Վերջին շըրջանում գիտութեան հետ կապուած խնդիրների մասին շատ է խօսւում, եւ ստացածս բաւականաչափ ինֆորմացիան առիթ է տուել ինձ, ինչպէս եւ հաւանաբար շատերին, շատ խորհելու այդ թեմայի շուրջ։

Գիտնականները դժգոհ են: Իհարկէ, կան հատուկենտ գիտնականներ, որոնք համարում են, թէ մեզ մօտ գիտութեան հանդէպ պետութեան քաղաքականութիւնն արդարացուած է. դրա համար կան ինչեւինչ օբյէկտիւ պատճառներ, բայց այդպիսիք, որպէս կանոն, ունեն պաշտօններ, հետեւաբար՝ պաշտօնը պահելու ձգտումը նրանց դարձրել է ոչ իրատես: Բայց գիտնականների մեծ մասը կարծում է, որ չի կարելի այսպգս շարունակել. պայքարել, բարձրաձայնել է պէտք։

Պայքարելու ձեւերի հետ կապուած էլ տարբեր կարծիքներ կան։ Շատերը գիտութեան ու գիտնականի այս վիճակի համար մեղադրում են իրենց՝ գիտնականներին՝ ասելով, որ «Խեղդուողի փրկութեան գործն իր՝ խեղդուողի ձեռքերում է գլխաւորապէս», եւ որ գիտնականները ճիշդ ձեւով չեն կարողանում ղեկավարութեանը բացատրել այն, որ այս 20 տարուայ բարձիթողի վիճակից գիտութիւնը Հայաստանում գնում է դէպի անկում, որ գիտնականը երկրում ստանում է ամենացածր աշխատավարձը, որ չկայ երբեմնի յարգանքը գիտնականի հանդէպ, որ գիտահետազօտական ինստիտուտներն ու լաբորատորիաները գնալով քայքայւում են, իսկ սարքաւորումները դադարում լիենք պիտանելի, որ երիտասարդ գիտնականները հեռանում են երկրից՝ չցանկանալով դառնալ փոխարինողներ նախորդ սերնդին, իսկ թոշակառու գիտնականները ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել երիտասարդներին, անգամ նրանց մէջ առանձնայատուկ աւանդ ունեցողները այդ պատճառով դառնում են քննադատութիւնների թիրախ, քանի որ հնարաւոր չէ գոյատեւել միայն 40 000 թոշակով, որ եթէ այսպէս շարունակուի, 1-2 տասնամեակ անց Հայաստանն այլեւս գիտութիւն չի ունենայ:

Ես, օրինակ, համաձայն չեմ այն տեսակէտի հետ, թէ ղեկավարութեանը լաւ չի բացատրւում։ Եթէ ղեկավարութիւնն անտեղեակ է գիտութեան կարեւորութիւնից ու գիտութեան հիմնախնդիրներից, ապա նա ունի՞ իրաւունք ղեկավար համարուելու։ Դա ի՞նչ արդարացում է, որ 22 տարին բաւական չի եղել՝ հասկանալու, թէ դէպի ուր է գնում Հայաստանի՝ երբեմնի հզօր ու սեփական երկրի համար հպարտանալու առիթ հանդիսացող գիտութիւնը։

Ինձ շատ է զարմացնում այն, որ շատերն ասում են՝ իսկ գիտնականները բացատրե՞լ են իշխանութիւններին, որ էսպիսի վիճակ է, կամ՝ ո՞վ է մեղաւոր, որ գիտնականները չեն կարողանում լաւ բացատրել: Ի՞նչ է նշանակում սա. նոյնն է, ինչ որ վարսավիրին բացատրես, թէ մկրատն ինչպէս բռնի ու ոնց կտրի մազերը, հաշուապահին բացատրես, թէ ոնց հաշուի, հացթուխին՝ թէ ինչքան ալիւր ու ջուր լցնի, կթուորուհուն բացատրես, թէ ո՞նց կովը կթի: Ուրեմն՝ էլ ինչի՞ համար է «ընտրուել» առաջնորդ, ուրեմն՝ էլ ինչո՞վ է հասել երկրի առաջին դէմքը կոչուելու պատուին, ուրեմն ո՞ր արժանիքի շնորհիւ է արժանացել երկրի նախագահ կոչմանը, եթէ երկրի համար առաջին կարեւորութեան հարցերը նրան պիտի բացատրել:

Ճիշդ է, վերջին 2-3 տարում գիտնականներն աւելի շատ են բարձրաձայնում, բայց չի նշանակում, թէ նախորդ 20 տարում ոչ մի բողոք չի հնչել: Իսկ ի՞նչ է՝ 22 տարուայ բացատրութիւնը բաւական չէ՞ր՝ հասկանալու: 22 տարին իմ տարիքն է, որից մի մասը՝ ո՛չ գիտակցական, բայց ես հասցրել եմ հասկանալ գիտութեան կարեւորութիւնն ու գիտնականի աշխատանքի գնահատման անհրաժեշտութիւնը, այդ ինչպէ՞ս է, որ մեր նախագահները 22 տարի անց դեռ բացատրութեան կարիք ունեն:

Գուցէ սա այն դէպքն է, որ բարի ցարը տեղեակ չէ՞ երկրի վիճակից: Սա ինձ յիշեցնում է 1905 թ.-ի Արիւնոտ Կիրակիի նախաշեմը, երբ բանուոր դասակարգն ու գիւղացիութիւնը Կիրակի օրը, հագած տօնական զգեստներ, ցարի նկարներով ու սրբապատկերներով պլակատներ վերցրած, երեխաների թաթիկներից բռնած գնացին դէպի Ձմեռային պալատ՝ բացատրելու եւ պատմելու ցարին, թէ ինչ աղքատութեան մէջ են ապրում իրենք, թէ ինչքան են ճզմուած հարկերի տակ եւ այլն: Նրանք համոզուած էին, որ ցարը տեղեակ չէ իրենց վիճակից, որ նա, լինելով շատ բարի, երբ լսի իրենց, անմիջապէս կը թեթեւացնի իրենց վիճակը:

Թէ ինչ եղաւ յետոյ, բոլորս գիտենք. եղաւ այն, ինչը դարձաւ հարիւրաւոր կտաւների, երաժշտական ու գրական ստեղծագործութիւնների թեմա. հրամայուեց կրակ բացել խաղաղ ժողովրդի վրայ:

Մի՞թէ «ցարերը» կարող են անտեղեակ լինել վիճակից, ու դառնո՞ւմ են բարի, եթէ ի սկզբանէ բարի չեն լինում: Արդեօք կարիք կա՞յ նրանց բացատրելու մի բան, ինչը իրենք պարտաւոր են իմանալ՝ համապատասխան աթոռին բազմելուց առաջ: Իսկ բազմելուց առաջ պիտի լա՜ւ իմանան, թէ մեր նման աղքատ երկրում, գիտութեան՝ զարգացում ապահովելու ունակ միակ յենարանի հետ նման քաղաքականութիւն վարելու պարագայում, քանի՞ տարի անց մենք այլեւս գիտութիւն չենք ունենայ եւ քանի՞ տարի անց երկրում քանի՞ տասնեակ հայ կը մնայ:

Մանկապարտէ՞զ է, ի՞նչ է...

Նարէ Խուդոյեան