Մարտ 7ին հայ ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը հայ թատրոնի մեծ անուն վարպետներէն, յատկապէս արեւելահայ արհեստավարժ թատրոնի հիմնադիրներէն Գէորգ Չմշկեանի, որ անմահացաւ իբրեւ հայկական թատրերգութեան դրօշակիր Գաբրիէլ Սունդուկեանի գործերուն առաջին
բեմադրողն ու գլխաւոր դերակատարը։
Ինչպէս որ Հայ Թատրոնի հմուտ պատմագէտ, բանասէր եւ արուեստաբան Հենրիկ Յովհաննիսեան կը վկայէ, Գէորգ Չմշկեանի «անձն ու կենսագրութիւնը նոյնանում են «հայ թատրոնի գաղափարի հետ»: [Անոր գրած] «Յիշատակարանը» համառօտագրումն է արեւելահայ բեմի [19րդ դարի] 60-70ական թուականների պատմութեան եւ իմաստաւորումը մի ամբողջ ուղղութեան: «Պեպոյի» հեղինակը դրեց ինձ վրայ մէկ քաղցր լուծ, այն է` խոստովանել ճշմարտութիւնը»,- այսպէ՛ս է սկսում նա եւ պատմում ձեռքը խղճին` շրջանցելով իր անձը»:
Գէորգ Չմշկեան ծնած է Թիֆլիս, 1837ին։ Հայրը` Յարութիւն Չմշկիկ գաղթած է Մշոյ երկրէն՝ իր պապական տոհմի եօթը ընտանիքներուն հետ: Իր տոհմին մասին ան կը պատմէ՝ «նոքա գաղթել են միշտ դէպի հիւսիս, ինչպէս աւանդուած է եղել ամբողջ ազգատոհմին, նորանց մէջ հեղինակութիւն ունեցող մէկ ծերունուց»: Յարութիւն Չմշկիկ Թիֆլիսի մէջ եղած է Յովհաննէս Կաթողիկոսի «փոքրաւորը», յետոյ ձեռնադրուած է քահանայ:
Միշտ Հ. Յովհաննիսեանի վկայութեամբ՝ Գէորգ Չմշկեան երեխային «խորհուրդ ունեցող առաջին խօսքերը Ժամագրքից ու Նարեկից էին, նախնական գրագիտութիւնը` Ս. Սարգիս եկեղեցու Յովհաննէս սարկաւագից: 1847 թուականից տղայի կրթութիւնը շարունակուել է Ներսիսեան դպրոցում, այնուհետեւ, ըստ տոհմական աւանդութեան` «դէպի Հիւսիս»: «Մոսկուա, Պետերբուրգ,- գրում է նա,- իմ երեւակայութեան համար մի տեսակ աւանդական աշխարհ էր, ուր գիտութիւնը եւ կեանքը, ամէն տեսակ յաջողութիւնները պիտի թափուէին գլխիս...»: Ճանապարհը տանում է Պետերբուրգի հայոց եկեղեցու դուռը, այնտեղից՝ Մոսկուա, Լազարեան Ճեմարան: «Տեղ չկայ, սիրելիս, տեղ չկայ»,- պատասխանում է Մկրտիչ Էմին:
«1851թ., Չմշկեանն ընդունուել է Թիֆլիսի Հողաչափական Ուսումնարանը, ուր սովորել է երեք ու կէս տարի` չլսելով ոչ մի հայերէն բառ: «Իմ սէրը դէպի թատրոնական բեմը,- ասում է նա,- առաջին անգամ ծագեց այդ ուսումնարանում, որտեղ ռուսաց ծննդեան օրերին աշակերտներս տալիս էինք ընտանեկան ներկայացումներ: Ես մեծ յաջողութիւն ունեցայ»,- ասում է` յիշելով երկու փոքր դեր` «մէկ խուլ հոգաբարձու» եւ «մի վախկոտ զինուորական:
«1854 թ. Չմշկեան ծառայութեան է մտնում կովկասեան նահանգների հողաչափական վարչութիւնում եւ պաշտօնի բերումով շրջում այսր-կովկասեան քաղաքներն ու գիւղերը: «Ես կատարեալ ուսումնական էի,- ասում է հեգնանքով:- Կարդում էի Բելինսկի եւ մի քանի ժամանակից յետոյ անցայ դէպի Բոքլը, որից իմացայ, որ ես սաստիկ կոսմոպոլիտ պիտի լինեմ, եւ հէնց այդ ժամանակներում վրայ հասաւ Լիուիսի ռուսական թարգմանութիւնը…»:
«Չմշկեանը թատրոն է մտնում արդէն կողմնորոշուած` շօշափելով իր մտքում կառուցուող աշխարհի հիմքերն ու սիւները: Ուսումնասիրել էր Բելինսկու թատերական գեղագիտութիւնը, Ջորջ Լիուիսի «Կեանքի եւ ոգու հարցերը», թերևս նաեւ նրա դերասանական արուեստի տեսութիւնը, Բոքլի աշխարհագրական դետերմինիզմն (որոշադրականութիւն) ու սոցիոլոգիան (ընկերաբանութիւն): Պաշտօնի ու աշխատանքի բերումով նա լաւ էր ուսումնասիրել հայ բնաշխարհի սոցիալ-էթնիկական միջավայրը: Դերասանի արուեստում Չմշկեանը ջանում էր գտնել անհատի սոցիալ-հոգեբանական եւ զգայական փորձը` ըստ Լիուիսի ինքնադարձ (ինտրոսպեկտիվ) հայեցողութեան մեթոդի, ելնելով ոչ թէ բեմական սովորութիւններից կամ ստեղծագործութեան պատրաստի ձեւերից, այլ բեմական ռէալիզմի (իրապաշտութեան) հիմնական սկզբունքից` դրութեան տիպականացում եւ անհատականացում: «Դերասանը,- գրում է Լիուիսը,- պէտք է տիպական լինի: Նրա արտայայտութիւնները պէտք է այնպիսին լինեն, որ ունենալով մեր մարդկային բնութեան համար համընդունելին ու ներյատուկը` միաժամանակ կրեն անձնաւորող բնաւորութեան անհատական դրոշմը...»:
Կազմաւորման այս ենթահողով՝ Գէորգ Չմշկեան իր թատերական գործունէութիւնը սկսած է 1863ին: 1864ին ստեղծած է հայկական առաջին թատերախումբը` Անկախ Դերասանական Ընկերութիւնը։ «Մշակ» թերթի (1872 թ.) եւ Թիֆլիսի Թատերական Ընկերութեան (1879ին քարտուղարն էր եւ դերասանախմբի բեմադրիչը) հիմնադիրներէն է։ Հայոց Դրամատիկական Ընկերության պատուոյ անդամ ընտրուած է 1908ին:
Գեղարուեստական իր աշխարհայեացքով՝ Չմշկեան հետեւած է ռուսական իրապաշտ թատրոնին՝ ամէն ջանք թափելով, որպէսզի գեղարուեստական բարձրարժէք խաղացանկ ստեղծելով՝ հայ թատերական ծառայեցնէ արդի հասարակական խնդիրներու արծարծման ու յաղթահարման: Իր արուեստով՝ Չմշկեան աշխատած է համադրել վիպապաշտական յոյզն ու իրական կեանքի արտացոլումը։ Հայ թատրոնին Չմշկեան ներարկած է Ուիլեըմ Շէյքսփիրի, Ժան Մոլիէրի, Ալեքսանդր Օստրովսկիի, Նիկոլայ Կոկոլի եւ Գ. Սունդուկեանի տարողութեամբ թատերագիրներու շունչը՝ բեմ հանած է արդիական թեմաներով թատերախաղեր։
1864-90ական թվականներուն, Չմշկեան իր շուրջ համախմբած է հայ թատրոնի լաւագոյն ուժերը: Չմշկեան եղած է յառաջապահներէն մէկը արեւելահայ եւ արեւմտահայ թատրոնների միջեւ սերտ կամրջումին։
Դերասանական տարբեր խումբերով՝ Չմշկեան շրջագայած է եւ ելոյթներ ունեցած Շուշի, Ալեքսանդրապոլ, Երեւան, Գորի, Բաքու եւ այլուր: Կոստանդնուպոլիսէն Պետրոս Ադամեանին և Սիրանոյշին հրաւիրած է իր թատերախումբը` զարկ տալով հայ դերասանական արուեստի զարգացումին:
Քննադատներու ընդհանուր վկայութեամբ՝ Գէորգ Չմշկեան եւ Գաբրիէլ Սունդուկեան, իրենց բազմամեայ ստեղծագործական համագործակցութեամբ, հայ թատրոնին մէջ հաստատեցին եւ բարձրունքի առաջնորդեցին իրապաշտական խաղաոճը: Չմշկեան հանդիսացաւ Պեպոյի (Գ. Սունդուկեանի «Պեպօ» գործին մէջ) առաջին եւ լաւագոյն դերակատարը՝ Թիֆլիսի թէ՛ հայկական եւ թէ՛ վրացական թատրոններուն մէջ:
Գ. Չմշկեան կատարած է թարգմանութիւններ (մօտ 20 թատերախաղ) եւ բեմադրած է Շէյքսփիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլօ» (Չմշկեան եղած է հայ բեմի վրայ առաջինը, որ խաղացած է Շայլոքի եւ Օթելլոյի դերերը), եւ «Թիմոն Աթենացի» գործերը, Վիկտոր Հիւկոյի «Անճելօ»ն եւ այլ գործեր: Ան կերպաւորած է աւելի քան 100 դեր.- Վարդան (Յակոբ Կարէնեանի «Վարդան Մամիկոնեան կամ Վարդանանց պատերազմ»), Օսեփ (Գ. Սունդուկեանի «Քանդած օջախ»), Փեթրուչչօ (Շէյքսփիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Դոն Ժուան (Մոլիէրի «Դոն Ժուան»), Կարլ Մոոր (Ֆրիդրիխ Շիլլերի «Աւազակներ») եւ այլն:
Գէորգ Չմշկեան գրած է «Իմ յիշատակարանը» (1953ին) ինքնակենսագրական գիրքը, թատերախաղեր՝ ինչպէս «Վարժուհի»ն, «Միթոմ ոչինչ»ը, «Երկու ընտանիքում» եւ ուրիշներ։ Ունի թատերական եւ հրապարակախօսական բազում յօդուածներ:
Հայ թատերական հանճարի փայլուն ճառագայթումներէն մէկը հանդիսացող Գէորգ Չմշկեան վախճանեցաւ 1915ի Յունուար 10ին, Սան Փեթերսպուրկ։
Ն.