես կեանքդ, նիւթական խնդիրներ կան: Մեր անկախութեան հետ իմ կեանքում սկսուեց նոր փուլ. ես նոր վիճակի մէջ եմ, չլինէր էս հիւանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի: Որովհետեւ ազատութիւն եմ գոռացել՝ չհասկանալով ինչ բան է ազատութիւնը: Ի՞նչ է դա. խիղճ, սէր, այն, որ Աստուած ենք ասում՝ ճշմարտութիւն: Իսկ Սովետական Միութիւնում սուտն էր իշխում: Ես գրքեր եմ հրատարակել, որոնցից հրաժարուեցի ինքս, անատամ էին, սենտիմենտալ (յուզական), այսօր տէր չեմ կանգնում դրանց: Թէեւ կոմպրոմիսներ (զիջումներ) չեմ արել կուսակցութեանը: Խրուշչովից յետոյ եկաւ նոր ալիք՝ Եվտուշենկոն էր, Օկուջավան, մեզ մօտ էլ էդ ալիքը եղաւ:
Ես մի տասը տարի էդ տղաներից մեծ էի, բայց ընկայ էդ ալիքի մէջ, տեսակով, մտածողութեամբ ես էդ մարդն էի: Վերջապէս պիտի բերանս բացէի»:
Ն.