Հայաստանի ներքաղաքական որեւէ գործընթաց աւելի լաւ հասկանալու եւ հետեւութիւններ անելու համար «ախտորոշիչ» միջոցներից մէկը կարող է լինել ոչ վաղ անցեալի մեր իսկ պատմութիւնը:
1988-ին՝ արցախեան շարժման կամ ինչպէս ընդունուած է նաեւ ասել համահայկական յեղափոխութեան առաջին օրերին եւ ամիսներին Խորհրդային Հայաստանի ժողովրդայնութիւն վայելող եւ, ինչո՞ւ չէ, սիրուած առաջնորդ Կարէն Դեմիրճեանը, տասնեակ հազարաւոր մարդկանց սուլոցների տարափի տակ հեռացաւ քաղաքականութիւնից: Ճիշդ է, Դեմիրճեանին զբաղեցրած պաշտօնից հեռացրեց Մոսկուան, տուեալ դէպքում՝ Խորհրդային Միութեան առաջնորդ Միխայիլ Կորպաչովը, սակայն յեղափոխական եւ ազգային վերածնունդ ապրող հայ ժողովուրդը եւս անընդունելի էր համարում Դեմիրճեանի հետագայ պաշտօնավարութիւնը:
Ուղիղ տասը տարի անց՝ 1998-ի գարնանը, նոյն Կարէն Դեմիրճեանը քաղաքականութիւն վերադարձաւ ծափողջիւնների ներքոյ: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրաժարականից յետոյ հէնց Դեմիրճեանն էր, ով նախագահական արտահերթ ընտրութիւններում ձեռնոց նետեց Ռոպերտ Քոչարեանին: Միայն երկրորդ փուլով Քոչարեանին յաջողուեց յաղթել Դեմիրճեանին: Սա այն դէպքում, երբ Քոչարեանը վարչապետ էր եւ նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար, նրա ձեռքում էին իշխանական լծակները (նշանակում է նաեւ՝ ընտրակեղծիքներ իրականացնելու բոլոր հնարաւորութիւնները), ֆինանսական միջոցները, Քոչարեանին անվերապահ աջակցում էր այդ օրերի ամենահզօր անձնաւորութիւնը՝ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը: Ճիշդ է, Դեմիրճեանը իր կողմնակիցներին փողոց եւ հրապարակ դուրս չբերեց, սակայն յայտարարեց, որ ընտրութիւնները կեղծուել են: Հայաստանցիների մի ստուար հատուած եւս համոզուած էր, որ ընտրութիւնները արդար անցկացնելու դէպքում Քոչարեանը չէր կարող յաղթել:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը 1998-ին հրաժարական տուեց թաւշեայ յեղափոխութեան կամ ինչպէս ընդունուած է ասել՝ պալատական յեղաշրջման արդիւնքում: Երէկուայ նրա ամենահաւատարիմ համախոհներն ու պաշտպանները՝ Վազգէն Սարգսեանը, Ռոպերտ Քոչարեանը, Սամուէլ Բաբայեանը եւ Սերժ Սարգսեանը ստիպեցին, որպէսզի Տէր Պետրոսեանը հրաժարական ներկայացնի: Հայաստանի բնակչութեան մի ստուար հատուած, եթէ չասենք՝ մեծամասնութիւնը, մեծագոյն բաւարարուածութեան զգացումով հրաժեշտ տուեց առաջին նախագահին եւ ՀՀՇ-ական վարչակարգին: Ո՞վ կարող էր մտածել, որ տասը տարի անց Տէր Պետրոսեանը պէտք է վերադառնայ քաղաքականութիւն եւ տասնեակ հազարաւոր մարդիկ դուրս բերի փողոցներ ու հրապարակներ:
Բայց հէնց այդպէս էլ եղաւ: 2007-ի Սեպտեմբերին, երկարատեւ լռութիւնից յետոյ Տէր Պետրոսեանը նախագահի պաշտօնի յայտ ներկայացրեց: 2007-ի Սեպտեմբերից մինչեւ 2008-ի Մարտի մէկը հէնց Տէր Պետրոսեանն էր իշխում Հայաստանի ներքաղաքական երկնակամարում: Ճիշդ է, նրան չյաջողուեց զբաղեցնել նախագահի աթոռը, սակայն կարողացաւ ապացուցել, ինչպէս Դեմիրճեանը, որ քաղաքական գործիչը կարող է ունենալ մի քանի աստեղային ժամ:
Երկրորդ նախագահ Ռոպերտ Քոչարեանը շարքային հայաստանցիների շրջանում երբեք էլ ժողովրդայնութիւն չի վայելել: Կարելի է ասել, որ նա սիրուած նախագահ չի եղել: Սակայն դա չի նշանակում, որ Քոչարեանը քաղաքականութիւն վերադարձի հնարաւորութիւն չունի, ինչպէս պնդում են նրա հակառակորդները, առաջին հերթին՝ իշխող Հանրապետական կուսակցութեան տարբեր ներկայացուցիչներ: Քոչարեանը, ի տարբերութիւն Դեմիրճեանի եւ Տէր Պետրոսեանի, քաղաքականութեան մէջ առաջնորդւում է նախեւառաջ ներքաղաքական խաղերով եւ ներկուսակցական հաշուարկներով: Որքան էլ զարմանալի ու անհեթեթ է, Քոչարեանը երկու անգամ զբաղեցրել է նախագահի պաշտօնը՝ չլինելով կուսակցական:
Եթէ Դեմիրճեանին ու Տէր Պետրոսեանին յաջողուել է հեռանալուց յետոյ կրկին վերադառնալ քաղաքականութիւն եւ ձեռնոց նետել օրուայ իշխանութեանը, ապա ինչո՞ւ նոյնը չի կարող անել Քոչարեանը: Այսօր յաճախ յիշեցւում է, որ Քոչարեանի նախագահութեան տարիներին են իրականացուել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի մէկը: Դա, ի հարկէ, ճիշդ է: Բայց ճիշդ է նաեւ, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան օրերին Հայաստանի անվտանգութեան պատասխանատուներից մէկը Սերժ Սարգսեանն էր: Ճիշդ է նաեւ, որ Մարտի մէկին նախագահը դեռ Քոչարեանն էր: Սակայն եթէ Քոչարեանն է հրաման տուել, որ կրակ բացուի ընդդիմադիր ցուցարարների վրայ (ես հաւատում եմ այս վարկածին), ապա Քոչարեանը դա արել է Սերժ Սարգսեանի համար նաեւ: Չէ՞ որ նախագահի աթոռի համար պայքարում Քոչարեանի իրաւայաջորդը Սարգսեանն էր: Հոկտեմբերի 27-ն ու Մարտի մէկը Քոչարեանի նախագահութեան տարիների ամենատխուր պահերն են, սակայն երկրորդ նախագահի՝ գործօն քաղաքականութիւն վերադառնալու հարցում լրջագոյն խոչընդոտները չեն:
Հիմա անդրադառնանք ներկային: Այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխաւոր թեման երկրորդ նախագահի եւ գործող վարչապետի հեռակայ բանավէճն է: Ընդ որում՝ «փոխհրաձգութիւնը» հրահրեց Տիգրան Սարգսեանը: Նա տարեվերջեան իր մամուլի ասուլիսում Քոչարեանի նախագահութեան տարիներին գրանցուած տնտեսական աճը որակեց «շինարարական փուչիկ»: Քոչարեանը շատ կտրուկ արձագանգեց՝ վարչապետին հասցնելով նաեւ անձնական բնոյթի վիրաւորանքներ: Ապա Սարգսեանի պաշտպանութեան հարցում հերթ կանգնեցին նրա նախարարներն ու Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները: Հերթականութեամբ, գրեթէ ամէն օր, որեւէ նախարար կամ Հանրապետական, անխնայ քննադատում է Քոչարեանին:
Ռոպերտ Քոչարեանի եւ Տիգրան Սարգսեանի միջեւ «փոխհրաձգութիւնը» ուշագրաւ է մի քանի առումներով: Առաջին. Սարգսեանն ու Քոչարեանին քննադատող միւս «խիզախները» Քոչարեանի նախագահութեան տարիներին գովաբանել, երկրպագել ու անգամ քծնել են երկրորդ նախագահին: Սարգսեանը եղել է Կենտրոնական դրամատան նախագահ, սակայն «շինարարական փուչիկի» տարիներին երբեք չի դժգոհել: Հակառակը, նա առաջիններից է եղել, ով գովաբանել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը: Երկրորդ. Սերժ եւ Տիգրան Սարգսեանների իշխանութեան վեց տարիներին Հայաստանը, փաստացի, տնտեսական աճ չի ունեցել, հանրապետութիւնից հեռացել կամ արտագաղթել է բնակչութեան 10 տոկոսը, աղքատների թիւը հասել է մէկ միլիոնի: Եւ ահա այս ձախողած իշխանութիւնն է քննադատում Քոչարեանին՝ փոխանակ արտագաղթի առաջը առնելու, երկրի տնտեսութիւնը ճգնաժամից դուրս բերելու եւ բնակչութեան համար արժանապատիւ կեանք ապահովելու: Երրորդ եւ ամենագլխաւորը. Քոչարեան-վարչապետ պայքարը արդեօք նշանակո՞ւմ է, որ հակասութիւնները երկրորդ եւ գործող նախագահի միջեւ աւելի են խորացել:
Հայաստանի մամուլում եւ քաղաքական-փորձագիտական շրջանակներում այսօր ամէնից շատ գրւում է Քոչարեան-իշխանութիւններ պայքարի մասին: Որքանո՞վ է իրական այդ պայքարը: Հարցին պատասխան գտնելու համար անհրաժեշտ է պատասխան գտնել մի քանի այլ հարցերի:
Առաջին. իրօք Ռոպերտ Քոչարեանը պատրաստւո՞ւմ է վերադառնալ քաղաքականութիւն: Եթէ այո, ապա նրա նպատակը Տիգրան Սարգսեանին վարչապետի աթոռից զրկել ու այդ աթոռը զբաղեցնե՞լն է:
Երկրորդ. իրաւա՞մբ Ռոպերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ հակասութիւնները այնքան են խորացել, որ երկրորդ նախագահը այլեւ չի կարող լռել:
Երրորդ. որքանո՞վ են իրականութեանը մօտ այն խօսակցութիւնները, թէ երկու նախկին ընկերների՝ Ռոպերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ 2008-ին ձեռք բերուած պայմանաւոր- ւածութիւնը խախտուել է, եւ գործող նախագահը իր իրաւայաջորդ է տեսնում Տիգրան Սարգսեանին, ոեւէ այլ հանրապետականի, բայց ոչ երբեք՝ Ռոպերտ Քոչարեանին:
Քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, դժուար է հասկանալ Քոչարեան-Սարգսեաններ հակասութիւնների խորութիւնը եւ լրջութիւնը:
Բայց կայ նաեւ մէկ այլ հարց, որի պատասխանը նոյնպէս չունենք: Իսկ գուցէ Քոչարեանի եւ Սարգսեանների միջեւ հրապարակային բանավէճը նախապէս պայմանաւորուած խա՞ղ է: Գուցէ պայմանաւորուածութիւն կայ, որ Քոչարեանը զբաղեցնի վարչապետի աթոռը, իսկ 2018-ին դառնայ նախագահ եւ վարչապետ նշանակի Սերժ Սարգսեանի՞ն:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ազդակ»