2010 թուականից Times Higher Education ամսագիրը, Thomson Reuters մեդիա եւ տեղեկատուական ընկերութեան հետ համատեղ, ներկայացնում է աշխարհի լաւագոյն համալսարանների տարեկան վարկանիշային ցուցակը (THE World University Rankings),

որը համալսարանների լաւագոյն 3 համաշխարհային վարկանիշային աղիւսակներից (THE World University Rankings, QS World University Rankings եւ Academic Ranking of World Universities) մէկն է։

Վարկանիշային աղիւսակի մեթոտաբանութիւնը համատեղ է մշակուել։ Համալսարանների ձեռքբերումները գնահատւում են դրանց գործունէութեան վիճակագրական վերլուծութեան, հաշուետուութիւնների եւ միջազգային ակադեմիական համայնքի փորձագէտների ու գործատուների՝ ԲՈՒՀերին տրուող գնահատականների համակցութեամբ։

Հարցումներն անցկացւում են աշխարհի բազմաթիւ երկրների հազարաւոր փորձագէտների եւ գործատուների շրջանում։ Փորձագէտների ընտրման չափորոշիչներն են գործունէութեան արդիւնաւէտութեան եւ յղումների գիտաչափական վերլուծութիւնը, բուհերում գիտական եւ կրթական գործունէութեան փորձը, առնուազն 50 տպագրուած աշխատանքների առկայութիւնը եւ այլն։

Փորձագէտները 6000 համալսարաններից ընտրում են 400-ը, որտեղ հնարաւոր է ստանալ լաւագոյն կրթութիւն։ Վարկանիշային տարեկան աղիւսակներում բուհերին տրւում են միաւորներ՝ մինչեւ 100։ Բուհին տրուող միաւորը 5 հիմնական չափորոշիչների գումարն է։

Այդ չափորոշիչներն են.

1. Դասախօսական գործունէութիւն, ուսումնական միջավայր։

2. Հետազօտութիւնների ծաւալը, ստացուող շահոյթը, վարկանիշը։

3. Յղումներ, հետազօտութիւնների ազդեցութիւնը ։

4. Ինովացիաներ եւ արդիւնաբերական եկամուտներ։

5. Միջազգային համագործակցութիւնը։

2012-2013թթ. վարկանիշային աղիւսակի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ աշխարհի լաւագոյն համալսարանները հիմնականում գտնւում են Հիւսիսային Ամերիկայում (128 համալսարան) եւ Եւրոպայում (178 համալսարան)։ Դրանց մօտ կէսն անգլոսաքսոնական դպրոցի ներկայացուցիչ են։ Լաւագոյն տասնեակում են 7, իսկ լաւագոյն հարիւրեակում՝ 47 ամերիկեան համալսարաններ։

Ասիական համալսարաններից 57-ն են ընդգրկուած աշխարհի լաւագոյն բուհերի ցուցակում։

Հետաքրքիր դինամիկա է նկատւում ասիական բուհերի ընդգրկուածութեան պատկերում։ Օրինակ, վերջին 3 տարուայ ընթացքում ասիական բուհերի քանակը կրկնապատկուել է եւ 27-ից հասել 57-ի։ Ասիական բուհերի թիւն աճել է հիմնականում հիւսիս-ամերիկեան եւ եւրոպական բուհերի ընդգրկուածութեան հաշուին։

Հումանիտար ուղղուածութեան լաւագոյն 50 բուհերից 46-ը անգլոսաքսոնական դպրոցի ներկայացուցիչներ են։ Բնական եւ տեխնիկական ուղղուածութեան բուհերի շարքում անգլոսաքսոնական դպրոցը դիրքերը զիջում է եւ լաւագոյն 50 բուհերի մէջ կազմում է դրանց մօտ կէսը։

Աղիւսակների վերլուծութիւնից պարզ է դառնում, որ Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի համալսարանները շարունակում են զբաղեցնել առաջատար դիրքեր եւ կազմում են աշխարհի 400 լաւագոյն բուհերի մեծամասնութիւնը։ Նրանց մէջ առանձնանում են յատկապէս անգլոսաքսոնական դպրոցի   ներկայացուցիչները։ Ամերիկեան եւ եւրոպական բուհերը տալիս են հումանիտար գիտութիւնների գծով լաւագոյն կրթութիւնը եւ առայժմ մրցակցութիւնից դուրս են։ Դա վկայում է հումանիտար գիտութիւնների բարձր զարգացածութեան եւ աւանդոյթների մասին։

Պատկերը նոյնը չէ բնական եւ տեխնիկական գիտութիւնների ոլորտում։ Չնայած եւրոպական եւ ամերիկեան բուհերը զբաղեցնում են առաջատար դիրքեր, սակայն տարէցտարի դիրքերը զիջում են ասիական համալսարաններին։ Բնական եւ տեխնիկական գիտութիւնները վերջին տարիներին բուռն աճում են յատկապէս Հարաւ-արեւելեան Ասիայի երկրներում, ինչը հսկայական ներդրումների ու գիտութեան ոլորտի բարեփոխումների արդիւնք է։

Ասիական համալսարանների ներկայացուցչական աճը հիմնականում պայմանաւորւում է հետազօտական համալսարնների թիւի աճով։

Կան հետազօտական համալսարանների 3 հիմնական մոտելներ՝ ամերիկեան, եւրոպական եւ ասիական։

Ամերիկեան մոտելով հետազօտական համալսարանների կարգավիճակը հաստատւում է հասարակական փորձագիտութեան հիման վրայ, եւ հիմնական չափանիշը գիտական հետազօտութիւնների համար մրցոյթով ստացուած միջոցների ծաւալն է:

Գոյութիւն ունի Եւրոպական հետազօտական համալսարանների լիգա (LERU5)։ Եւրոպական հետազօտական համալսարանների մեծ մասն այդ լիգայի անդամ է եւ եւրոպական կրթական համակարգի առաջատար։

Ասիայում հետազօտական համալսարանները ձեւաւորւում են վարչական որոշումների հիման վրայ: Ի տարբերութիւն եւրոպական եւ ամերիկեան հետազօտական համալսարանների, ասիականները «զրոյից» ձեւաւորուած ժամանակակից հզօր կրթական համակարգ են ներկայացնում:

Անդրադառնալով հետազօտական համալսարանների առաջացման եւ նրանց թիւի կտրուկ աճի պատմութեանը՝ պէտք է նշել, որ հետազօտական համալսարաններն առաջ են եկել որպէս զարգացող գիտատար տնտեսութեանը սպասարկող եւ աջակցող կառոյցներ։

Հետազօտական համալսարանները հանդիսանում են գիտատար մեգա-ծրագրերի հիմքը։ Օրինակ կարելի է բերել Չինաստանի վերջին տարիների ամենամեծ գիտատեխնիկական ծրագիրը՝ Շանհայի սինքրոտրոնային արագացուցիչը (SSRF6), որը նախաձեռնել եւ կառուցել է Կիրառական ֆիզիկայի Շանհայի ինստիտուտը (SINAP7)։

Ծրագրի արժէքը մօտ $200 մլն է եւ աշխարհում 4-րդ սերնդի սինքրոտրոնային լաւագոյն արագացուցիչներից մէկն է։

Կիրառական ֆիզիկայի Շանհայի ինստիտուտը համարւում է Չինաստանի լաւագոյն հետազօտական համալսարաններից մէկը եւ միջուկային ֆիզիկայի խոշորագոյն կենտրոններից է։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

ՀՀ-ում այս պահին ընթանում են աշխատանքներ 2 խոշոր գիտատեխնիկական ծրագրերի շուրջ՝ 3-րդ սերնդի CANDLE8 սինքրոտրոնային արագացուցչի (մօտ $120 մլն արժողութեամբ) եւ ԵրՖԻ-ում ռադիոնուկլիդների արտադրութեան (մօտ $50 մլն արժողութեամբ)։

Առաջին ծրագիրը կը խթանի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանութեան, նիւթագիտութեան, բժշկութեան, նանոտեխնոլոգիաների ոլորտի եւ նոր որակի գիտատար տնտեսութեան զարգացումը։

Նշենք, որ Մերձաւոր Արեւելքում եւ ԱՊՀ-ում նման տեխնիկական հնարաւորութիւններով արագացուցիչներ առայժմ չկան, եւ Հայաստանը կþունենայ բացառիկ դիրք այս տարածաշրջաններում։

Արդէն իրագործուել է CANDLE նախագծի առաջին փուլը՝ AREAL9 գծային արագացուցչի կառուցումը։

Համագործակցութեան պայմանագրեր են կնքուել Գերմանիայի, Զուիցերիայի, Ֆրանսայի, Ռուսաստանի, Իտալիայի եւ Չինաստանի հետ։ AREAL-ի սարքաւորումները՝ մօտ $22 մլն արժողութեամբ, նուիրաբերուել են գործընկերների կողմից։

Երկրորդ ծրագիրը կը խթանի բժըշկութեան զարգացումը, յատկապէս ուռուցքաբանութեան ոլորտում։ Հայաստանը կարող է դառնալ ուռուցքների ախտորոշման եւ բուժման տարածաշրջանային կենտրոն։

