Չսկսուած օրուայ ծոյլ լռութիւնը ճաքում է շէնքի մուտքից տունս ներխուժած աղմուկ-բղաւոցից: Լարում եմ լսողութիւնս ու երկրորդ վայրկեանին հասկանում, որ վերի յարկի միջանցքում կռիւ, հրմշտոց է: «Ես կազը չեմ վառել, չգիտեմ… ազնիւ խօսք, շորերով եմ քնել, չգիտեմ… ամօթ ա, խայտառակ եղանք… ինչ տուել էք, էն եմ կերել… սառնարանը չեմ բացել… պապ, սուս…, խայտառակ եղանք… ձենդ, սուս…»:
Ձայների պատառիկներն աւելի են ուժգնանում, ու, երբ արդէն ճիչ-հրմշտոցն ու լացը սղոցում են ուղեղս, բացում եմ դուռն ու անմիջապէս էլ ներս է նետւում այլայլուած դէմքով, լացակումած մի կին: Վերի հարեւանուհին է, մտածում եմ ես, ու առաջարկում նստել, հանգստանալ: Հրաժարւում է նստել ու հայեացքով հեռախօսն է փնտռում. «Մի հատ շտապօգնութիւն զանգեմ» անկառավարելի հեկեկոցով խնդրում է կինն ու նետւում խօսափողին:
Բաց դռնից տուն է խուժում մի ուրիշ կնոջ ձայն. «Շուտ արա, հէրդ կորցրել ա գիտակցութիւնը»: Միջանցքում քար լռութիւն է, մի քանի րոպէից շէնքին մօտեցած շտապօգնութեան բժիշկներին ուղեկցում եմ վերի յարկ, յետոյ փակում տանս դուռն ու ինձ դուրս նետում չարագուշակ լռութեան մէջ թաղուած, մայրաքաղաքի կենտրոնում գտնուող իմ բնակարանից:
Վատ օր է լինելու՝ մտածում եմ ես ու փորձում առաւօտուայ սթափեցնող, սառը օդի մէջ մաքրել, դասաւորել միտքս ու ազատուել հայեացքիս վրայ ծանրօրէն իջած պատկերից:
Չի յաջողւում. քայլելու յատուկ հմտութիւն պահանջող, անյուսօրէն տգեղ, սառցակալած Հիւսիսային պողոտան անցնում եմ առանց ոտքերիս տակ նայելու՝ մտքիս մէջ ու հայեացքիս առջեւ քարացել ու կախուել է առաւօտուայ պատկերն, ու այն աւելի է թանձրանում անցած շաբաթուայ ընթացքում կազի ու ելեկտրականութեան հերթերում հանդիպած, անելից շուարած մարդկանց դէմքերով: Քանի՜ քանի՛ ընտանիքների փակ դռների ու մգլած, երջանկութեան հոտը չառած պատերի հետեւում է ապրւում այս ողբերգութիւնը՝ մեծ մասը հայօրէն լուռ, աղքատութիւնն իբրեւ ճակատագիր փաստած խոնարհի հաշտուածութեամբ:
Իսկ ցաւին շնականօրէն անտարբեր, բայց դաւին մասնակից յայտնի կուշտերը խնայողութեան կոչ են անում: Չէ՛, չի կարող ճիշդը լռելը լինել, չի կարող. խմբագրում եմ ինքս ինձ…
2013-ի վերջին օրերը շունչս պահած էի ապրում՝ տաղտկալի հաշուապահի պէս գրանցելով անցնող ամէն մի վայրկեանը. մահը շատ անխնայ էր մօտեցել մեզ, վախենալու չափ շատ…
Ես վախենում եմ նաեւ լրահոսից, մահը նաեւ այնտեղ է, մենք ենք այնտեղ՝ շնական, տգէտ, էժան, գուժկան, անսէր ու դաւադիր:
Ու, միեւնոյն է, թմրամոլի կախուածութեամբ, բացում եմ լրահոսը:
«Մարդիկ յաճախ վախենում են մեռնելուց… Նման յիմարները չեն հասկացել, որ ապրելն աւելի դժուար է…»: Սրանք նոյն օրը Վաղարշապատի հիւանդանոցում դեռ եւս անյայտ պատճառներով մահացած, ընդամէնը մէկ շաբաթ առաջ զօրակոչուած տասնութամեայ Էդիկ Շահնազարեանի խօսքերն են:
Քարանում եմ, փոքրանում. ճզմուած միտքս ու սիրտս սահմանին կանգնած զինուորիս է փնտռում:
Ի՜նչ անվրէպ ու ժամանակից շուտ է հասկացել տասնութամեայ զինուորը՝ ապրելն աւելի դժուար է…, մեր հողի վրայ ապրելն ամէն օր աւելի ու աւելի դժուար ու ծանր է դառնում:
Իսկ հողը մեղաւոր չի, մեղաւոր չի, որ ծանրացրել ենք մեր մեղքերից, դառնացրել մեր չմարդութեամբ: Հողը մեղաւոր չի, որ իր ու մեր ճակատագիրը տնօրինում են մեղքերի մէջ թաղուածները, սահման չտեսած ու զէնք չբռնած ստահակները, հրացանի փող չմաքրած, բայց Նժդեհից ու Դրոյից մէջբերումներով ու նրանց մետալներով կենսագրութիւնները զարդարածները: Հողը հաստատ մեղաւոր չէ, մենք ենք մեղաւոր. երկար, շատ երկար ենք հանդուրժում ապրելու մեզ պարտադրած նրանց բանաձեւը:
Ու ինձ գնալով աւելի ու աւելի դժուար է դառնում սահմանին կանգնած զինուորի «Որ մտածում եմ, թէ ում համար եմ սահմանը պահում» խոստովանութեանը հակադարձելը: Հող, հայրենիք, տէր, արմատ, ինքնութիւն, տեսակ, գոյ. այս բառերով ցանկացած կապակցութիւն կամ միտք մեր ժանգոտ ու մերկ իրականութեան մէջ այլեւս հռետորաբանութիւն է, ցպահանջ բառախաղ:
Ո՛չ սառը, սթափեցնող օդի, ո՛չ էլ ինքնախօս մենակութեան մէջ չի յաջողւում մաքրել, դասաւորել մտքերս, ազատուել հայեացքիս վրայ ծանրօրէն իջած օրուայ բեռից:
«Յունուարի 19-ի լոյս 20-ի գիշերը ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին հակառակորդի խափանարար խմբերի յարձակման ժամանակ փոխհրաձգութեան պատճառով զոհուել է 1994թ. ծնուած կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանը՝ ծնողների միակ արու զաւակը». դեղագործի զգուշաւորութեամբ գուժում է լրահոսը:
Ու դարձեալ մահը շատ անխնայ է մօտեցել մեզ. վախենալու չափ շատ… ու մահուան աչքերի մէջ անթարթ նայելով աննահանջ է եղել քսանամեայ սիրուն զինուորս: Ինձ ու, երեւի ոչ մէկին, չի մխիթարում յետմահու շնորհուած «Արիութեան համար» մետալը: Ինձ չի մխիթարում նաեւ ազրպէյճանցի, երեւի էլի քսանամեայ, ընկած զինուորի լուսանկարը: Մահը կեանքն արժեւորելու ակնթարթ է սոսկ:
Մեր ժանգոտ ու մերկ իրականութեան մէջ բառերն այլեւս հռետորաբանութիւն են: «Զինուոր ջան…» միակ հնարաւոր բառով մղկտում է սիրտս: Գիտեմ, որ սուրացող գնդակի արագութեամբ հողի, հայրենիքի ու տէր լինելու մասին ես մտածել: Իսկ մենք՝ մեղաւոր ապրողներս, պատասխան ենք տալու մեր բաժին հողին, մեր բաժին հայրենիքին մեր բաժին տիրութիւնը չանելու համար:
Ու, Աստուած չանի, որ մեր մեղքերից ծանրացած հողը մի օր նահանջի մեր ոտքերի տակից:
Իսկ հողը հաստատ մեղաւոր չէ, մենք ենք մեղաւոր. երկար, շատ երկար ենք հանդուրժում ապրելու մեզ պարտադրած նրանց բանաձեւը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