Աշխարհի բախտով
Անհանգիստ երգս,
Լռել է արդէն խոստումներ չունի,
Արցունքն է կախուել
Յոգնած աչքերից,
Երգս վհատ է անուրջներ չունի...

Օրերի փոշին
Շուրթերի վրայ,
Երգս թախծոտ է ժպիտներ չունի,
Յոյսի հետքերը
Անվերջ փնտռելով,
Երգս ծարաւ է մի նոր հրաշքի...

 

ԱՆՈՐՈՇՈՒԹԻՒՆ...

Քայլում եմ քայլում
Առանց հանգրուան,
Ճամբան իմ հարթ է, մաքուր ու սահուն,
Բայց ես չգիտեմ
Իմ ոտքերի տակ,
Հող է, թէ աւազ, թէ քարեր շարժուն... 

Նայում եմ շուրջս
Խաղաղ է անդորր,
Լուսինն է ինձ հետ միայն փողոցում,
Բայց ես չգիտեմ
Մարմամդ լոյսի տակ,
Ամայի ճամբան ինձ ուր են տանում...

Քայլում եմ քայլում
Առանց հանգրուան,
Յանկարծ ես հեռուից ձայներ եմ լսում,
Ե՞րգ է, թէ՞ բողոք
Ինպէ՞ս իմանամ,
Ինչո՞ւ է յոյսն իմ այսքան երերուն...

 

ՔԱՐԷ ՀԱՄԲԵՐԱՆՔ...

Իմ յոյսը հիմա
Մշուշն է միայն,
Սոսկումն է սոսկում իմ երակներում,
Չեմ տեսել երբեք
Այս սին աշխարհում,
Դատարկութիւնը այսքան լեփ - լեցուն:

Կոյրին ասում են
Աչքերդ գոցի՛ր,
Կաղ մարդուն ասում՝ դէ, արագ վազի՛ր,
Իսկ ես՝ նայում եմ
Նրանց ապշահար,
Ասում են եղբայր՝ մի քիչ համբերի՛ր:

Խուլի ականջին
Փսփսում են լոկ,
Համրին ասում են՝ խոսի՛ր անկաշկանդ,
Ասացէք խնդրեմ,
Որտեղի՞ց գտնեմ,
Քարէ խղճի դէմ քարէ համբերանք:

Աւիկ Դերենց
Բոստոն