Երբ բարին հոգու բաղադրիչ է, մարդն ամենադժուարին իրավիճակում անգամ իր սփոփանքն ու ապրելու իմաստաւորումը գտնում է նրա միջոցով արարելու մէջ: Այդ ոգեդաշտն էր ներկայ Յովհաննէս Շարամբէեանի անուան մշակոյթի կենտրոնում բացուած ցուցահանդէսում, ուր ներկայացուած էին Նելլի Ահարոնովա-Աղաջանովայի ստեղծագործութիւնները: 

Բնանկարներ, նատիւրմորտներ, դիմանկարներ, գոլաժներ, որոնք քիմիկ-տեխնոլոգի, ՀՀ գիտութիւնների ակադեմիայի աշխատակցի, իսկ այժմ արդէն նաեւ մանկավարժի եւս մի շնորհի մասին են խօսւում, բացայայտում, բազմաշնորհ մի անհատականութեան մասին, ում ստեղծագործութիւնները բազմիցս ներկայացել են հասարակութեանը տարբեր ցուցահանդէսներում:
Երեւակայութեամբ ու վարպետութեամբ համակցուած աշխատանքներում ինքնուս նկարչուհու վրձինը տրամադրութիւնների մի համանուագ էր պատկերել իր կտաւներին, ուր անթարթ անցեալի կարօտների, գեղեցիկ յուշերի կողքին նոր ու լաւատեսական մի աշխարհ է պատկերուած: Կոլորիտային կոմպոզիցիոն աշխատանքներում ազգային ծէսի ու հաւատալիքների տօնականութիւնն ու խորհրդաւորութիւնը հետաքրքիր միջավայրի ընկալում էր ստեղծում՝ հարսանիքի ուրախ տեսարանն ու խոստովանութեան աղերսագին տեսարանը եկեղեցու գաւթում, իրարամերժ եզրերից միմեանց այնուամնեայնիւ ձգող երկու ազգային գիծ եւ տիպիկ՝կովկասեան հոգեդաշտ: Ծաղկային եռապատկեր կոմպոզիցիաներում, նատիւրմորտներում, դիմանկարներում եւ գոլաժային տարրեր կրող ստեղծագործութիւներում արտայայտուած էր գեղեցիկի ուժը, այն իրական աշխարհը, որը զերծ է չարից: Սիրոյ եւ ներդաշնակութեան ոգին, գունային հետաքրքիր համադրումների շնորհիւ փոխանցւում էր դիտողին: Էներգետիկ հրաշալի դաշտ, գեղեցիկի ու բարու ուղին բռնած մի արուեստասէր ստեղծագործող, ում բազմաժանր արտայայտչամիջոցները ստեղծագործական կեանքում յայտնի են նաեւ տարբեր լեզուներով թարգմանուած գրական դրսեւորումներով՝ բանաստեղծութիւնների, հեքիաթների, ալիգորեաների հեղինակային ձեւաւորմամբ եւ նկարազարդմամբ տպագրուած գրքերով, որոնց բովանդակութեանը քիչ թէ շատ ծանօթ ընթերցողը կարող է թափանցել հեղինակի ասելիքի խորքը, զգալ նրա հոգու ցաւն ու մտահոգութիւնը, նրա մաքրող, զտող եւ ուժ ներարկող պահանջ հրամայականը՝ լինել բարի, սիրել ու ամէն գնով հաթել ամենակուլ չարին, կեանքեր կործանող, երկնաուէր ուժերին, որոնք ապրում ու շնչում են մեր մէջ, մեր կողքին եւ սերունդ կրթել, սկսելով սեփական զաւակից…

«Երջանկութեան մոլորակը», ինչպէս նաեւ միւս գրքերը, որոնք հեղինակը նուիրել է իր որդուն, այդ ամէնի կրողն ու փոխանցողն են: Ստեղծագործութիւնների գլխաւոր հերոսներն ու յատկապէս Իոսիֆը՝ հեղինակի որդին, անընդհատ պայքարի մէջ են այլ ուժերի հետ, երկրի վրայ թէ երկնքում նրանք փորձում են կանխել այս հրաշալի մոլորակի կործանումն ուր ապրել են իրենք, ուր ապրում են մարդիկ, որոնց գիտակցական դարձը դէպի բարին անխուսափելի անհրաժեշտութիւն է: Հեքիաթներ, որ իրականութիւն են կրում, իրականութիւն, որ հեքիաթի ոգեղենութիւն ունի իր մէջ, ահա այն առանցքը, ուր ստեղծագործողի միտքն արարումի իր ասելիքն է ներկայացնում, կոլորիտային, գունեղ ու իմաստաւորուած կենսասիրութեամբ, որպէս անվերջանալի սիրոյ մի ուղերձ առ երկինք, առ մարդ արարծը, վերածնուող ու յաւերժօրէն կենդանի ոգին…

Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան