Լինել ու զգալ...
Դա մի երգ է սերտ,
Որ արբունքիդ հետ յառնում է քո մէջ
Ու սրտիդ խորքում բորբանում անշէջ.
Որ հեքիաթներ է սնում հոգեթով.

Որ փայում է քեզ կոյսի ժպիտով,
Որ գիրկդ է ընկնում, սիրւտում քո հետ,
Հլու քո կամքին, տենչիդ դիւրամէտ,
Որ համբուրում է շուրթերդ տոչոր,
Կրքիդ պարգեւում յագուրդ ու անդորր.
Որ կամարում է մի հարկ քո գլխին
Ու մանկան ճիչով շահում քո հոգին։

Լինել ու զգալ...
Դա մի երգ է խեւ,
Որ սրտիդ ճեղքում որոմ է թաղում.
Որ պարզ հայեացքիդ արիւն է շաղում.
Որ մթարում է ուղփը ուղեղիդ,
Նաեւ բթացնում շեղբը դատումիդ.
Որ խզում է զիլ լարը քո երգի,
Տեղը քէն դնում ու ոխ անհոգի.
Որ ընկերոջդ սիրոյ փոխարէն
Դաւ է լարում քո ճամբին
ու քո դէմ,
Որ անագորոյն գարշանք
ու նողկանք
Խեղդեն քո հոգին
ու դնեն կապանք։

Լինել ու զգալ...
Դա մի երգ է հեստ,
Որ գրգռում է կրակ, արհաւիրք,
Որ այրի չարին ու կերտի բարիք.
Որ մղում է քեզ առ խռովք ըմբոստ,
Որ փրթում է ողջ արմատ, բուն, թէ ոստ.
Որ կանգնում ես դէմ հաստատուածութեան,
Որոտում երգը յեղափոխութեան,
Որ սասանում է քիշը վաղեմի,
Որ արարում է յոյսը գալիքի,
Որ խարխափում է,
որ կթոտում է,
Որ վիհի եզրին իրեն գտնում է։

Լինել ու զգալ...
Դա մի երգ է ճոխ,
Որ օրուայ շուրթին ժպիտ է բերում.
Որ կեանքին շունչ ու տրոփ է մէրում.
Որ ծորում է ցած անձրեւի շիթով.
Որ փոթորկում է ծովը ալիքով.
Որ հողին սերմ է նետում բեղմնաւոր.
Որ քամուն երգ է շնորհում խոլոր.
Որ ծաւալւում է, որ յորդանում է,
Որ հսկայ ժայթքով մէ՛կ բռնկւում է
Ու հուր է վառում արեւի վրայ,
Որ միջոցի մէջ ստուեր չմնայ։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Թեհրան