Դեկտեմբեր 1ին, 112 տարի առաջ, Աղեքսանդրիոյ (Եգիպտոս) մէջ, 29 տարեկանին վախճանեցաւ հայ ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան պայքարին յեղափոխաշունչ դրօշակիրներէն Տիգրան Երկաթ։

Ոեւէ կուսակցութեան չէր պատկաներ Պոլիս          ծնած  եւ աւազանի անունով Կարապետ Պիլեզիկճի՝ հայ կաթողիկէ մկրտուած անձնուէր այս Յեղափոխականը, որ հազիւ երիտասարդ՝ Ֆրանսայէն ու Յունաստանէն մինչեւ Լիթուանիա եւ Եգիպտոս, Հայութիւնն ու Հայաստանը եւ մեր ազգային¬ազատագրութեան դատը սիրելի դարձուց ազատախոհ ու արդարամիտ աշխարհին։
Ինչպէս որ առիթով մը ինք գրած ու խոստովանած է՝ «Ամէն ոք պէտք է օգնէ յեղափոխականներուն։ Ես ոչ մի կուսակցութեան չեմ պատկանիր, բայց իմ չնչին լուման Դաշնակցութեան գանձանակը կը սիրէի ձգել»...
Անբուժելի թոքատապը մեր աշխարհէն վաղաժամ, այլ առյաւէտ հեռացուց Տիգրան Երկաթը, որ յեղափոխական իր անունը կազմած էր՝ հայ ժողովուրդի ազգային հզօրութեան խորհրդանիշ Մեծն Տիգրանի եւ Աշոտ Երկաթի անուններուն իւրայատուկ միաձուլումով։
Յուշատետրի վաղուան թիւով ըստ արժանւոյն կþանդրադառնանք Հայկական Ազատամարտի այս եզակի Դէմքի կեանքին, գործունէութեան եւ գաղափարական կտակին։ Բայց անմիջապէս հոս կþարժէ, իր մահուան 112րդ տարելիցին առիթով, ընթերցողի ուշադրութեան յանձնել լիթուացի հռչակաւոր արձակագիր Գաբրիելէ Պեատկեավիչայտէ-Բիտենի վկայութիւնը, որ լոյս տեսած է «Հայաստանի Զրուցակից» հայրենի թերթի կայքէջով.-

Ստորեւ ներկայացուող յօդուածի հեղինակը՝  ճանաչուած արձակագիր Գաբրիելէ Պեատկեավիչայտէ-Բիտեն (1861-1943 թթ.) անդրադարձել է ժամանակի հանրայայտ լրագրող, հրապարակախօս Կարապետ (Կարա) Պիլեզիկճի (Պիլեզիկճեան) կեանքին, գրական-հասարակական գործունէութեանը:  Պիլեզիկճեանը հայ ընթերցողին անյայտ անուն է: 19րդ դարավերջին երիտասարդ հրապարակախօսն ու մեծ հայրենասէրը հանրայայտ դէմք էր Եւրոպայում եւ Ասիայում: Ո՛ր երկիր էլ նա այցելէր, տեղի իշխանութիւնների համար մեծ պատիւ էր նրա հետ հանդիպելը: Բայց ոչ բոլորն էին արժանանում նրա ուշադրութեանը: Ցաւօք, մեծ հայրենասէրի մասին մեր ժողովուրդը գրեթէ ոչինչ չգիտի: Լիտուացի հանրայայտ գրողի յօդուածը, որ տպագրուել է 1902 թ. «Վարպաս» («Զանգր) հանդէսում, որոշակի տեղեկութիւններ է տալիս Պիլեզիկճեանի հարուստ ու ողբերգական կեանքի եւ գործունէութեան մասին: Ներկայացնում ենք յօդուածի սեղմ տարբերակը:
«Հայաստանի Զրուցակից»

Տիգրան Երկաթ. այս անունը մեզ՝  լիտուացիներիս միանգամայն անծանօթ է: Սակայն որքա՜ն  մօտ պէտք է լինէր, մօտ եւ պատուելի, ինչպէս իւրաքանչիւր ազնիւ անհատ, ով համարձակութիւն է ունենում իր ձայնը բարձրացնել այս աշխարհում տիրող անարդարութիւնների եւ անարգանքների դէմ:
