Թրքական պետութեան գործադրած Հայասպանութեան օրերուն, մեր ժողովուրդը միայն նահատակներ չունեցաւ։
Աւելի քան մէկուկէս միլիոն հայեր ինկան... բայց հայ ժողովուրդը կրցաւ յարութիւն առնել եւ Հայաստան Աշխարհի թէեւ մէկ փոքր հողակտորին վրայ, այդուհանդերձ ըստ ամենայնի ստեղծեց իր անկախ հայրենիքն ու ազատ պետականութիւնը։

Միայն զոհեր չտուաւ նահատակուած հայութիւնը։ Տեղահանութեան, Աքսորի եւ Մահուան ճամբաներուն վրայ իսկ մեր ժողովուրդը ծնունդ տուաւ հայորդիներու, որոնք նախախնամութեան կամքով կոչուած էին անլռելի վկաները դառնալու Հայոց Արհաւիրքին։
Ապրիլեան օրերուն ծնած արժէքաւոր եւ արժանաւոր հայորդիներու շարքին իմաստալից իր տեղն ու խորհուրդը ունի Ապրիլ 27ի այս օրուան զուգադիպող ծնունդը քսաներորդ դարու հայ մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի։
97 տարի առաջ, Ապրիլ 27ին, Ախուրեան գետի ափին, Վանէն Ալեքսանդրապոլ գաղթած Կարապետեաններու խրճիթին մէջ, լոյս աշխարհ եկաւ Օննիկ Կարապետեան անուն մանուկ մը, որ հայոց որբերու սերունդին տիպական ներկայացուցիչներէն եղաւ եւ գրական-ստեղծագործական իր տաղանդով՝ Հայաստանի եւ Հայ Դատի երգին ամէնէն բուռն, նաեւ քնարական պատգամախօսը դարձաւ։
Անմահացաւ Յովհաննէս Շիրազ իր գրչանունով՝ մեր սերունդներուն կտակելով երգը Հայաստանի։
Ինչպէս որ «Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ» խորագրով իր քերթուածին մէջ կը վկայէ, Շիրազ անխոնջ երգեց ճակատագիրը հայոց՝ ամբողջ աշխարհին յիշեցնելու համար, որ՝

«Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ
Ու թէ հառաչէր մի հայ բանաստեղծ
Թէ չար դարերի հողմերով քշուած
Լուսնի վրայ էլ հայեր կան ցրուած...
Ես կը հաւատամ այդ դառը խօսքին
Ես կը հաւատամ, որ լուսինն անգամ
Ծանօթ է բոկոտն հայ թափառ ոտքին
Ու դրանից է նա թախծում այսքան:
Ա՜խ քո էլ բախտն է լուսնկան լալիս
Դու էլ ես պանդուխտ իմ ազիզ Մասիս
Բայց քեզնից էլի կարօտս եմ առնում,
Երբ քեզ եմ նայում մի լեռ եմ դառնում
Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրուած
Որքա՜ն Մասիսներ դեռ ունեմ գերուած
Ես դարեր խաբուած դարերով զարկուած
Նոր եմ բռունցքւում լեռներում իմ լուրթ
Ես որդեկորոյս բայց յոյսով փրկուած
Ես մի Հայ մի Հայր մի Հայ ժողովուրդ»...

Հայոց սրբազան եւ խորհրդանիշ լերան՝ Մասիս սարի տուն դարձին անզուգական երգիչն ու Հայապահպանման եւ Հայ Դատի պայքարին անկաշառ պատգամաբերն է Յովհաննէս Շիրազ, որուն ծննդեան տարեդարձը ապրիլեան այս օրերուն նշելու համար՝ ընթերցողին ուշադրութեան կը յանձնենք հայ ժողովուրդի բազմադարեան երթը երգի ու պատգամի վերածած իր «Երգ Հայաստանի» բանաստեղծութիւնը։


Ն.


