Տարիներ շարունակ Ատրպէյճանը զինւում է: Այսօր այդ երկրի միայն ռազմական պիւճէն աւելին է, քան՝ Հայաստանի եւ Արցախի պետական պիւճէները միասին վերցրած: Ատրպէյճանը կարողանում է մեծ քանակութիւններով զէնք եւ զինամթերք գնել, քանի որ նաւթ է արտահանում:
Աւելի՛ն. նախագահ Իլհամ Ալիեւը յոյս ունի, որ առաջիկայում նաւթի ու կազի վաճառքից երկիր այնքան գումարներ են մտնե- լու, որ դա հնարաւորութիւն է տալու Ատրպէյճանին «լուծել» արցախեան խնդիրը:
Անկասկած, Ատրպէյճանը վերջին տարիներին տնտեսապէս վերելք է ապրել: Համեմատութեան համար ասենք, որ Ատրպէյճանի պետական պիւտճէն արդէն գրեթէ տասն անգամ գերազանցում է Հայաստանի պիւտճէին: Բայց արդեօք Ատրպէյճանը ունի՞ հսկայական նաւթի ու կազի պաշարներ, ինչպէս պնդում են Պաքուի իշխանութիւններն ու Կասպիցի աւազանում շահեր հետապնդող պետութիւններն ու նաւթային ընկերութիւնները: Այս հարցի պատասխանը մի քանի օր առաջ իր դասախօսութեամբ տուեց նաւթի ու կազի ոլորտի ուսումնասիրութիւններով զբաղուող ֆրանսական «Petrostrate-gies» ընկերութեան տնօրէն Պետրոս Թերզեանը: Նա «Սիվիլնեթ» հեռուստաընկերութեան տաղաւարում դասախօսութիւն կարդաց «նաւթի եւ կազի գործօնը. Ատրպէյճան, Թուրքիա, Ուքրանիա» թեմայով:
Այսօր արդէն հաստատուած է, որ Կասպիցի աւազանում նաւթի պաշարները կազմում են համաշխարհային նաւթի ընդհանուր պաշարների 3 տոկոսը միայն: Անկասկած, 3 տոկոսն էլ մեծ թիւ կը լինէր, եթէ այն ամբողջութեամբ գտնուէր Կասպիցի ատրպէյճանական հատուածում: Իրականում, Կասպիցի նաւթի հիմնական պաշարները գտնւում են Ղազախստանի հատուածում: Ըստ Թերզեանի ներկայացրած տուեալների՝ Կասպիցի աւազանում յայտնաբերուել է 47 միլիառ տակառ (մէկ տակառը հաւասար է 160 լիթրի) նաւթ, որից 40 միլիառը Ղազախստանում, իսկ Ատրպէյճանում ընդամէնը 5 միլիառը: Ատրպէյճանի եւ արեւմտեան նաւթային ընկերութիւնների յոյսերը, որ Ատրպէյճանում կը յայտնաբերեն եւ կ՛արդիւնահանեն 100 միլիառ տակառ նաւթ, իրականութիւն չդարձաւ:
Կասպիցում նաեւ կազի պաշարներ կան, որոնք կազմում են համաշխարհային կազի ընդհանուր պաշարների միայն 6 տոկոսը: Այս 6 տոկոսն էլ փոքր թիւ չէ, սակայն Կասպիցի կազի պաշարները հիմնականում Թուրքմենստանի հատուածում են: Այսօրուայ տուեալներով՝ Կասպիցում յայտնաբերուել է 11.600 միլիառ խորանարդ մեթր կազ, որի առիւծի բաժինը գտնւում է Թուրքմենստանում՝ 8200 միլիառ խորանարդ մեթրը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 1900 միլիառ խորանարդ մեթր, երրորդում՝ Ատրպէյճանը՝ 1500 միլիառ խորանարդ մեթր:
Երբ Խորհրդային Միութիւնը փլուզուեց, արեւմտեան նաւթային ընկերութիւնները յայտարարում էին, թէ Կասպիցի աւազանը պէտք է դառնայ երկրորդ Պարսից ծոց, իսկ Ատրպէյճանը՝ Նոր Քուէյթ: Առաջին կանխատեսումների համաձայն, Կասպիցի աւազանի երեք երկրներում՝ Ատրպէյճան, Թուրքմենստան եւ Ղազախստան, նաւթի ընդհանուր պաշարները գնահատւում էին 200- 233 միլիառ տակառ: Այսօրուայ տուեալներով, այդ թիւը միայն 47 միլիառ է:
Ատրպէյճանի անկախութիւն ստանալուց յետոյ այդ երկրում նաւթի որեւէ խոշոր նոր պաշար չի յայտնաբերուել: Այն նաւթը, որ այսօր արտահանում է Ատրպէյճանը եւ նաւթատոլարներով զէնքի գնում, Խորհրդային Միութեան ժամանակներից մնացած նաւթն է: Ժամանակակից Ատրպէյճանում նաւթ արդիւնահանւում է սկսած 1850-60-ական թուականներից: Նախքան Խորհրդային Միութեան ժամանակաշրջանը, նաւթի արդիւնահանութեան մէջ կարեւորագոյն դերակատարութիւն են ունեցել նաեւ հայերը՝ Մանթաշովը, Արամեանցը, միւսները: Հէնց հայերն են կառուցել առաջին նաւթախողովակաշարը, որը Պաքուից հասնում էր Պաթում՝ Սեւ ծովի վրացական ափ: Ատրպէյճանի նաւթը բացառիկ կարեւորութիւն է ունեցել Խորհրդային Միութեան տարիներին, յատկապէս՝ Բ. Աշխարհամարտի շրջանում:
Երբ Ատրպէյճանը անկախացաւ, արեւմտեան նաւթային ընկերութիւնները սկսեցին որոնողական աշխատանքները: 15 տարբեր ընկերութիւններ ծախսեցին 1,2 միլիառ տոլար, սակայն Կասպիցի Ատրպէյճանի հատուածում չյայտնաբերեցին նաւթի որեւէ նոր պաշար: Նրանք ստիպուած էին արդիւնահանել Խորհրդային Միութեան ժամանակներից մնացած նաւթը: Նաւթի այդ պաշարները մնացել էին, քանի որ Խորհրդային Միութիւնը արհեստագիտութեամբ զարգացած չէր եւ ի զօրու չէր արդիւնահանել նաւթի այն պաշարները, որոնք ծովի խորքում էին: Արեւմտեան ընկերութիւնները դա կարող էին:
1994-ի Սեպտեմբերին Պաքւում կնքուեց այսպէս կոչուած՝ «Դարի պայմանագիրը»: Երեք տարի անց արեւմտեան նաւթային ընկերութիւնները շահագործման յանձնեցին Չըրաղ հանքավայրը, իսկ 1999-ին կառուցուեց եւ շահագործման յանձնուեց Պաքու-Սուփսա ոչ մեծ նաւթամուղը: Սուփսան Սեւ ծովի վրացական ափին գտնուող փոքր բնակավայր է: Խորհրդային տարիներին ատրպէյճանական նաւթը խողովակաշարով հոսում էր Նովոռոսիսկ, որը նոյնպէս Սեւ ծովի ափին է, սակայն՝ ռուսական հատուածում: Այսպիսով, Ատըրպէյճանը շրջանցեց Ռուսաստանը: 2006 թուականին շահագործման յանձնուեց Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարը, որով ատրպէյճանական նաւթը Վրաստանի տարածքով հասնում է Միջերկրականի թուրքական ափ, այնտեղից՝ միջազգային շուկայ: Ճէյհանը Կիլիկիայի յայտնի Տէօրթ Եոլի շրջանում է:
Արեւմտեան նաւթային ընկերութիւնները հետախուզական որոնումների ընթացքում նաւթի նոր պաշարներ չյայտնաբերեցին, սակայն փոխարէնը յայտնաբերեցին կազի երկու խոշոր հանքավայրեր Կասպիցի ատրպէյճանական հատուածում՝ Շահ Տենիզը եւ Ապշերոնը: Այսօր, երբ ատրպէյճանական նաւթի պաշարները սպառւում են, Պաքուի յոյսը կազն է: Համեմատած Ռուսաստանի եւ կազով հարուստ այլ երկրների հետ, Ատրպէյճանի կազային պաշարները չնչին են, սակայն չափազանց կարեւոր են Ատրպէյճանի տնտեսութեան համար:
Այսօրուայ դրութեամբ Ատրպէյճանում տարեկան արդիւնահանւում է 17 միլիառ խորանարդ մեթր կազ, որից 10 միլիառը սպառւում է երկրի ներքին շուկայում, իսկ 7 միլիառը արտահանւում է Պաքու-Թիֆլիսի-էրզրում կազատարով: Երբ շահագործման յանձնուի Թրանսանատոլիական նախագիծը՝ TANAP-ը, Ատրպէյճանը Թուրքիայի տարածքով Շահ Տենիզ հանքավայրից արդիւնահանուող կազը Թուրքիայի տարածով կը հասցնի եւրոպական շուկաներ: Ակնկալւում է, որ 2019 թուականից Ատրպէյճանը տարեկան Եւրոպա կը մատակարարի 10 միլիառ խորանարդ մեթր կազ: Եւրոպան տարեկան սպառում է 500 միլիառ խորանարդ մեթր, հիմնականում ռուսական կազ: Այսպիսով, ատրպէյճանական կազի բաժինը ընդհանուրի մէջ կը կազմի ընդամէնը 2 տոկոս: Սա, անկասկած, չնչին տոկոս է միջազգային չափումով, սակայն Ատըրպէյճանի տնտեսութեան համար ունենալու է կարեւորագոյն նշանակութիւն:
Այսպիսով, կարող ենք ամփոփելով ասել, որ միջազգային շուկայի համար ատրպէյճանական նաւթի եւ կազի պաշարները չունեն կարեւոր նշանակութիւն, սակայն Ատրպէյճանի տնտեսութեան համար դրա նշանակութիւնը կենսական է: Այսօր Ատրպէյճանի պիւտճէն հիմնականում ձեւաւորւում է նաւթի եւ կազի արտահանումից ստացուող եկամուտներով:
Ատրպէյճանից դուրս եկող խողովակաշարերը անցնում են Արցախեան հակամարտութեան գօտուն շատ մօտ տարածքով՝ Եւլախի կիրճով: Շատ վերլուծաբաններ համոզուած են, որ քանի դեռ Ատրպէյճանը նաւթ եւ կազ է արտահանում, պատերազմ չի սկսի Արցախի եւ Հայաստանի դէմ, քանի որ հայերը կարող են պայթեցնել խողովակաշարերը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ազդակ»