Յուլիս 28ի այս օրը, 104 տարի առաջ, համաշխարհային նաւթի շուկայէն ներս մեծ վարկ ու հռչակ վայելող հայ մը՝ Ստեփան Լիանոսեան անունով, Լոնտոնի մէջ հիմնեց «Ռուսական Գլխաւոր Նաւթային Քորփորէյշըն (համատիրութիւն)»ը։
Պաքուի նաւթային արդիւնաբերութեան, մթերման ու զտման, արտահանման եւ միջազգային շուկայի վրայ գործածութեան ընդարձակ ու բարդ ասպարէզէն ներս, օրին, գործարարական մեծագոյն ոստում մը արձանագրեց Ստեփան Լիանոսեանի նախաձեռնութիւնը։
Ռուսական դրամագլուխը այդպիսով իր տիրական դիրքը գրաւեց ամերիկեան, անգլիական եւ գերմանական նաւթային՝ աստղաբաշխական գումարներու հասնող դրամագլուխներու շուկային մէջ։
Ցարական Կայսրութեան նաւթարդիւնաբերական շրջանակներուն մէջ հանրածանօթ անուն էր Ստեփան Լիանոսեան, որ վաճառականական, ելեւմտական եւ արդիւնաբերական իր ձեռներէցութեամբ ու հնարամտութեամբ՝ 1912ին արդէն կը նկատուէր Պաքուի «սեւ ոսկի»ի արքաներէն մէկը՝ մեծահարուստ հայ նաւթատէր Մանթաշեան հայ ազգանուան կողքին համընդհանուր յարգանք պարտադրելով նաեւ Լիանոսեան ազգանուան նկատմամբ։
Թէեւ խորհրդային ամբողջատիրութեան տարիներուն ընդհանրապէս անտեսումի մատնուեցաւ Լիանոսեան Հարստութիւնը՝ Պաքուի մէջ Հայկական Դրամագլուխին հանդէպ խորհրդային պատմագրութեան ցուցաբերած գաղափարական հակադրութեան հետեւանքով, այդուհանդերձ՝ Հայաստանի վերակախացումէն ասդին, զգալի թափով ճիգ կը թափուի հայկական պատմագրութեան կողմէ, որպէսզի Պաքուի նաւթարդիւնաբերական զարգացման մէջ հայոց վճռորոշ դերակատարութեան վերարժեւորման ընդհանուր շրջագիծէն ներս՝ արժանի տեղն ու կարեւորութիւնը ընծայուի նաեւ Ստեփան Լիանոսեան երեւոյթին։
Իրողութիւն է, 1920ականներուն, արտասահման ապաստանած հայ մտաւորականութիւնը, դաշնակցական թէ անկուսակցական, Պաքուի հայութեան եւ դաշնակցական գործունէութեան նուիրուած Աբրահամ Գիւլխանդանեանի յուշագրութեանց ու աշխատասիրութեանց օրինակով՝ նկատառելի գրականութիւն կտակեց մեր սերունդներուն, որպէսզի «Հայկական Պաքուն» մոռացութեան չմատնուի։
Բայց տարագիր կեանքի պայմանները եւս պատճառ եղան, որպէսզի ժամանակի ու մոռացումի փոշին աստիճանաբար նստի Պաքուի մէջ Հայկական Դրամագլուխին ունեցած բախտորոշ դերակատարութեան ընդհանուր արժեւորման վրայ։
Հետեւանքը ծանօթ է. մեր սերունդներուն համար փաստօրէն անծանօթ մնացին Ստեփան Լիանոսեանի օրինակով ձեռներէց եւ յաջողակ հայ մարդոց կեանքն ու գործը, անձն ու արժէքը։ Միայն վերջին տարիներուն է, որ նորովի լոյս կը սփռուի մեծանուն այս ձեռներէց ու գործարար հայուն վրայ։ Այդ առումով յատուկ գնահատանքի արժանի է «Նորավանք» Հիմնադրամը, որ 2006ին լոյս ընծայեց Խաչատուր Դադայեանի «Հայերը եւ Բաքուն (1850ական թթ. - 1920թ.)» երախտաշատ գործը՝ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 15ամեակին։ Խ. Դադայեանի այդ գործէն առնուած է ահա Ստեփան Լիանոսեանի անձին ու գործին վերաբերեալ այս հակիրճ անդրադարձը.-
«19րդ դարու երկրորդ կէսէն սկսեալ արագ թափով զարգացում ապրած Պաքուի նաւթարդիւնաբերութեան եւ հայ գործարարներու տիրական դերակատարութեան առջեւ «որակական, սկզբունքային նոր փուլ սկսաւ... երկու անձանց մահուամբ. 1906թ. վախճանուեց մոսկովեան 1ին գիլդիայի (գործընկերութեան) վաճառական, հնագոյն ֆիրմաներից (հիմնարկ) մէկի` «Ռուսական Նաւթարդիւնաբերական Ընկերութեան» (РУНО) սեփականատէր Գէորգ Ստեփանի Լիանոսեանը, իսկ 1911ին` Ալեքսանդր Մանթաշեանցը: Նրանց փոխարէն եկան որդիները` Լեւոն Մանթաշեանցը եւ Ստեփան Լիանոսեանը: Այս վերջինիս վիճակուած էր գերազանցել բոլորին, դառնալ համաշխարհային նաւթարդիւնաբերութեան «արքայ», որին վերապահուած էր նաեւ խոր ողբերգութիւն եւ ցաւալի, ոչնչով չարդարացուած անէացում՝ Մոռացութիւն, որից ստորեւ կը փորձենք դուրս բերել...
