Գեղեցիկը ստեղծելու, ստեղծագործական նոր ասելիքով ներկայանալու փնտռտուքներով լի արարումի մէջ է երեւի, որ ծնուել են ոճերը… Կատարելութեան ճանապարհների իր փնտռումը երիտասարդ ստեղծագործողի համար մասնագիտութեան ընտրութեան որոշում չէր սոսկ, այլ, իր հոգու երակներում պահուած գոյնի կտակը արարումի վերածելու պատասխանատուութիւն եւ պահանջն էր, որ Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանի դիզայնի բաժնի ուսանողուհուն դեռ տանելու էր Գեղարուեստի ակադեմիա, փնտռելու իր եսի բացայայտումները:
Անուանի գեղանկարիչ մօրեղբօր՝ Էդուարդ Սասունի վրձնահարուածների շեշտերը որպէս «մաստեր կլաս» իւրացրած երիտասարդ նկարչուհու համար գեղեցիկի աշխարհը աւելի բիւրեղացած ու գաղտնիքներով լի մի անվերջութիւն է, ուր ասելիքի իր բաժինը այսօր զարդարուեստի վերածած երիտասարդ մոդելաւորող, նկարչուհի Լուսինէ Նիկողոսեանը ներկայանում է ինքնատիպութեան կնիքը կրող պերճանքի իրերի ստեղծմամբ: Նրա ամէն մի
ստեղծագործութիւն, որը վինտաժային ոճի աշխատանքներ են, մեծ մասամբ զարդեր են մէկ օրինակից: Ձեռագիր կրող այս աշխատանքները առաջին հայեացքից իսկ դասական արւեստի կնիքը կրող գեղեցիկ դետալներ են յիշեցնում, որոնք կրելն ու ունենալը առօրեայում անգամ ՝ինչ որ չափով անդրադառնում են անձի ներաշխարհի վրայ. սկսում ես աւելի նկատել գեղեցիկը, թաքնուած, մինչ այդ պահը չընկալւած, չնկատուած… Լուսինէի աշխատանքների հմայքն ու գրաւչութիւնը այն դասկանութեան շնչի պահպանումի մէջ է, որը նա զարմանալի ու միայն իր մտքին հասանելի ֆանտաստիկութեան եզրերից է նիւթականացնում ու կեանքի կոչում, մետաղների, քարերի, տարբեր իրերի մասնատուած մասնիկների միմեանց հետ ճիշդ
համադրութեան շնորհիւ: Իւրայատուկ են յատկապէս նրա գդալէ պանակեները, բնաւորութեամբ եւ խառնուածքով միմեանցից խիստ տարբեր, գեղեցկութեամբ խիստ իւրայատուկ, արծաթեայ, ոսկեջուր գդալներ, որոնք առօրեայ կենցաղից վերածւում են աչքի զարնող զարդի, դասականի, աւանգարդի միաձուլումով, որն էլ վինտաժ ոճի իւրայատկութիւններից է:
«Ամէն ինչ սկսուեց բոյսերով աշխատանքներից, երբ ստեղծագործելու պահանջը եւ մտքիս անդադար որոնումները գեղեցիկն աւելի նրբագեղ ու անակնկալի բերող դարձնելու մէջ կանգ առաւ ամենակատարեալի՝ բնութեան վրայ: Առաջինը տեռակոտա կոչուող սունկն էր, որ զարդի վերածեցի: Այնուհետեւ ծաղկի կաղապարներ, ցորենի հասկեր, մամուռներ, թռչունների փետուրներ եւ այլ բնութեան ստեղծած բնանիւթեր, որոնք մատանու, կրծքազարդի, պանակէի, ականջօղերի ու թեւնոցների, գեղեցիկ հովհարների վերածուեցին: Շատ պատահաբար էր անցումը գդալներով աշխատանքներին: Մօրեղբօրս կինը գիւղ ուղարկելու համար առանձնացրած արծաթաջուր գդալները ինձ ցոյց տուեց եւ ասաց, որ գուցէ մի օր օգտագործեմ իմ աշխատանքների մէջ: Բաւականին ժամանակ անց միայն անդրադարձայ դրանց, երեւի ժամանակի ընթացքում նրանք աւելի հասունացան ու տեսանելի պատկերուեցին ինձ համար թէ ինչ պիտի դառնան եւ արդիւնքում այս կախազարդերը» - համեստօրէն ասում է Լուսինէն, ում համար գեղեցիկը ամենուր է, արարչաստեղծ կեանքի մէջ եւ մարդկային հոգու բիւրեղացած որակներն են, որ կարողանում են այն տեսնել ու դարձնել աւելի շօշափելի շրջապատի համար եւս… Դասականը, յաւերժական այն ուղղութիւնը ամէն ինչում՝ ինչը կարող է ոգի հաղորդել, զտել, մաքրել ու ազնուացնել, ահա երիտասարդ ստեղծագործողի արարումի հիմնական առանցքն ու ոգեշնչման աղբիւրը:
«Ստեղծագործելն ինձ համար հոգու պահանջ է, ապրելակերպ, առանց որի անհնար կը լինի … Ոչ մի բանի իմիջայլոց մօտենալ պէտք չէ, չէ որ դու քո մի մասնիկն ես դնում ստեղծագործութեանդ մէջ, ինձ համար դա շատ կարեւոր է, ամէն օր կէս սանտիմ մօտենալ կատարելութեան ճանապարհին, այն հսկայական երեւոյթին, որին միայն ձգտելն արդէն փոխում է մարդու էութիւնը, նրան դարձնում է աւելի իմաստուն, աւելի ազնիւ ու խոհեմ» - կեանքի ու ստեղծագործութեան իր ընկալումներն է համաձուլում երիտասարդ նկարչուհին, ում համար աշխատասիրութիւնը՝ անյաջողութիւնները, կեանքի դժուարութիւնները յաղթահարելու միակ ճանապարհն է, որը անպայման կարող է հարուստ պտուղներ տալ…
