Ցնորք
Երբ ես հպուեմ քո շուրթերին՝
Նրանք կբացուեն գարնան կարմիր վարդի պէս,
Երբ ես հպուեմ քո այտերին՝
Նրանք կշողան անուշ բուրող ծիրանի պէս,
Երբ ես նայեմ քո աչքերին՝
Նրանք կցոլան առաւօտեան ցողի պէս,
Երբ շշնջամ քո ականջին՝
Որ սիրում եմ քեզ իմ անգին,
Նրանք կ'այրուեն կայծակնահար ծառերի պէս,
Իսկ, երբ գրկեմ քո մարմինը՝ նուրբ ու բարակ եղեգնի պէս,
Կ'անհետանաս անհաս երազ ու կմնամ ես իմ անտուն՝
Անիրական ցնորքի պէս:
Աշնան տէրն
Աշնան տերեւ չորացած ու ցամաքած,
Ով է պոկել քեզ քո ճիւղից
ու ծառից,
Քամին է այն, որ քեզ քշել է տեղից տեղ,
Ու հասցրել քեզ անծանօթ
մի աշխարհ:
Տեղ չես գտնում, ոստոստում ես, գլորւում,
Մի ապահով քարի, թփի ապաստարան ես փնտռում,
Աշնան տերեւ, սրտիս այնքան հարազատ,
Դու էլ ինձ պէս չես դիմանում առանց ծառի՝ հողից զատ:
Փայփայում ես մի յոյս
անմիտ, վերացական,
Գուցէ գտնես մի այլ վայրում քեզ ապաստարան,
Դու էլ ինձ պէս յուսով լեցուն՝
Փնտռում ես քար ու թուփ,
սար ու չոլ՝ քեզ կացարան:
Բայց դու յոյսդ մի կորցրու՝
իմ չորացած աշնան տերեւ,
Կը գայ գարուն ու քո ծառից նոր ու թարմ,
Կ'ելնեն ոստեր՝ մատղաշ, կանաչ,
Կը զարդարեն ծառդ բացուող նոր տերեւներ:
Դու կը գնաս հողի գիրկը
եւ ուժ կը տաս
Քո նոր ծաղկող ու նոր բացուող ընկերներիդ,
Ու կը շողան, կը ծածանուեն նազուկ՝ կը բացուի արեւ,
Իմ ցամաքած, չոր ու բարի աշնան տերեւ:
Անահիտ Բաբայեան