«Ամէն ինչ սկսուեց 1872թ., երբ նաւթադաշտերը աճուրդի հանուեցին. ծագումով պարսկաստանցի, Աստրախանի 1ին գիլդիայի վաճառական Ստեփան Մարտինի Լիանոսեանը 1310ռ. մեկնարկային գնի դիմաց վճարեց 26.220ռ. գումար եւ դարձաւ 6 նաւթահորով թիւ 7 տեղամասի տէրը, որը ենթադրաբար ունէր ընդամէնը 4599 փութ արտադրողականութիւն: Այս քայլը ոչ այնքան նաւթարդիւնաբերութեան ապագայի ըմբռնում էր, որքան ֆինանսական պարզ ներդրում` հող էր գնել, սեփական հողատարածք էր ձեռք բերել, որի արդիւնքում ստեղծուեց «РУНО » շքեղ անուամբ ֆիրման (հիմնարկը):
Բայց Ս.Մ.Լիանոսեանն ունէր հետաքրքրութիւնների աւելի լայն շրջանակ. մէկ տարի անց` 1873ին, նա Շահի կառավարութիւնից ստացաւ կոնցեսիա (թոյլտուութիւն), որը Կասպից ծով թափուող պարսկական գետերի գետաբերաններում ձկան որսի մենաշնորհ էր տալիս: Պայմանագիրը կնքուել էր 5 տարի ժամանակով, բայց բազմիցս նորոգուեց: Ձկնորսարանները բաժանւում էին հինգ ինքնուրոյն շրջանների` Աստարայի, Էնզելիի, Սեֆիդրուդի, Մաշադիսերի եւ Աստրաբադի, որոնցից իւրաքանչիւրը մասնագիտանում էր որոշակի ձկնատեսակի արտադրութեան մէջ:
«Ս. Լիանոսեանի մահից յետոյ բիզնեսն (գործարարութիւնը) ստանձնեց որդին` Գէորգը, որը դիմեց ցարական կառավարութեանը` խնդրելով վարձակալութեան տալ Կասպից ծովի առափնեայ ջրերը (Թուրքմէնչայի պայմանագրով` Կասպից ծովը պատկանում էր Ռուսաստանին): 1900թ. Մարտի 22ին Գ. Լիանոսեանի եւ Ռուսաստանի հողագործութեան ու պետական ունեցուածքի նախարարութեան միջեւ կնքուեց պայմանագիր` 25 տարի ժամկէտով: (Ստորագրող կողմերից ոչ մէկի մտքով չէր անցնում, որ 1917ից յետոյ այդ պայմանագիրը կը խզուի...):
«Այսպիսով, Գ. Լիանոսեանը դարձաւ ամբողջ Կասպից ծովի առափնեայ գետաբերաններում ձուկ եւ ձկնամթերք արտադրող ամենախոշոր ձեռնարկատէրը: Եթէ XIXդ. 90ական թթ. ձկնորսարանների համախառն արտադրանքը միջին հաշուով տարեկան կազմում էր 600 հազ. ռ., ապա դարավերջից մինչեւ 1906թ. ընկած ժամանակահատուածում այն հասնում էր 900 հազ. ռ., իսկ 1907-1915թթ.` 2,25 մլն ռուբլու:
«Առաջին Համաշխարհային Պատերազմի նախօրեակին՝ Մարտին, Ստեփան, Լեւոն Լիանոսեան եղբայրների ձկնորսարանները ժամանակակից արդիւնաբերական ձեռնարկութիւններ էին` յագեցուած տեխնիկայի (արհեստագիտութեան) վերջին խօսքով: Դրանք ունէին էլեկտրակայաններ, սառնարաններ, հեռախօսակապ, մեխանիկական եւ այլ արհեստանոցներ, ինչպէս նաեւ՝ 20 լողամիջոցից բաղկացած մի նաւատորմ, այդ թւում՝ երկու խոշոր շոգենաւ, որոնցից մէկը կոչւում էր «Պիրոգով», իսկ միւսը կրում էր սեփականատէրերի պապի անունը` «Մարտին»:
«Ձկնորսարաններում աշխատում էր 5900 մարդ, պատերազմի նախօրեակին կապիտալ (ընդհանուր) ներդրումները կազմում էին շուրջ 3 մլն. 380 հազ. ֆրանկ, իսկ 1916ին` 9 մլն. ռուբլի: Այսպիսով, Լիանոսեանների 35 ձկնորսարանները Պարսկաստանի ամենախոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւնն էին մինչեւ 1909թ., երբ ստեղծուեց «Անգլօ-պարսկական Նաւթային Ընկերութիւնը»:
«Այսքանը՝ ձկան մասին, հիմա անդրադառնանք նաւթին:
«Գ. Լիանոսեանի օրօք «РУНО»ն միջին կարգի ֆիրմա էր: Ստեփան Լիանոսեանը հօր մահից յետոյ ձուկը «թողեց» եղբայրներին, իսկ ինքը գլխովին ընկղմուեց նաւթի մէջ, ինչի հետեւանքով մի նոր դարաշրջան սկսուեց համաշխարհային նաւթարդիւնաբերութիւնում: Այստեղ խիստ կարեւոր է մի դիտարկում. հայ նաւթարդիւնաբերողների առաջին սերունդը (եւ առհասարակ վաճառականութիւնը) ունէր բիզնեսավարման (գործարար վարչագիտութեան) վարքային մի առանձնայատկութիւն, ինչը մենք անուանում ենք նահապետականութիւն եւ ինչն ունէր իր տրամաբանական բացատրութիւնը: Ամէն ինչ վաստակուած էր սեփական քրտինքով, եւ այդ սեփականութեան պահպանումը թելադրում էր, որ իւրաքանչիւրի բիզնեսում ընդգրկուէին վստահելի անձինք` զաւակները, մերձաւոր ազգականները, հայրենակիցները (շուշեցիներ, շամախեցիներ, թիֆլիսեցիներ եւ այլն) կամ ազգականները:
«Այսինքն, բիզնեսը ազգային էր` բառիս բուն իմաստով: Այդպիսիք էին տասնեակ ֆիրմաներ` Միրզոյեան եղբայրներինը, Ադամեան եղբայրներինը, «Ամուրը», «Անահիտը», «Արամազդը», «Վանանդը», «Որոտանը», Ղուկասեան եղբայրներինը, Թումանեանց եղբայրներինը, Կրասիլնիկեան եղբայրներինը եւայլն, եւայլն, որոնց չենք թուարկում զուտ տեղի խնայողութեան պատճառով:
«Անգամ մեծն Մանթաշեանցը, որը հրաշալի հասկանում էր նաւթարդիւնաբերութիւնում ֆինանսական (ելեւմտական) նորանոր միջոցների անընդհատ ներդրման անհրաժեշտութիւնը, Կովկասի բանկային (դրամատնային) «արքան» էր, պետերբուրգեան երկու խոշոր բանկերի վարչութեան անդամ, միեւնոյն է` իր բիզնեսի կառավարման մէջ օտարների չէր թողնում. 1909թ. նրա ընկերութեան վարչութեան մէջ էին որդի Լեւոնը, ազգականներ Դաւիթ Խարազեանը, Գէորգ Շահումեանը, Առաքել Սարուխանը եւ Ս.Չերքեզովը, որի եղբայրն այդ ժամանակ իր հարազատ քաղաքի` Թիֆլիսի քաղաքագլուխն էր: Ըստ էութեան, ստեղծուել էին «փակ բիզնես-տարածքներ», ինչը ծնում էր այլազգիների (առաջին հերթին՝ ռուսների եւ թաթար-ազերիների) խանդն ու ակնյայտ դժգոհութիւնը, միւս կողմից արգելակում էր բուն բիզնեսի զարգացումը:
«Ստեփան Լիանոսեանն առաջինն էր, որ կոտրեց այս մտածելակերպային կարծրատիպը, առաջինն էր, որ իր գործունէութեամբ ազգակիցներին սովորեցրեց, թէ բիզնեսի ազգային բնոյթը փակուղային է, ազգային պէտք է լինի բիզնեսի արդիւնքը` կապիտալը (դրամագլուխը):