Արծաթապատ գդալները, պատառաքաղները, հին կողպեքներ, ժամացոյցներ, ամենատարբեր, հաւանական ու ոչ հաւանական իրեր, որոնք անգամ դուրս են գործածութիւնից եւ թւում է թէ սպառել են իրենց առաքելութիւնը մարդկային կենցաղում եւ նոր շունչ են ստանում նրա նուրբ ձեռքերում եւ իւրօրինակ շքեղութեամբ, ոճային ընդգծուած առանձնայատկութեամբ, հմայքի զգայականութեամբ լցնում այն տարածքը, որը միչ այդ անյայտ էր… Այսօր Լուսինէն գտել է իր խօսքն ասելու տարածքը, որը համբերատար ու անխոնջ աշխատանքով է ստեղծուել, գտել է իր ինքնատիպութիւնը, հասել ասելիքվ ու դետալային շտրիխով տարբերուելու եւ ճանաչուելու կայացմանը, ինչը այնքան էլ դիւրին չէ…
Վինտաժ ոճը որի մէջ սկսեց ստեղծագործել նա՝ բաւականին յայտնի է այսօր աշխարհում եւ կիրառելի կեանքում: Այս ոճը բաւականին զարգացում է ապրում այսօր յայտնուելով արուեստի լայն շրջանակների մէջ, երաժշտութիւնից մինչ ճարտարապետութիւն, տեքստիլ արուեստից մինչ կիրառական, ամենուր բերելով ժամանակների համադրումից ստացուած հնի ու աւանգարդի երկխօսութիւնը ներկայի մէջ: Թերեւս միայն այն, որ Լուսինէի ստեղծած զարդերն ու պէրճանքի պարագաները կրում են գեղանկարչական մօտեցում, իրենց ձեւի ճկունութեան, գունահամադրումի եւ թողած տպաւորութեամբ՝ ինչը կարելի է ստանալ գեղարուեստի յայտնի անունների կտաւների առաջ կանգնելիս, կամ դասական ստեղծագործութեան էջերը թերթելիս … Նրանցից իւրաքանչիւրը ասելիք ունի, իւրաքանչիւրը կրում է իր մէջ նկարչուհուն, նրա մտապատկերային ասելիքը, որը մոտելաւորող - ձեւաւորողի նրբաճաշակ մատուցման մէջ դառնում է ամբողջական ու ներկայանալի:
Իր միւս մասնագիտութեան՝ գեղանկարչութեան մասին խօսելիս անգամ Լուսինէի աչքերը փայլում են առանձնայատուկ ոգեւորութեամբ ու յուզմունքից շառագունած նրա դէմքն անգամ փոխանցում է երիտասարդ նկարչուհու ապրումները, ում համար կտաւի առաջ կանգնելը ինքնանուիրում է, պատասխանատուութեան գերագոյն զգացում ու արարման մի այլ եզր՝ ուր պիտի լիարժէք քայլ անել:
«Արուեստը բարձր հասկացողութիւն է…Երեխայի ծննդի հետ կարող եմ համեմատել այն, որը պահանջում է անսահման սէր ու նուիրում: Կտաւի առաջ ես ինքնամոռացում է սկսւում, դա շատ բան է պահանջում… Գոյնը… նրա տարածութիւնը, ասելիքը, այն ամէնը ինչը հնարաւոր է փոխանցել լռութեամբ… Ինձ համար անփոխարինելի է վերածննդի մեծերի ստեղծած արուեստը, զարմանալի, անբացատրելի, լի հազարաւոր գաղտնիքներով, որոնք ստիպում են հիանալ եւ ապշել միաժամանակ, նրան առաջ եւ հզօրանում ես եւ թուլանում, կատարելութեան չափանիշային արարչագործութեան առաջ… այդ ամէնի հետ մէկտեղ ես փնտրում եմ… փնտռում եմ այն մեծագոյն գաղտնիքը, որ կայ մեծերի ստեղծագործութիւններում, ես փընտռում եմ այն ոգին, այն ուժը, որը կարող է ստեղծել նման գլուխգործոցներ… Հիմա ժամանակաւոր դադար է նկարչութեանս մէջ գործնական առումով, ես այն նուիրել եմ փոքրիկիս՝ Նարէի խնամքին, իմ սիրելի դստեր դաստիարակութեանը, նրա մէջ գեղեցիկ հոգով եւ էութեամբ էակին կրթելու պատասխանատուութեանս, որ կարծում եմ իւրաքանչիւր ծնող պիտի ունենայ իր զաւակի հանդէպ: Նա ընդամէնը չորս տարեկան է, բայց զարմանալիօրէն զգայուն ընկալում է նրբագեղը, ինչը ինձ անսահման ուրախացնում եւ ոգեւորում է…» - իր մտորումներով կիսւում է Լուսինէ Նիկողոսեանը, ում ներսում ապրող նուիրական զգացումներին համընթաց է գոյնը, մտքում ապրող ու ամէն պահ ստեղծագործող ու փնտռող նկարչուհին, ում մենք դեռ կը տեսնենք ու կառնչուենք եւս մի նոր ու թարմութեամբ լեցուն, բայց, դասականի իր անբաժանելի մատնակնիքը կրող ասելիք ¬ բացայայտումով՝ ի վերուստ օժտուած արարման հրաշքով…
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Արմինէ Մելիք- Իսրայէլեան
արուեստաբան
յատուկ «Ազատ Օր»-ի համար, Երեւան-Աթէնք