Երգ Հայաստանի

Թիկունքս արած Արագածին՝ կանգնած եմ ես
 Մասսի դէմ. Ի՞նչ է խորհում ծերուկ հսկան, ի՞նչ է տենչում՝ չգիտեմ։

Միայն նրան եմ հասկանում՝ հողիս ձայնին ունկնդիր Եւ  քեզ, չքնաղ իմ Վանայ ծով, դու շղթայուած իմ երկիր։

Դու ծնուեցիր, իմ ժողովուրդ, Արարատ սար ու ձորից, Ինչպէս Վանայ ծովից՝ Սեւանն, ինչպէս մանուկն՝ իր մօրից։

Դու ժպտացիր ինչպէս մանկիկ՝ ծնուած գրկում իր յոյսի, Հողագնդի ստինքների՝ Արագածի, Մասիսի…

Վանայ  ծովը կաթն էր անուշ՝ քո շուրթերին մանկական, Քեզ չի սնել ուրիշ մի ծով, չունես ուրիշ բնօրրան։

Դեռ էն գլխից անգլուխներ քեզ գլխատ ել տենչացին, Ա՛խ, մերթ արիւն, մերթ արցունք են խառնել քո կեանք ու հացին։

…Աժդահակի խոլ նախահայր Բելն Էլ ընկաւ, բայց անվերջ Դու սարի պէս միշտ կանգնեցիր քո սարերի գրկի մեղ։

…Դարեր անցան, եկան դարեր, ծնուեց Արան Գեղեցիկ, Սեւ աչքերը սիրոյ գիշեր՝ հարբեցումի գինով լիք։

Եւ Շամիրամ՝ մի առնաբաղձ, տեսաւ նրան ու գերուեց, Դէպի Մասիս ու Արայի գեղեցկութիւնն արշաւեց…

Ու բախուեցին խաբուած ազգերն, արիւնն այնպէս ծովացաւ, Որ մէջն ազգերն այրուեցին, շամիրամներն՝ հովացան…

Ընկաւ Արան իմ Գեղեցիկ, բայց գեղեցիկ միշտ մնաց, Ընկաւ Արան, որ Արարատ մնան լեռներն հայրենեաց։

Եւ ժողովուրդն ընդոստ ոստնեց՝ ձեռքին եւ սուր, եւ գութան,
Ելաւ ծուխը մեր ծիրանի՝ սիրած դրօշն հայութեան։

Խոլ արշաւներ նա խորտակեց, պահեց երկիրն ինչպէս լեռ,
Բայց իր հացը արնոտեցին նոր դժոխքներն արնաձեռ։

Դարերն Էլի մրրկաբաշ առիւծների պէս անցան, Արագածից մինչեւ  Մասիս կէս դար կանգնեց ծիածան։

Կանգնեց թրով Տիգրան Մեծի, երբ թագն առաւ իր գլխին,
Երբ վահանուեց հայոց զօրքը իր հայրենի մայր հողին։

Արշաւեցին երկրի վրայ  նորից նորոգ հորդաներ,
Բայց հայ ոգին էլի ելաւ, պահեց երկիրն, ինչպէս լեռ…

Ժամանակը ջաղացի պէս աղաց դարեր նորանոր,
Բայց հայն էլի արիւնոտուեց, ցաւեր եկան դառն ու խոր։

Դարեր գալիս, չարեր գալիս՝ տենչում էին ալեկոծ Հայոց Վանայ ծովն էլ խմել, որպէս արիւնն իմ հայոց։

Բայց նրանց դէմ նորից ելան վահագնների պէս հուրհեր Հայրենադեգ զօրքերը մեր, ինչպէս այրուող  անտառներ։

Ծագեց Մաշտոցն ինչպէս մի նոր, անմահ բանակ հայրենի, Ու ձեւ  առաւ խօսնակ ծարաւ մեր հին լեզուն մայրենի։

Եւ բարբառեց յոյսերն հայոց, երկրէ-երկիր կարկաչեց, Խաւարի մէջ դէպի գալիք առաւօտի դուռ բացեց…

Սակայն խուժեց հրաորմիզդ տիրան առիւծն Իրանի՝ Ընդդէմ դեգի վարդանաշունչ՝ հագաւ այրեան ծիրանի։

Բայց Վարդանը վահանի տակ ծիրանավառ Վահագնի,
Իր Աւարայր դաշտով քամեց արեան գետերն Իրանի։

Դարերն անցան՝ մանկանց նման հրհրելով մէկ-մէկու, Անցան, կորան յաւերժութեան անտառներում ահարկու:

Մեր դաշտերին արաբաձայն խորշակ փչեց խելահեղ, Աւարելով հաց ու ոսկի եւ աղջիկներ մարմնագեղ:

Ինչպէս Դարեհն դարանադաւ, յորդեց նրանց զօրքը մառ,
Տնքաց երկիրն իմ Նայիրեան, ինչպէս այրուող մի անտառ։

Բայց մայր հողը ե՞րբ Է լռում. ելան նորից նրանց դէմ Բագրատունիք հայր ու որդի ու թոռնուծոռ, ինչպէս
վէմ։
Շառաչեցին վահան ու դեգ, եւ փախս առան գլխիկոր Հորդաները մեր աշխարհից… եւ կեանք առան դաշտ  ու ձոր։

Որդիներդ կայսրուեցին բիւզանդիոյ վեհ գահն ի վեր, Քեզ պատեցին, սակայն, դժնի օտարամոլ կոյր ցաւեր։

Յոյնը կÿուզէր ոսկու նման հալել-ձուլել քո լեզուն, Սակայն յաղթեց Մաշտոցն Էլի աստուածային դիւցազուն։

Դարեր անցան, անցան դարեր, ո՞ր մէկն առնեմ իմ երգին, Մի ովկիան Է անցեալն հայոց, ես՝ մի գաւաթ եզերքին։ Դարերն անցան, օր լուսացաւ բնօրրանում հայութեան, Սարդարապատն աւարայրուեց,
որ չմտնես Էլ պատեան։

Վանայ ծովդ մնաց գերի, վիշապաքաղ իմ երկեր,
Վանում Է դեռ քո պատմութեան լացն ու խաւարն ակնակրր:

Անին մնաց քո անցեալի դեռ բաց վէրքը հեռաւոր,
Տուն կը բերէ Վանն ու Անին Երեւանդ կեանքով նոր։

Չես մոռանայ Մասիսներդ, տուն կը բերես, իմ սուրբ մայր,
Թէկուզ աճիւնն արեգակի դէպի գիրկդ ընկնի վար…

Ու թող երգս հոգիդ դառած, դառած նոյեան աղաւնի՝ Թռնի երթա՝ քո ծաղկումը աշխարհներին լուր տանի։

Ով որ խնդայ՝ եղբայրն Է քո, բարեկամը քո արդար,
Ով մռայլուի՝ քարը գլխին,- ծաղկի՛ր, ցնծա՜ դարեդար։

Հնչի՛ր լեզուն քո մայր Արաքս, կանգնի՛ր  ինչպէս Մասիս լեռ՝
Դու դեռ օրոցք՝ լոյս ձեռի տակ իմ յոյսերի այս անմեռ։

Զմրուխտ օրոցք իմ Հայաստան՝ լիքը մանուկ նոր կեանքով,
Որ ծաղկում Է, հսկայանում մանուկ Դաւթի խոյեանքով։ ժայռի մէջ է Մհերը դեռ, բայց դուրս կը գայ երբեւէ, Նաւդ Վանայ ծով կը ձգես, չարը մեղքը կը քաւէ։

Ո՞նց կարող է գերի մնալ Արարատդ վիթխարի,
Վաղն օրոցքից դուրս կÿոստնես ժայռից ելքով Մհերի։

Դարերն ինչքան քեզ թաղեցին՝ դու ծլեցիր, ինչպէս ցորեն- Դու իմ գողտրիկ          հայ ժողովուրդ, պիտի ծաղկես յաւերժօրէն,

Պիտի ծաղկես, պիտի պտղես, քանզի ղու տունկն ես աստըծու

Հաւատում եմ քո գալիքին՝ միշտ չես մնա մի բուռ ածու,
Շատ չես մնա միաչքանի՝ այս ծովակով քո Սեւանայ,
Ա՛խ, ե՞րբ պիտի միւս աչքդ բանաս՝ ծովով քո աչք Վանայ,
Փոքր Մհերդ ելաւ բանտից, Մեծ Մհերդ բանտում Է դեռ,
Մեծ Մհերդ՝ ծովը Վանայ, Աասունն անմահ, Մասիսն անմեռ…

Մի՞թէ պիտի զոյգ աչքերդ բաց աչքերով չհամբուրեմ,
Մի՞թէ պիտի քո Մասիսը հայոց լեզուով ետ չբերեմ… Հաստատ գիտեմ, որ կÿազատուի՝ թէկուզ դարեր անցնեն գլխով, Բայց կÿուզէի  ե՜ս ազատեմ, որ ծածկուէի նրա հողով։