«1907թ. նա 2 մլն. ռ. հիմնադիր կապիտալով Պետերբուրգում ստեղծեց «Գ.Մ.Լիանոսեանի որդիներ» բաժնետիրական ընկերութիւնը, որի տնօրէն-կառավարիչն ինքն էր, իսկ վարչութեան մէջ ներգրաւեց Պ. Լեժդնովսկուն ու կայսրութեան խոշորագոյն ձեռնարկատէրերից մէկին` Պետերբուրգի «Պուտիլովեան գործարան» մեքենաշինական, կաթսայաշինական եւ պողպատաձուլական բաժնետիրական ընկերութեան սեփականատէր Ա.Պուտիլովին:
«Բացի նաւթաբեր հողատարածքներից, ընկերութիւնն ունէր հետեւեալ ձեռնարկութիւնները. Բաքւում` Սպիտակ քաղաքում, կերոսինի, քսաիւղերի գործարաններ, կերոսինի եւ մազութի կայաններ, նաւթալից նաւամատոյց` Կասպից ծովի ափին, 10 վերստ երկարութեամբ նաւթամուղ, նաւթակայան եւ պահեստարաններ` Բաթումում: «Ներգրաւելով ռուսական խոշոր կապիտալի ներկայացուցիչներին` Ս. Լիանոսեանն արագօրէն յաջողութեան հասաւ. 1907թ. արտադրեց 240, 7 հազ. փութ նաւթ, 1908ին` 1168 հազ., 1909ին` 2173 հազ., 1910ին` 2133 հազ. փութ:
«Բայց սա դեռ սկիզբն էր:
«Նաւթախաղի» մէջ պէտք է ոտք դնէր եւս մէկը, որի անմիջական համագործակցութեամբ եւ աջակցութեամբ Ս. Լիանոսեանը պէտք է նուաճէր համաշխարհային շուկան: Այդ մարդը Լեւոն Մանթաշեանցն էր: Նա, ով մտածելակերպային նոյն սկզբունքներն ունէր, ինչ Ս. Լիանոսյանը:
«... Այդ երկուսի միջեւ կայացել էր զուտ հայկական-տղամարդկային պայմանաւորուածութիւն, որին նրանք հաւատարիմ մնացին մինչեւ վերջ:
«1912թ. համաշխարհային նաւթարդիւնաբերութիւնը Ս. Լիանոսեանի շնորհիւ (իսկ գուցէ եւ պատճառով) թեւակոխեց զարգացման որակական միանգամայն նոր դարաշրջան. այդ թուականի Յուլիսի 28ին նա 2,5 մլն. ֆունտ ստերլինգ հիմնադիր կապիտալով Լոնդոնում ստեղծեց «Ռուսական Գլխաւոր Նաւթային Կորպորացիան (համատիրութիւն)» (Russian General Oil Corporation, կրճատ` «Օյլ»):
«Նաւթարդիւնաբերութիւնը մշտական ֆինանսական ներհոսքի կարիք ունի, իսկ բանկային կապիտալը ձգտում է շահաւէտ ներդրումներ կատարել: Ս. Լիանոսեանը ռուսական խոշոր բանկային կապիտալը բերեց Բաքուի նաւթարդիւնաբերութիւն, ինչը ձեռնտու էր երկուստեք»:
Ս. Լիանոսեանի եւ ընդհանրապէս անոր օրինակով ժամանակի եւ մեր օրերու յաջողած ու մեծահարուստ հայ ձեռնարկատէրերու ազգային դիտանկիւնէ արժեւորումը, անկասկած, առանձին շահեկանութեան նիւթ է։ Բայց անմիջապէս կ’արժէ նշել, որ երբ անհատական իրենց յաջողութեանց ամրապնդման համար իսկ հայ ձեռնարկատէրերը յատուկ կարեւորութեամբ կը գուրգուրան հայկական դրամագլուխի մերձեցման, մէկտեղման եւ համագործակցաբար արդիւնաւորման վրայ, այդ վարքագիծէն ի վերջոյ կը շահի ազգային մեր ներուժին ներքին կազմակերպումը՝ անհատական յաջողութիւններէն ազգային յաջողութեանց հասնելու հնարաւորութեանց այնքան կենսական դաշտը։
Ն.