Արգելակում եմ սրընթաց աւտոս
Ու կայանում եմ սրճատան դիմաց,
Իջնում, մտնում եմ, պատուիրում գոռոզ,
Մեծ կապուչինօ, շաքարով քաղցրած:
Նստում եմ դատարկ մի լայն սեղանի,
Ամենայարմար աթոռին թիկնում,
Շուրթիս եմ դնում ստուարաթղթի
Բաժակը՝ կապուչինոյով լեցուն :
Բայց մինչ խմելս... դիմացս է նստում
Մի դշխոյ փարթամ, քանդակուած կոթող,
Մի գեղեցկուհի... շնչիս է հիւսւում
Գրկի բուրմունքը խելահան անող...
Տատանւում եմ... թէ մնում քարացած...
Պատահել է ճիշդ իմ ցանկացածը...
Ահա առիթ է... երկնքի ղրկած...
Ինչ լաւ սրճարան է իմ ընկածը...
Բայց հիմա պիտի մտքերս ձեւեմ,
Քաղաքավարի... ախորժ բառերով,
Որ յարիր լինի... որ ես ազնիւ եմ...
Բարեկիրթ, անձնեայ, վարքով ու բարքով...
...Մոռացել եմ իմ տեղը ու դիրքը,
Սրճարանում եմ, հասարակաց վայր,
Շուրթիս պատուիրած իմ խմելիքը
Որ դեռ չեմ խմել... մնացել շուար...
Ցնցւում եմ երբ որ լսում եմ մի ձայն.
- Գուցէ կխմէք ձեր կապուչինոն,
Երբ ես կլինեմ արդէն գնացած
Եւ դուք ձեզ կզգաք աւելի զգոն:
Ելնում գնում է... ես ապուշ կտրած
Մի բնազդական շարժում եմ անում,
Կրծքիս է թափւում խմիչքը սառած...
Մի կապուչինօ... մի կին զուարթուն...
ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ
Գեղեցիկ է, գրաւիչ ու մատչելի...
Հեռախօսում ու ասում է թէ ուզում է այցելել...
«Ախր երկար ժամանակ է չենք հանդիպել»...
«Հա», ասում եմ:
Ու գալիս է իր գերագոյն պչրանքով.
Բոյրից շունչս կտրւում է, հեւում եմ:
«Դու հանգի՞ստ ես...» հարցնում է նազանքով:
«Հա... ուրախ եմ... ինչպէ՞ս ես»:
Մի սուրճ խմում, խօսակցում ենք անիմաստ,
Անկապակից, անդից, դաշտից...
Եւ գտնում եմ հեշտ ելքը.
«Թոռնիկներիս դպրոցից պիտ տուն տանեմ»...
«Հա՜... դէ էլ ի՜նչ... ես հօ ճամբէդ չեմ բռնել»...
«Չէ... դե նորից կհանդիպենք... կխօսենք»...
«Հա... բա էլ ոնց... մի բան... յետոյ կյիշեմ...
Արա այնպէս... ազատ լինես... կյիշեմ»...
Ու կարծես թէ իմ օձիքը ձեռքում թողած՝ ծլկում եմ:
Հա, դժուար է մերժելը,
Թովչանքին չգերուելը,
Բիւր թելերով սարդոստայնի խուճուճի մէջ չընկնելը...
Սակայն սիրոյ խոստումների օղակով,
Պարտաւորութիւնների էլ նարօտով,
Դէմ ես առնում ինքդ քեզ,
Որ... ուզում ես,
Բայց մերժում ես
Մի մղումով վերջնական,
Չբեկելու հայելին,
Որ թէ ճաքի... էլ չի կպչի,
Որ պիտ պահես հէնց անճաք:
ԹԻՒՐԻՄԱՑՈՒԹԻՒՆ
Բանաստեղծութիւն էի յօրինել,
Տուեցի, կարդաց խանդավառութեամբ.
Յետոյ թոյլ տուեց իրեն համբուրեմ…
Կարծում էր՝ իրեն էի նուիրել… ճճճ*
Ու համբուրուեցինք… ու սիրւտեցինք…
Հեշտանքի կապոյտ ծաւալին հասանք.
Սիրոյ հեքիաթ է, լաւ բախտի բաժինք,
Սիրահարները արժանի ժառանգ։
Վերջին գալարով դարձաւ ու ասաց.
«Բայց պիտի ճշտես աչքերի գոյնը,
Իմ աչքերինը՝ գարնային կանաչ…
Մոռացի՛ր օտար մութ սեւութիւնը»…
«Հա՛, բա ոնց»… ասի հարբածի նման…
Թիւրիմացութեան զոհը ես էի…
Նա չէր… նա յաղթեց խաղը սիրական,
Որի մէջ դաւել… բայց պարտուել էի… ճճճ*
*Ծաղրական ծիծաղի ձայնարկութիւն
ՄԱՂԹԱՆՔ
Ցանկանաս՝
Լաւ բանը պատահի,
Երազը իրականանայ…
Նա գայ,
Ժպտայ.
Սիրահետես,
Ընդառաջի,
Սէր ծաղկի,
Բացուի վարդը,
Սարսուռ ու դող,
Գոհութիւն լինի,
Փափուկ գգուող.
Ժպիտ լինի,
Փաղաքշանք ու գգուանք,
Սէր լինի,
Համբոյր լինի,
Սիրւտոց…
Եւ լաւ բանը պատահի…
ՊԱՏԱՆՈՒԹԻՒՆ
Սարերում մի քարատակ,
Դաշտերում մի հեռւութիւն,
Սէրերով տաք ու յստակ,
Ու՞ր ես իմ պատանութիւն։
Տարուած խաղով փողոցի,
Թռչում էր տուն ու բակից,
Վառուած մի լաւ դրացի
Աղջկայ խենթ խաղերից…
Տանում էր խուլ տեղերը,
Քսմսւում էր հազիւհազ…
Ժպտում… կիտում յօնքերը…
Չար աղջիկը շիկամազ.
Որ խնդում էր ու փախչում,
Թեւերը բաց ու ծածան…
«Դէ, ինձ բռնիր…» էր կանչում,
Անուշադիր ու դաժան…
Նա վազում էր ետեւից,
էլ քար ու թումբ մոռացած,
Հասնում… նոյն բանը նորից
Կրկնւում էր… ամօթխած…
Սիրում էր բան ու գրիչ,
Պոէտ էր նա հմայուած,
Շուրթին ժպիտ շատ ու քիչ,
Աչքերում էլ՝ բոց ու կայծ։
Անտառում մի լայն բացատ,
Ձորում մի խոր ծմակուտ,
Սրտիս մօտ ու հարազատ
Պարման յուշերս են կապոյտ…
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