1888թ. հայերը Կոստանդնուպոլսում եւ Թիֆլիսում հրատարակում էին 40 թերթ: Այդ ժամանակ ծաղկում է նրանց գրականութիւնը, ի յայտ են գալիս իրենց տառապեալ երկիրն իրապէս սիրող եւ իրենց գործունէութիւնն ու կեանքը հայրենիքի երջանկութեանը նուիրաբերող երիտասարդներ: Նրանց մէջ ամենապատուաւոր տեղը պատկանում է անցած տարի վախճանուած Տիգրան Երկաթին: Այդ նա էր, որ ողջ աշխարհին ծանօթացրեց Հայաստանի պատմութեանն ու գրականութեանը: Նա այն եզակիներից էր, որ նոյնիսկ ծանրագոյն դժբախտութիւնների ժամանակ չհրաժարուեց իր մայր հայրենիքն ազատ տեսնելու երազանքից:
Տիգրան Երկաթը ծնուել է Կոստանդնուպոլսում, հարուստ ընտանիքում: Չորս տարեկանում կորցնելով հօրը՝  նա յայտնուեց մօրական պապի տանը:
Առաջին գիտելիքները ձեռք բերեց հայոց լեզուով: Երբ լրացաւ նրա տաս տարին՝  մայրը որդուն տարաւ Ֆրանսիա, որտեղ էլ ուսումն աւարտեց՝  փորձելով հնարաւորինս լաւ իւրացնել օտար լեզուն:
Ուսման վերջին տարիներին հիմնականում զբաղւում էր փիլիսոփայութեամբ, սոցիոլոգիայով (ընկերաբանութեամբ) եւ քաղաքականութեամբ: Սիրեց Ռընանի գործերը, խորութեամբ ընկալեց Բեկոնին, Սպենսերին, Նովիկովին, Տենին, Ստենդալին:
Տիգրան Երկաթը նոր էր բոլորել տասնութ տարին, երբ ֆրանսիական թերթերում սկսեց յօդուածներ գրել հայերի եւ թուրքերի կեանքի մասին: Փարիզում գործող Միջազգային Ինստիտուտը 23ամեայ երիտասարդին հրաւիրում է դասախօսութիւնների:
Մահանում է նաեւ մայրը եւ այդ ժամանակ Տիգրան Երկաթը կորցնում է ապրուստի իր կարողութիւնը: Երիտասարդը, որ մեծացել էր ոսկեզօծ օրօրոցում, դաժանագոյն կարիքի մէջ է յայտնւում, ինչն էլ արագ քայքայում է նրա առողջութիւնը: Նիւթական ծանր վիճակի պատճառով պէտք է թողնէր Փարիզը, որտեղ յաջողւում էր աշխատել ի շահ հայրենիքի:
Կոստանդնուպոլսում նրան, որպէս յայտնի գրողի, բարեկամաբար են դիմաւորում թուրքերն ու քրիստոնեաները: Նա ոչ մեծ պաշտօն է ստանում քաղաքային վարչութիւնում եւ բացի դրանից՝  նաեւ թուրքական մի դպրոցում պատմութիւն է դասաւանդում:
Ապրելով Կոստանդնուպոլսում՝  նա ծանօթանում է թուրք գրողների, ուլեմների, դերվիշների հետ: Կարդում է Ղուրանը եւ հրաշալի յօդուածներ ուղարկում Ֆրանսիա՝  թուրքական եւ հայկական գրականութեան մասին (յետոյ՝ արգելուեց):
Հէնց այդ ժամանակ Փոքր Ասիայում հայերի ահաւոր կոտորածի մասին լուրը հասնում է Կոստանդնուպոլիս: Այդ իրադարձութիւններից խորապէս ազդուած, նա՝ «Իմ երկերը կը գործեն ականների պէս» խօսքերով տենդագին ձեռքն է վերցնում գրիչը՝  ընտրելով յայտնի կեղծանունը: Տիգրանը հին հայերի մի խիզախ թագաւորի անունն է:
Ֆրանսիական «Revue des Revues» թերթում 1896 թուականին կարդում ենք նրա հետեւեալ բառերը.
