Յունուարի 19-ի լոյս 20-ի գիշերը հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբի գաղտագողի յարձակումը յետ մղած ստորաբաժանման մարտական դիրքեր տանող խրամուղին հատելիս առաջնորդող սպաները պատմում էին մարտական գործողութեան տարբեր մանրամասնութիւնների մասին:

Մարտական հերթապահութիւն տանող զինուորական ծառայողների դէմքերին հպարտութեան ու արժանապատուութեան արտայայտութիւն տեսանք, նրանց աչքերում նշմարեցինք հայ զինուորին բնորոշ ոգու արիութիւն:
Նրանց առոյգ պատասխաններից դրական տպաւորութիւնն այլեւս կասկած չի թողնում հայրենիքի պաշտպանների մարտական ոգու եւ հնարաւորութիւնների վերաբերեալ, մանաւանդ՝ նախօրէին դիրքերից մէկում հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբին արժանի հակահարուած տալու համայնապատկերի վրայ:
Մինչեւ դիրքեր հասնելը, ճանապարհին, դէպքը հետաքննող սպաները մտքեր էին փոխանակում՝ անդրադառնալով դասակի հրամանատարի, աչքի ընկած առանձին զինուորական ծառայողների գործողութիւններին: Հիմա արդէն տեղում այդ պատմութիւններն առարկայանում են, իւրաքանչիւր դիրքապահ, հակառակորդի խափանարարական-հետախուզական խմբին հակահարուած հասցրած զինուորական ծառայող, պատմում է իր արածի ու տեսածի մասին: Ափսոս, որ նոյնն անել չի կարող կրտսեր տասնապետ Արմէն Յովհաննիսեանը, որը լսել էր հակառակորդի՝ խլացուցիչով զէնքից արձակուած գնդակի սուլոցը եւ անմիջապէս զեկուցել դասակի հրամանատար Սարգիս Թանանեանին: Սակայն, աւելի ուշ, երբ իր զինակից ընկերները շրջանաձեւ պաշտպանութիւն էին բռնել, կրտսեր տասնապետ Ա. Յովհաննիսեանը զոհուեց՝ ապացուցելով, որ ներկայ սերունդը եւս պատրաստ է արեան գնով պաշտպանելու հայրենիքը:
Ինչպէս ցոյց տուեց դէպքերի ընթացքը, դասակի հրամանատարը ճիշդ որոշում էր կայացրել՝ հրամայելով շրջանաձեւ պաշտպանութիւն բռնել եւ հուժկու կրակով դիմաւորել թշնամուն: Անձամբ աւագ տեղակալ Ս. Թանանեանը ձեռքի նռնակներ է նետել հակառակորդի ուղղութեամբ եւ նկատել նրա շարքերում ծայր առած իրարանցումը: Իսկ գնդացրորդներ, շարքայիններ Արսէն Յովհաննիսեանը եւ Էդիկ Դադամեանը մէկ այլ ուղղութեամբ անհրաժեշտ կրակային պատնէշ են ստեղծել հակառակորդի առաջխաղացման դէմ: Արիաբար են գործել նաեւ նռնակաձիգ, շարքային Մխիթար Վարդանեանը, շարքայիններ Նորայր Մկրտչեանը եւ Սասուն Յակոբեանը: Նրանք, իրաւամբ, հաւատարիմ են մնացել իրենց զինուորական երդմանը եւ չեն ընկրկել թուաքանակով ու սպառազինութեամբ գերակշռող ուժերով ու գաղտագողի յարձակուած թշնամու առաջ:
Ուշագրաւ էր նաեւ, որ հերոսութիւն կատարած զինուորական ծառայողներն աւելի շատ ու հաճոյքով պատմում էին զինակից ընկերների գործողութիւնների, արիասիրտ պահուածքի մասին: Դասակի հրամա- նատարը բազմիցս նշեց, որ գնդացրորդ Արսէն Յովհաննիսեանն այդ օրը մեծ գործ է կատարել՝ հակառակորդին փախուստի մատնելու եւ կրակային հետապնդում իրականացնելու համար: Շարքային Է. Դադամեանը, նռնակաձիգ Մ. Վարդանեանը, շարքայիններ Ս. Յակոբեանը եւ Ն. Մկրտչեանը հիացմունքով են պատմում մէկը միւսի մասին, գնահատում զինակից ընկերների՝ ստեղծուած իրավիճակից ելք գտնելու վճռակամութիւնը, հակառակորդին յետ շպրտելու համատեղ ջանքերը, հայրենիքի սահմանները պաշտպանելու անկոտրում կամքը եւ այդ ծայրայեղ պայմաններում հանդէս բերած կամային որակները: Բոլորն էլ գիտակցում են, որ իրենց հմուտ ու կազմակերպուած գործողութիւններով ոչ միայն խափանել են հակառակորդի հերթական լկտի սադրանքը, այլեւ ցոյց են տուել, որ հայ զինուորը հայրենիքի սահմանները պաշտպանում է վստահաբար, աչալրջօրէն ու երբեւէ թոյլ չի տայ, որ թշնամու ոտքը պղծի մեր սուրբ հողը… Այն սրբացաւ կրկնակի, քանզի աւագների արեանը խառնուեց մերօրեայ ժամկէտային զինուորական ծառայողի արիւնը: Դէպքերի մասնակիցների վկայութեամբ, թշնամին բազմակի կորուստներ է ունեցել: Հակառակորդի առաջնագծի սպաների ռատիոխօսակցութիւններն են լսուել, որտեղ նրանք տրտնջում էին, թէ Պաքուից յատուկ նշանակման խումբ է եկել, ապարդիւն խառնաշփոթ գցել եւ ամօթահար հեռացել, հիմա վրէժի ցասումն իրենց գլխին է թափուելու…
Դիրքում նախօրէի մարտերի հետքերը տեսանելի էին: Նռնականետից, գնդացիրներից ու ինքնաձիգներից բուռն կրակոցները խրամատների եւ դիրքի սպասարկման շինութիւնների պատերին բազմաթիւ հետքեր են թողել… Դիրքային մարտերն այս եւ հարեւան խրամատների ուղղութեամբ շարունակուել են երկար, մինչեւ խափանարար-հետախուզական խմբի ճողոպրելը: Տղաներն ասում են, որ ոսոխը արժանի պատիժ կրեց ու դաս ստացաւ: Իսկ դիրքապահ տղաներն էլ, փաստօրէն, մարտական մկրտութիւն ստացան: Այսուհետ նրանք աւելի հմտօրէն ու ներդաշնակ են գործելու, որպէսզի հակառակորդի ոչ մի խափանարար ծլկելու հնարաւորութիւն չունենայ:
Նորից ու նորից լսում եմ գործողութեան մասնակից սպայի ու զինուորների ձայնագրութիւնները, իմ աչքի առաջ ամբողջանում է Յունուարի 19-ի լոյս 20-ի մարտագործողութեան պատկերը, երբ ժամկէտային զինուորական ծառայողները դասակի հրամանատարի գլխաւորութեամբ չեն կորցրել ոգու արիութիւնը եւ կատարել են իրենց պարտականութիւնները, իսկ կրտսեր տասնապետ Արմէն Յովհաննիսեանը՝ նաեւ իր արեան գնով, պաշտպանել հայրենիքի սահմանը, փաստելով, որ մեր ազատագրական պայքարի հերոսների ու նահատակների ազգանուէր գործի արժանի հետեւորդներն ու շարունակողներն են…

ՄՀԵՐ ԱՀԵԱՆ
«Ազատ Արցախ»