10 տարուայ պայմանական ազատազրկում, հարբած վիճակում ինքնաշարժը վարելու եւ արդիւնքում 4 մարդու մահը յարուցելու համա՞ր: Աշխարհի լրատուական կենտրոնները ողողուել էին այս տեղեկութեամբ:

Թեքսասցի 16ամեայ անչափահասի յանցագործութիւնը արդարացուել է «աֆլուենզա» տերմինով: Փորձեմ բացատրել այն: Բանը նրանում է, որ երիտասարդի ծնողները հարուստ են, եւ երբեք չեն մերժել իրենց զաւակի կամակոր պահանջները եւ պատասխանատուութեան չեն ենթարկել նրան որեւէ արարքի համար: Դատաւորը եզրակացրել է, թէ անչափահասը մինչեւ այժմ երբեք պատիժ չի կրել, եւ սխալ կը լինի նրան բանտ նետել հիմա: Տղայի ծնողները տարեկան 450 հազար տոլար պիտի վճարեն, որ իրենց զաւակը յատուկ վերականգնողական հաստատութեան մէջ անցկացնի յառաջիկայ 10 տարին: Եթէ այնտեղ իրեն պատշաճ չպահի, ապա նրան 10 տարուայ ազատազրկում է սպասւում՝ այս անգամ արդէն բանտում: Ծնողները, ի հարկէ, նաեւ պատասխան պիտի տան զոհուածների ընտանիքների առաջ, եւ հաւանաբար խոշոր դրամական տուգանքների կ՛ենթարկուեն: Բայց դատաւորի մօտեցումը աննախադէպ է: Փաստօրէն, հարուստ ծնողների զաւակ լինելը իւրատեսակ արդարացման համար հիմք է ծառայել: Ինչպիսի՞ նախադէպ կը դառնայ այս դէպքը միւսների համար. չէ որ ամերիկեան դատական համակարգը մեծապէս հիմնուած է նախադէպերի վրայ:
Այստեղ ակամայից յիշեցի շատ հայ ծնողների, ովքեր նման ձեւով շփացնում են իրենց յատ¬ կապէս արու զաւակներին, թանկարժէք ինքնաշարժ դնելով նրանց տակ ու խորհուրդ տալով՝ «Հեչ չվախենաս, տղայ ջան, ոնց որ թուրդ կը կտրի, էդպէս էլ ապրի»:  Իսկ զաւակը անտեղի թեւ է առնում, օրական առնուազն մի քանի անգամ խախտում է ճանապարհատրանսպորտային (երթեւեկի) կանոնները եւ մի օր կարող է վրաերթի ենթարկել անմեղ մարդկանց: Սակայն ի՞նչ երաշխիք, որ հնարաւոր զոհերից մէկի ազգականը իր ձեռքը չի վերցնի արդարութիւնը հաստատելու առաքելութիւնն ու օրէնքին հակառակ քայլեր չի ձեռնարկի: Թեքսասցի անչափահասի հետ կապուած պատմութիւնը դեռ թափ է հաւաքում, եւ բացառուած չէ, որ դատաւորի որոշումը կարող է բողոքարկուել:
Այնուամենայնիւ, խորհուրդ է տրւում չընկրկել 15 կամ 16ամեայ յատկապէս տղաների սպառնալիքի սահմանին հասնող յորդորներին, թէ «բոլորը ինքնաշարժ են քշում, ինչո՞ւ ես պիտի սպասեմ»: Որքան յետաձգէք ինքնաշարժ վարելու տարիքը, այնքան աւելի մեծ է հաւանականութիւնը, որ ձեր զաւակը փորձանքի մէջ չի ընկնի: Երբեմն մայրերն են փորձում «լաւամարդ» դառնալ, ու համոզում են իրենց ամուսնուն, որ ժամանակն է, թէ իրենց տղան մեքենայ ունենայ: Զգուշացէք նմանօրինակ որոգայթից: Որքան ուշ, այդքան լաւ:
Ընդհանրապէս կարելի է պայման դնել, որ երեխան դպրոցում լաւ սովորի, եւ մեքենայ գնելու հանգամանքը պէտք է կապուի դպրոցում ունեցած առաջադիմութեան հետ: Այլապէս ի՞նչ է ստացւում: Երեխան պահանջում է, փոխարէնը փորձելով ոչինչ չտալ, իսկ իրական կեանքում այդպէս չի լինում. մարդուն ոչ ոք չի պարգեւատրում ոչինչ չանելու համար:
Յատկապէս հայկական ընտանիքներում որդու դաստիարակութիւնը ընկած է հօր վրայ, եթէ ծնողները ապրում են մէկ յարկի տակ: Իսկ մենք, տղամարդիկս, շատ յաճախ ենք բարձիթողի մատնում մեր զաւակներին, մտածելով, թէ լաւ տղայ է, պէտք չէ ճնշել: Ի հարկէ ճնշել պէտք չէ, բայց ճիշդն ու սխալը բացատրել պէտք է, եւ դա մէկ խօսակցութեան ընթացքում իրականացնելն անհնար է: Նախկինում եւս նշել եմ, հիմա էլ կը յիշեմ այն միտքը, թէ երիտասարդը մինչեւ 25 տարեկան դառնալը իր արարքի հնարաւոր հետեւանքները այնպէս չի գիտակցում, ինչպէս տարիքն առած անձնաւորութիւնը: Եւ ամօթ չէ խրատ տալը, նոյնիսկ 20 տարեկանից յետոյ:

 

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