Լուսնի կանթեղն է հանգչում երկնքում,
Ու մեղմ քամու հետ ճոճւում է բարդին,
Ամպերը տրտում արցունք ցանելով,
Թախիծ են սփռում հոգուս դաշտերին:
Ու այս մթութեան գորշ երանգներում,
Ես իմ վշտախոց սիտն եմ լուռ բացում,
Մի անկրկնելի, մի սուրբ զգացում,
Իմ երազների սիւներն է խախտում:
Կեանքի խենթ ու չար անապատներում,
Մարդիկ փորձում են ամէն ինչ պղծել,
Բանականութեան արնոտ ձեռքերով,
Ուզում բարու հաւատին տիրել:
Լոյս հոգիները իմ նախնիների,
Իմ հին պատմութեան կանթեղն են եղել,
Եւ այդ կանթեղը այրուող ու այրող,
Մխացող մորմոք, տրտունջ է դարձել:
Իմ տան տրորուած ճամբան պիտ գտնեմ,
Եւ պիտի ճախրեմ յոյսի լերկ ճամբով,
Անիրաւութեան անդաստաններում,
Պիտի պայքարեմ իմ արդար ճիգով:
Բարետեսութեամբ ներկուած արատի,
Հիմքն պիտ սասանեմ լոյսով իմ շռայլ,
Մտքով պիտ պեղեմ մասունք առ մասունք,
Մինչեւ երազիս ակունքին հասնեմ:
Այնժամ կը տեսնեմ երկար սպասուած,
Յոյսի նշխարը, լոյսը ճառագած,
Ու էլ չի լինի բախտն իմ անարեւ,
Չի՛ լինի երբեք՝ ո՛չ սուգ, ո՛չ հառաչ:
Աւիկ Դերենց
Պոսթըն