Այս երկու խոշոր ծրագրերի իրագործման եւ արդիւնաւէտ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է բարձր որակի մասնագէտների պատրաստում, համապատասխան գիտական ուղղուածութեան ինստիտուտների ստեղծում, լայն ընդգրկուածութիւն միջազգային գիտակրթական համակարգում, տեխնոպարկի, ձեռնարկութիւնների ինկուբատորի ստեղծում, որի միջոցով էլ կÿառեւտրայնացուեն գիտական նորամուծութիւնները։

Նմանատիպ աշխատանքները կարելի է իրագործել միայն նոր հետազօտական համալսարանի ստեղծմամբ։

ՀՀ ԿԳՆ Գիտութեան պետական կոմիտէի կողմից մշակուած ՀՀ գիտութեան զարգացման ռազմավարութեան մէջ յատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ-ում հետազօտական համալսարան ստեղծելու նախագիծը։ 2015 թուականից նախատեսւում է սկսել բնագիտական ուղղուածութիւն ունեցող Տեխնոլոգիական հետազօտական համալսարանի ստեղծման աշխատանքները։

ՀՀ գիտակրթական միջավայրը համապատասխանում է վերը նշուած չափանիշներից մի քանիսին։ Կան աւանդական գիտական դպրոցներ ֆիզիկայի, կենսաբանութեան, քիմիայի ոլորտներում։ Գիտական հետազօտութիւնների արդիւնաւէտութեան առումով ԱՊՀ եւ Մերձաւոր Արեւելքի երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է երկրորդ տեղն Իսրայէլից յետոյ։

Բարձր է նաեւ միջազգային ծրագրերում ներգրաւուածութեան աստիճանը։

Առկայ գիտակրթական ենթակառուցուածքները նոյնպէս օժանդակող մեծ դեր են կատարելու։

Խոչընդոտող հանգամանքների շարքին կարելի է դասել կրթութեան եւ գիտութեան համակարգերում առկայ բազմաթիւ պրոբլեմները.

- միջնակարգ կրթութեան անցումային շրջանի հետ կապուած խնդիրները

- կրթական ծրագրերի անհամապատասխանութիւնը ժամանակակից պահանջներին

- կոռուպցիան՝ կրթական համակարգում

- հնացած նիւթատեխնիկական բազան

- մասնաւոր սեկտորի սահմանափակ հետաքրքրուածութիւնը գիտական արտադրանքի առեւտրայնացմամբ

- գիտութեան թեր-ֆինանսաւորումը։

Առկայ պրոբլեմներից շատերից խուսափելու համար պէտք է ստեղծուի լիովին նոր համալսարան, ոչ թէ եղած համալսարանների հիմքի վրայ, քանի որ այդ դէպքում միայն ստեղծուելիք համալսարանը չի ժառանգի նախորդների բոլոր հիմնական պրոբլեմները։

Կրթութիւնը պէտք է իրագործուի միջազգային առաջաւոր կրթական ծրագրերի շրջանակներում եւ գիտական ինստիտուտներում, որպէսզի ապահովուած լինի կրթութիւն-գիտութիւն կապը։

Դասախօսական անձնակազմը պէտք է ընտրուի հիմնականում գիտական հանրութիւնից, ինչը կþապահովի գիտութիւն-կրթութիւն-գիտութիւն կապը եւ զերծ կը պահի ներկայիս կրթական համակարգին յատուկ պրոբլեմներից։

Հետազօտական համալսարանին յատկացուող միջոցները պէտք է ունենան աւանդական համալսարաններից տարբեր բաշխուածութիւն։ Ֆինանսաւորման առնուազն 35-40%-ը պէտք է յատկացուի զուտ գիտական աշխատանքներ իրականացնելու համար (ՀՀ-ում գործող համալսարաններում գիտութեանը յատկացւում է 0-10%)։

Համալսարանի կազմում պէտք է լինի ուսանողական կամպուս, որը միջազգային գիտակրթական կենտրոններին իւրայատուկ մշակոյթ կը ստեղծի։

Չնայած առկայ բոլոր խնդիրներին, Հայաստանը պարտաւոր է գնալ մեգա-ծրագրերի իրագործման եւ հետազօտական համալսարանների ստեղծման ճանապարհով, եթէ ցանկանում ենք 21-րդ դարում ունենալ մրցունակ կրթութիւն, գիտութիւն, տնտեսութիւն եւ, իհարկէ, պետութիւն։

Տիգրան Յարութիւնեան
«Նորավանք» ԳԿՀ փոխ տնօրէն,
«Ուսումնական կեդրոն»ի ղեկավար