Սիրուշ Միրզոյեանը խաղաղութիւն է ուզում:
Եթէ խաղաղութիւն լինէր, նա կորցրած չէր լինի 21-ամեայ ամուսնուն՝ Լեւոն Պետրոսեանին:
Եթէ խաղաղութիւն լինէր, նրա եղբայրները չէին հեռանայ Ռուսաստան՝ աշխատանք գտնելու յոյսով:
Եթէ խաղաղութիւն լինէր, նա իր հնգամեայ դստերը՝ Ալվինային, սրտի դողով չէր տանի մանկապարտէզ:
Եթէ խաղաղութիւն լինէր, Ալվինան հայր կ՛ունենար:
Եթէ խաղաղութիւն լինէր, գուցէ Լեւոնը դստերը՝ Ալվինային, տանէր մանկապարտէզ, մանկապարտէզից տուն բերէր:
Մայիսի 5-ին ես այցելեցի Տաւուշի մարզի Բերդի (խորհրդային տարիներին կոչւում էր Շամշադին) ենթաշրջանի Չինարի գիւղ: Չինարին ոչ թէ հէնց սահմանի վրայ է, այլ ատրպէյճանցի դիպուկահարների ափի մէջ:
Սիրուշ Միրզոյեանին հանդիպեցի մանկապարտէզում: Եկել էր Ալվինային տուն տանելու:
Ալվինան ծնուել է հօր սպանութիւնից հինգ ամիս անց: Ատրպէյճանցի դիպուկահարի կրակոցից նրա հայրը սպաննուել է 2008-ի ամրանը: Ամուսնուն հողին յանձնելուց շաբաթներ յետոյ Սիրուշ Միրզոյեանը վերադարձել է հօրական տուն, իսկ ամիսներ անց՝ լոյս աշխարհ բերել Ալվինային:
«Ալվինան ի՞նչ գիտի հօր մասին», հարցրեցի Սիրուշին:
«Գաղափար անգամ չունի, որովհետեւ միայն անունն է լսել, չի տեսել, որ պատկերացում կազմի, թէ հայրն ինչ է: Ես էլ որ մէկ-մէկ հայրիկիս պապա եմ կանչում, ինքը ասում է‘ պապիկ ասա, պապա մի ասա: Չգիտի, թէ ի՛նչ է հայրը», դէմքի ափսոսախառն հայեացքով պատմում է երիտասարդ այրին:
Ապա մեզ մօտեցաւ Ալվինան: Նա կանգնեց մօր կողքին, ձեռքի թաթիկներով յետ տարաւ երկար-երկար մազերը եւ արտասանեց: Նա արտասանում էր աշխարհի խաղաղութեան մասին: Ինձ թւում էր, թէ աշխարհը շուռ է եկել իմ գլխին: Ես սարսափելի գլխապտոյտ ունեցայ: Ես կորցրել էի տարածութեան ու հաւասարակշռութեան զգացումը:
«Երկու քոյր ենք, երեք եղբայր: Եղբայրներիցս մէկը ամուսնացած է, ապրում է Վանաձորում: Միւս երկուսը նոր են մեկնել Ռուսաստան: Քոյրս ամուսնացած է: Ապրում ենք հօրական տանը՝ ես, Ալվինաս, հայրս եւ մայրս: Մեր ապրուստի միակ միջոցը հողագործութիւնն է, բայց թշնամին չի թողնում, որ գործ անենք: Այստեղ ապրուստի միջոց չկայ, որ կարողանաս աշխատել, քո երեխային պահել: Այդ պատճառով եղբայրներս մեկնեցին, որպէսզի կարողանան մի քիչ օգնել մեզ, բայց այնտեղ էլ աշխատանք չկայ: Հայրս էլ վերջերս առողջական խնդիրներ ունեցաւ, հիւանդացաւ: Անասուն էինք պահում, ծախեցինք, որովհետեւ չէինք կարողանում պահել, անընդհատ կրակոցներ են», պատմում է Սիրուշը:
Անվիճելիօրէն Չինարին հայ-ատրպէյճանական սահմանի ամենավտանգաւոր գիւղն է: Հակառակորդի տեսադաշտում են Չինարիի գրեթէ բոլոր տները, ճանապարհները, դպրոցը, մանկապարտէզը: Վերջերս Չինարիում՝ դէպի դպրոց, մանկապարտէզ եւ գերեզմանատուն տանող ճանապարհին «Focus on children» կազմակերպութեան նախաձեռնութեամբ տնկուեցին քանատական 300 բարդիներ: Այդ բարդիները տարիներ անց պէտք է մեծանան ու փակեն դիպուկահարի տեսադաշտը: Փառանձեմ Աղասեանը այս մանկապարտէզի տնօրէնն է արդէն 14 տարի:
«Մենք գտնւում ենք հէնց թշնամու տեսադաշտում: Մեզանից մինչեւ հակառակորդի դիրքեր մի քանի հարիւր մեթր է հեռու: Այսինքն, հիմա, երբ մենք զրուցում ենք, իրենք մեզ հեռադիտակով տեսնում են եւ ամէն վայրկեան կարող են կրակել: Կրակում են, երբ ուզում են: Ամէն անգամ կրակոցներին մենք ունենում ենք վնասներ՝ տանիքի վրայ, պատերին: Մենք ներսում ունենք ապահով սենեակ, ուժեղ կրակոցներին երեխաներին ներս ենք տանում, բարձր երաժշտութիւն ենք միացնում, հեքիաթ կարդում, երգել ենք տալիս, որպէսզի չլսեն կրակոցները: Բայց երեխաները արդէն գիտեն, որ գնում ենք այդ սենեակ, ուրեմն, ընկեր Փառանձեմ, արդէն կրակում են: Չեն վախենում, արդէն մենք սովորել ենք այս կեանքին», ասում է մանկապարտէզի տնօրէնը:
Դպրոցը նոյնպէս հակառակորդի ուղիղ նշանառութեան տակ է: Այս դպրոցը կրում է Վահրամ Սաղոյեանի անունը: Երբ Վահրամը սովորում էր այս դպրոցում, դեռ հայ-ատրպէյճանական բարեկամութիւնն էր քարոզւում՝ պետականօրէն: Վահրամը զոհուել է 1994-ին՝ ատրպէյճանցիների կրակոցից: 21 տարեկան էր: Վահրամը թաղուել է գիւղի նորակառոյց զբօսայգու տարածքում: Նրա տապանաքարի վրայ գրուած է. «Է՜հ, Վահօ՛, Վահօ՛»:
Գրետա Դալլաքեանը դպրոցի տնօրէնն է: Երբ նա մի քանի տարի առաջ դարձաւ տնօրէն, դպրոցում սովորում էր 130 աշակերտ, այսօր 117 է:
«Մեր գիւղի ամբողջ տարածքը թիրախի տակ է, քանի որ կարող են ինչպէս մեծ, այնպէս էլ փոքր տրամաչափի ցանկացած զէնքով, նաեւ դիպուկահարների կողմից վտանգի ենթարկել իւրաքանչիւրիս կեանքը: Մեր դպրոցը թիրախի տակ է: Ա՛յ, այս նստարանին նստած երեխան ուղիղ նայում է նրանց դիտակէտին: Եթէ առաջին կրակոցը ոչ մէկիս չի վնասում, ապա երկրորդ կրակոցի դէպքում արդէն պաշտպանւում ենք: Մենք երեխաներին տանում ենք միւս կողմը‘ կա՛մ երաժշտութիւն ենք միացնում, կա՛մ միջոցառում անցկացնում», պատմում է դպրոցի տնօրէնը:
Գրետա Դալլաքեանը կարծում է, որ դպրոցի պատուհանները, որոնք նայում են դէպի հակառակորդի դիրքեր, պէտք է փակուեն: Տնօրէնը մտածում է դասեր անել միայն այն սենեակներում, որոնց պատուհանները չեն նայում դէպի հակառակորդի դիրքերին:
Գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը ասում է, որ զինադադարից յետոյ խաղաղութիւնը դեռ չի եկել Չինարի: Պատերազմի տարիներին եւ զինադադարից յետոյ Չինարիում սպաննուել է 21 խաղաղ բնակիչ, 9 ազատամարտիկ, շուրջ չորս տասնեակը վիրաւորուել են, վնասուել է 137 տուն:
«Առայսօր թշնամին այնպիսի դիրքերում է, որոնք անմիջապէս հսկում եմ գիւղին եւ շէնքերին, ե՛ւ վարելահողերին, ե՛ւ ամբողջ տարածքի վրայ: Ատրպէյճանցիները նենգաբար միշտ էլ խախտում են հրադադարը: Ամէն տարի զոհեր ենք ունենում խաղաղ բնակիչներից, անասունների մասին էլ չեմ ասում: Մենք դեռ չգիտենք, թէ ի՛նչ է խաղաղութիւնը, մենք պատերազմի մէջ ենք, ամէն վայրկեան սպասում ենք, որ կը կրակեն: Շուրջ 700 հեկտար հողեր չեն մշակւում, ազրպէյճանցիները չեն թողնում, որ հողը մշակենք», ասում է գիւղապետը:
Չնայած կառավարութիւնը, անհատ բարերարներ ու կազմակերպութիւններ ուշադրութեան կենտրոնում են պահում Չինարին, օգնում են, սակայն կրակոցների վտանգը մարդկանց ստիպում է իրենց երեխաների ապագան փնտռել այլուր՝ Հայաստանի այլ քաղաքներում, Երեւանում, Ռուսաստանում:
«Երիտասարդութիւնը հեռանում է: Բնականաբար պէտք է պակասի ծնուող երեխաների քանակը: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ բաւականին նուազել է բնակչութեան քանակը», ցաւով պատմում է գիւղապետը:
«Բայց ես լաւատես եմ: Չորս որդի ունեմ, չորսն էլ Չինարիում են: Երկուսին ամուսնացրել եմ: Թոռնիկ ունեմ: Ես լաւատես եմ», ասում է գիւղապետը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