«Ես չեմ կասկածում, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կան անհատներ, ովքեր հա- մակրում են մեզ եւ կարեկից են մեր դժբախտու- թիւններին: Մենք նրանց չենք մոռանայ եւ, հաւանաբար, յանուն նրանց‘ ապագայում կը ներենք բոլորին, ովքեր արհամարհել են մեր ազգային ինքնագիտակցութիւնը եւ ում ոսկով են վճարել մեր արեան իւրաքանչիւր կաթիլի համար»:
1895 թ. աշնանը նորից հեղուեց հայերի արիւնը: Մի բուռ կտրիճներ որոշեցին խնդրանքով դիմել սուլթանին, որպէսզի նա կատարի 1877 թ. տուած խոստումները: Թուրքերը խնդրողներին պատասխանեցին ոչ թէ բառերով, այլ՝  սրով: Կոստանդնուպոլսում սկսուած կոտորածն աւելի ուշ տարածուեց նաեւ պետութեան միւս քաղաքներում:
Տիգրան Երկաթն այս անգամ սկսեց իր հայրենիքի ցաւերի մասին աշխարհին տեղեկացնել անգլիական «Times» թերթի միջոցով: Նաեւ գրում էր բոլոր դեսպաններին, ովքեր հիւրընկալւում էին Կոստանդնուպոլսում: Նա երազում էր մի մեկուսի անկիւնում հայրենի օջախ ստեղծելու մասին, որն ամէնքին կը ստիպէր համախմբուել յանուն վերածննդի:
Հոգ տանելով իր եղբայրների մասին‘ նա չէր դադարում ոգեշնչել նրանց.-
«Հաշուենք, եղբայրներ, մեր ազգային վերածննդի բոլոր փորձերը եւ հպարտօրէն ասենք. Հայաստանը, այնուամենայնիւ, յաղթել է»:
Տիգրան Երկաթը թէեւ քիչ է հիւրընկալւում Աթէնքում... այսուհանդերձ՝ այդ ժամանակ նրա գրչին պատկանող շատ յօդուածներ են լույս տեսնում: Ամենակարեւորներն էին՝  «Պայքար Կրետէի համար», «Պայքար Մակեդոնիայի համար», «Մեր օրերի յունական Արիստոֆանեսը», «Յունաստանի միլիոնատէրերը» եւ այլն:
Փարիզում նա կրկին հանդիպում է Կլարա Բարտոնին՝  Ամերիկեան Կարմիր Խաչի ընկերութեան նախագահին, ում հետ աւելի վաղ ծանօթացել էր Կոստանդնուպոլսում: Այդ բարձր բարոյականութեան եւ անսովոր խիզախութեան տէր կինը եկել էր օգնելու կոտորածից եւ կողոպուտներից յետոյ ողջ մնացած հայերին:
Տիգրան Երկաթը նիւթական դաժանագոյն կարիքի մէջ էր, ինչը ջանում էր թաքցնել օտարերկրացիներից: Բայցեւայնպէս, բելգիացի ուսանողների առջեւ նրա ելոյթն այնքան համոզիչ էր, որ անմիջապէս ոչ փոքր մի ջոկատ հաւաքուեց այն պատանիներից, ովքեր պատրաստ էին զէնքը ձեռքներին կռուել Հայաստանի ազատութեան համար:
Յոյն¬թուրքական պատերազմը նրան թոյլ չի տալիս աշխատել կամ մարտնչել ապստամբների շարքերում, նա, այնուամենայնիւ, գնում է Յունաստան՝  տեղում պայքարելու ընդհանուր թշնամու դէմ, թէկուզ բառերով, թէկուզ զրոյցներով ու կոչերով՝  ուղղուած մերթ ժողովրդին, մերթ՝  ղեկավարներին:
Գալով Յունաստան‘ անմիջապէս փորձեց  տեսնել կառավարութեան անդամներին: Յետոյ սկսեց եւրոպական տարբեր թերթերում տեղեկութիւններ հաղորդել յոյների վիճակի մասին: Դրա հետ մէկտեղ նրան թւում էր, որ եկել է հայերին արթնացնելու ժամը:
Դժբախտութիւնները չէին դադարում հետապնդել Տիգրան Երկաթին: Նա թոքերի բորբոքում ստացաւ, ուժերը հալւում էին օրէցօր, եւ նա համաձայնեց գնալ Եգիպտոս՝  եղբայրների մօտ: Մեկնումից անմիջապէս առաջ լուր ստացաւ, որ յունական թագաւորը մտադիր է իրեն այցելել: Նա նորին գերազանցութեանը խնդրեց իրեն այդ պատուին չարժանացնել, քանի որ հիւանդ է: Դա միայն միջոց էր‘ խուսափելու թագաւորական ողորմածութիւնից: Տիգրան Երկաթը վախենում էր, որ թագաւորի անձը կարող էր իր վրայ ուժգին տպաւորութիւն թողնել, իսկ ինքը պատրաստւում է քննադատել նրան: Շուտով լոյս տեսան նրա երկու յօդուածները՝  «Աթէնքի գերեզմանները» եւ «Ինչպէս խաբուեցին յոյները»: Այդ աշխատանքները ողջ աշխարհին մատնանշում էին յոյների պարտութեան իրական պատճառները: 1897 թուականի աշնանը Տիգրան Երկաթը լքեց Յունաստանը եւ մեկնեց Ալեքսանդրիա:
Աջ ձեռքն այլեւս չէր ենթարկւում, բայց նա չէր կորցնում ոգու զօրութիւնը եւ ահաւոր տանջանք- ների մէջ աշխատում էր՝  գրիչը ցած չդնելով ձախ ձեռքից: Մի օր եղբայրը նրա մօտ մի փոքրիկ տուփ տեսաւ եւ խլեց, քանի որ այնտեղ թոյն էր: Տիգրանը տխուր ասաց. «Հիմա կարող ես այն դէն նետել, ինձ արդէն պէտք չէ»:
Հիւանդն անսահման կարօտում էր հարազատ երկրին: Իմանալով այդ մասին՝  մայրը կարողացաւ սուլթանից Կոստանդնուպոլիս վերադառնալու թոյլտուութիւն կորզել: Բայց նա աւելի տխրեց. իւրաքանչիւր վայր յիշեցնում էր իր եղբայրների կոտո- րածի մասին: Փախաւ Պերա, բայց այստեղ զգաց, որ մերձաւորները վախից իրեն լքել են: Պերայից տեղափոխուեց Պրինկիպ կղզին, որը հեռու չէր Կոստանդնուպոլսից:
Պահպանուել է նրա նամակներից մէկը, գրուած եղբօրը՝  մահից առաջ. «Չճանաչելով ազգերի գոյութեան եւ զարգացման, իւրաքանչիւրի կեանքի պահպանման իրաւունքները, Եւրոպան մեզնից խլում է այն, ինչ տուել է ռումինացիներին, սերբերին, յոյներին, բուլղարացիներին. նա մեզ մերժում է նոյնիսկ այն իրաւունքների հարցում, որոնք պահպանում է Աֆրիկայի եւ Ասիայի անապատներում իշխելիս: Նա գտնում է, որ մեր պարտքն է մէջք ծռել օտար բարբարոս լծի տակ:  Հայե՜ր: Բարոյականութիւն չկայ: Ժողովուրդների միջեւ արդարութիւն չկայ: Ոտքի կþելնենք: Դաժան կռւում կը նուաճենք մեզ համար ընդունելի իրաւունքները կամ յանուն դրանց կը մեռնենք մեր երկրում, բոլորից յարգուած»:
Նա վախճանուեց 1899 թուականի Դեկտեմբերի 1ին: Ամբողջ աշխարհի թերթերը յիշատակեցին նրա անունը, ահա եւ մենք՝  լիտուացիներս, թէկուզ ուշացումով, նրա գերեզմանին այս փոքրիկ նուէրն ենք դնում: Եւ թող քո մասին յիշողութիւնները, ազատութեա՜ն հերոս, ապրեն հեռաւոր, թերեւս քեզ մի-անգամայն անյայտ ժողովրդի մէջ:

Ն.