Այս յօդուածը գրում եմ Կապանից՝ հիւրանոցի իմ համարից: Կապանը Սիւնիքի մարզի կենտրոնն է, որով անցնում է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը:

Անցնող երկու օրերին իմ ինքնաշարժով ես կտրեցի մի քանի հարիւր քիլոմեթր՝ անցնելով այն ճանապարհներով, որոնք կառուցուել եւ կառուցուելու են համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ:

Երեւանից ուղեւորուեցի Սեւան, ապա լճի արեւմտեան ափով հասայ Վարդենիս փոքրիկ քաղաքը: Առաջիկայ տարիներին Վարդենիս աւելի շատ այցելողներ կը լինեն, քանի որ Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհը անցնելու է հէնց այդ քաղաքով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը Մայիսին կայացած ամէնամեայ նիստում որոշել է «Հեռուստամարաթոն 2013-ի» դրամահաւաքի միջոցները ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 քմ երկարութեամբ ճանապարհի կառուցմանը: Դա նշանակում է, որ առաջիկայ տարիներին մենք կ՛ունենանք Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ որակեալ ճանապարհը, որն անցնելու է Քարվաճառի շրջանի տարածքով:

Սփիւռքահայութիւնը եւ «Հայաստան» հիմնադրամը նախկինում արդէն ճանապարհաշինական երկու խոշոր նախագծեր են կեանքի կոչել: Առաջինը եւ Հայաստանը Արցախին կապող միակ գլխաւոր ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ 90 քիլոմեթրանոց մայրուղին, կառուցուել է 1990-ական թուականներին: Երկրորդը՝ Հիւսիս-Հարաւ 160 քիլոմեթրանոց ճանապարհն է՝ Արցախի ողնաշարը, որը Արցախի հիւսիսային Մարտակերտ քաղաքից հասնում է մինչեւ հարաւային Հատրութ՝ անցնելով տասնեակ բնակավայրերով:

Երրորդ խոշոր ճանապարհաշինական ծրագրի մեկնարկը կը տրուի Նոյեմբերի վերջերին անցկացուելիք հեռուստամարաթոնով: Ըստ նախնական հաշուարկների, անհրաժեշտ է հանգանակել շուրջ 30 միլիոն տոլար: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը այսօր էլ գործում է: Պարզապէս այն բարւոք վիճակում չէ, իսկ ձմրան ամիսներին դառնում է դժուար անցանելի: Արցախի հիւսիսային շրջանի բնակիչները Հայաստան հասնելու համար օգտւում են հէնց այդ ճանապարհից, քանի որ այն Երեւանին անհամեմատ մօտ է: Ճանապարհը անցնում է Դադիվանքով, որը հայկական վաղ միջնադարեան ճարտարապետութեան գլուխգործոցներից է: Մի քանի տարի յետոյ, երբ կը վերանորոգուի եւ կը վերակառուցուի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, շատ սփիւռքահայեր, զբօսաշրջիկներ եւ ընդհանրապէս ճամբորդութեան սիրահարներ կ՛օգտուեն հէնց այդ ճանապարհից, քանի որ այն անցնում է Քարվաճառի հրաշք բնութեան միջով:

114 քիլոմեթր երկարող նոր ճանապարհ

Վարդենիսից դէպի Մարտակերտ ճանապարհն անցնում է երկու տասնեակ բնակավայրերով՝ այդ թւում վերջին 15-20 տարիներին հիմնադրուած նոր գիւղերով: Անկասկած, ճանապարհի վերանորոգումով այդ գիւղերը նոր շունչ կը ստանան: Այդ ճանապարհի վերանորոգումով Դադիվանքը կ՛ունենայ հազարաւոր նոր այցելուներ: Երեւանից մինչեւ Դադիվանք, ինչպէս ցոյց տուեց իմ ինքնաշարժի ցուցիչը, ընդամէնը 240 քիլոմեթր է: Դադիվանքում ծանօթացայ 3 ռուս հեծանուորդների հետ: Երեքն էլ եկել էին Մոսկուայից: Նրանք Երեւանից հեծանիւներով անցել էին  այն ճանապարհով, որը առաջիկայ երկու-երեք տարիներին պիտի վերակառուցուի համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ: Քանի որ մութն ընկնում էր, ռուս հեծանուորդները որոշել էին վրան խփել հէնց վանքի բակում, իսկ միւս օրը վաղ առաւօտեան շարժուել դէպի Ստեփանակերտ, ապա Գորիսով վերադառնալ Երեւան: Նրանք, ինչպէս լեռների վեհութիւնն ու բնութեան գոյներն զգացող իւրաքանչիւր ոք, հիացած էին Դադիվանքով ու ողջ Քարվաճառով:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր հնարաւորութիւններ կը բացուեն Քարվաճառի ողջ շրջանի համար: Ինչպէս յայտնի է, արցախեան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամէնից վիճելիներից է: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կը նշանակի, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը աւելի կ՛ամրանան:

Դադիվանքից յետոյ, անցնելով մի քանի գիւղերով, ճանապարհը հասնում է Դրմբոն, որտեղ գործում է Արցախի տնտեսութեան հսկան՝ «Պէյս մեթալս» հանքարդիւնաբերական գործարանը: 2012-ի Յունիսին Արցախի կառավարութիւնը հաստատել է Կաշենի (ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ներքին Հոռաթաղ եւ Ճանկաթաղ գիւղերի տարածքը) հանքավայրի շահագործման ծրագիրը: Այդ հանքավայրից կորզուելու է պղինձ եւ մոլիպտեն: Ընդհանուր առմամբ ներդրուելու է 80 միլիոն տոլար: Նախատեսւում է, որ հանքավայրը տարեկան կը մշակի 17 միլիոն թոն հանքաքար, որը եւ հէնց Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով կը հասցուի Վարդենիս քաղաքի հարեւանութեամբ գտնուող Սոթք  երկաթուղային կայարան, իսկ այնտեղից, արդէն երկաթգծով, կը հասցուի Ալավերդի քաղաքի պղնձաձուլարան:

Դրմբոնից ճանապարհը դէպի հիւսիս-արեւելք՝ դէպի Մարտակերտ, արդէն կառուցուած է: Հիւսիս-Հարաւ մայրուղու մէկ կտորը հէնց Դրմբոն-Մարտակերտ հատուածն է: Դրմբոնից Հիւսիս-Հարաւ մայրուղով շարունակեցի դէպի Ստեփանակերտ: Կիչան գիւղի մօտ՝ ճանապարհի ձախ հատուածում, Նոր Կիլիկիա նորակառոյց գիւղն է: Այն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Արցախի կառավարութեան համատեղ նախագիծն է:

Ստեփանակերտում գիշերելով՝ յաջորդ առաւօտեան ճանապարհը շարունակեցի դէպի Հադրութ, ապա դէպի Արաքսի հովիտ: Հադրութից ճանապարհը դէպի Արաքսի ափ բարւոք չէ, քանի որ վերջին անգամ վերանորոգուել է խորհրդային տարիներին, երբ տարածքը պատկանում էր Խորհըրդային Ատրպէյճանին: Արաքսի ափով ուղեւորուեցի դէպի Կովսական, որտեղ հաստատուել են շուրջ երկու տասնեակ սուրիահայեր՝ Գամիշլի քաղաքից:

Լրագրողական գործունէութեան ընթացքում բազմաթիւ անգամներ անցել եմ այս ճանապարհներով: Կովսականում կառուցւում է նոր հիւանդանոց եւ նոր մանկապարտէզ: Ամբողջութեամբ նորակառոյց այս շէնքերի շինարարութիւնը շուտով կ՛աւարտուի: Նորակառոյց է նաեւ դպրոցը, որը կրում է Թաթուլ Կրպէեանի անունը:

Կովսականից ուղեւորուեցի Կապան՝ գիշերելու, ապա միւս առաւօտեան շարունակելու ճանապարհը դէպի Երեւան: Արդէն քսան տարի սփիւռքը հեռուստամարաթոնների միջոցով գումարներ է հանգանակում Արցախի ճանապարհները վերանորոգելու եւ նոր ճանապարհներ կառուցելու նպատակով: Լաւ կը լինէր, եթէ ճանապարհաշինարարները եւ այն ընկերութիւնները, որոնք շահում են ճանապարհ կառուցելու մրցոյթները, սրտացաւ լինէին: Ցաւօք, Հիւսիս-Հարաւ ճանապարհի մի շարք հատուածներ այսօր կրկին վերանորոգման կարիք ունեն, քանի որ աշխատանքները որակով չեն արուել: 

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