Առջեւում ձմեռ է, կանգառներում այլեւս քնել չի լինի: Ձմրանը սկսում ենք կռիւ տալ կատուների հետ. ով շուտ հասաւ տանիք, նա էլ գիշերելու տեղ ունի: Ձմրանն ամէնից յաճախ ես յիշում ընտանիքդ, աւելի յաճախ ու աւելի թունդ հայհոյում քեզ տնից դուրս շպրտողներին, աւելի շատ խմում, աւելի քիչ խօսում:
Բայց ձմեռը տարուայ միակ եղանակն է, որի ժամանակ սպասում ես, սպասում ես եղանակները տաքանան՝ յոյսով, որ… Չէ, ոչ մի բանի յոյսով, ուղղակի սպասում ես եղանակների բացուելուն: Անձրեւները տանելի են. դառնում ես խլուրդ ու հոտոտելով, ձեռքերդ առաջ պարզած փնտռում չոր կանգառներ: Մոռացայ՝ ձմեռը մի առաւելութիւն էլ ունի. աղբամաններն այլեւս չեն բուրում, հանգիստ կարող ես ինչ-որ բան որոնել, բայց, դրան զուգահեռ, ձմրանը մարդիկ նստում են ընդեղէնի վրայ, իսկ աւել մնացած ճաշը թափելու համար ալարում հասնել մօտակայ աղբամանին՝ կոյուղին կայ ու կայ: Ձմրան հագուստ միշտ էլ գտնւում է, փառք Աստծոյ, հայ կանայք ուրիշ են՝ հագուստեղէնը չեն նետում աղբարկղը, տոպրակով դնում են աղբամանի կողքը: Տեսած կը լինէք, որ բոմժերն ամրանը տաք են հագնւում. չէ, չենք մրսում, ուղղակի շորերդ պահելու տեղ չունես, միւսները կը գտնեն ու կը գողանան:
Տիգրան Մեծ փողոցում մի բարձրայարկ շէնք կայ, ամէնից յարմարը դրա տանիքն է: Վերջին յարկում ունեւորներ են ապրում, տունն էնպէս են տաքացնում, որ մէկ-մէկ գնում-կպնում եմ դրսի պատերին՝ մարմինս տաքացնելու համար: Լաւ մարդիկ են, մի անգամ, հա, ծեծել են ինձ, բայց ես էի մեղաւոր: Գիշերով տանիք էի բարձրանում, աղջիկն էլ տուն էր վերադառնում, ինձ տեսաւ՝ ձայնը գլուխը գցեց՝ գիտէր գող եմ: Հօրիցս յետոյ առաջին ծեծն էր: Վախեցրին, թէ կը սպաննեն, եթէ էլի տանիքում տեսնեն, բայց ճար չունէի: Յետոյ կամաց-կամաց ընտելացան ինձ, տեսան, որ անշառ եմ ու սեզոնային /միայն ձմեռն եմ տանիքում քնում/: Խմում-քնում էի: Մէկ-մէկ, որ տեսնում են տանիք եմ բարձրանում, կինը տաք-տաք ճաշ է լցնում պլաստմասսայից ամէնի մէջ ու դնում աղբատար խողովակի կողքը: Բայց գդալ մոռանում է տալ:
Գիտեմ՝ վրայիցս հոտ է գալիս. ամսուայ մէջ մէկ անգամ եմ գնում բաղնիք, եթէ բախտս բերում է ու հին ածելի եմ գտնում, տեղում միրուքիս հարցերը լուծում եմ: Չնայած էլ ինչ բոմժ, որ միրուք չունենայ: Երբեք ձեռքս չեմ պարզում ու «հացի փող տուէք» ասում: Ինձ արդէն ճանաչում են, գիտեն, որ խմող եմ, բայց, մէկ է, շատերն են գումար տալիս: Անգամ բարեւողներ ունեմ:
Թոռանս շատ եմ կարօտում, ձմրանը կարօտն անտանելի է դառնում: Մի օր հաւաքած փող ունէի, Ֆիրդուսու տօնավաճառից փոքր ավտօ գնեցի, գնացի մանկապարտեզի մօտ, ծնողներից մէկին խնդրեցի, որ տայ թոռանս ու ասի, որ պապին ա տուել: Էդ օրը կանգնել էի հեռւում ու սպասում էի, որ թոռս դուրս գայ՝ ձեռքին իմ տուած խաղալիքը: Ուղղակի պիտի տեսնէի՝ հեռուից: Տղաս եկաւ, որ երեխուն տուն տանի: Տեսաւ ինձ՝ հեռւում կանգնած: Երեխուն գրկած դուրս եկաւ մանկապարտէզից, յետոյ երեխու ձեռքից խլեց խաղալիքը ու ցուցադրաբար շպրտեց գետնին: Թոռս լացում էր… Իմ տուած խաղալիքի համար էր լացում, չնայած հիմա հասկանում եմ, որ երեխայ է՝ ինչ խաղալիք էլ ձեռքից վերցնես, լացելու է:
Երբեք չեմ սիրել տօները, պարադները: Իրականում դրանց իմաստը մէկն է՝ ձեւը՝ ցուցադրական բաներ կան դրանց մէջ: Բայց հիմա տօն օրերը տօն են ինձ համար՝ գարեջուր հիւրասիրող ջահել տղերք՝ լիքը, ծխախոտի անսպառ պաշար, չհաշուած՝ ադի-բուդին: Բացօթեայ համերգների ժամանակ գնում-շարքերով պտտւում եմ, ժամը մէկ հաւաքածս բերում ու մի տեղ թաքցնում ու կրկին դուրս գալիս որսի: Համերգները համերգի նման չեն, ճիշդ է, բայց համերգի եկողները հազար համերգ արժեն ինձ համար:
Բոլոր գրպանահատներին ճանաչում եմ, իրենք էլ՝ ինձ: Վատ տղերք չեն, մէկ-երկուսն են խուժան: Չեմ արդարացնում, բայց էս ժողովրդին հասնում է: Պայքարող չեն, պայքարող չենք: Հայի սովորութիւն է՝ «է՜հ» ասել ու ձեռքը թափ տալ, երբեմն՝ հպարտութիւնից դրդուած, իսկ յետոյ բոմժի կամ գողի կեանք վարել՝ հպարտօրէն:
Ռուսաստանում ինձ համար հանգիստ աշխատում էի, կանչեցին, թէ՝ պա՛պ, արի, արդեն մեծ ես, արի քեզ տիրութիւն կ'անենք: Տունս տղայիս անունով արեցին, իսկ որոշ ժամանակ անց կամաց-կամաց սկսեցին ինձ դիտել որպէս աւելորդ իր՝ սեփական տան մէջ: Հերթական կռուի ժամանակ տղես թեւերիցս բռնեց ու հայդէ՝ այնտեղ, ուր ձմեռ կայ:
Ոչ մի պետական մարմին չգիտի, թէ Հայաստանում քանիսն են անտունները, պարզ է միայն, որ, 2013թ. առաջին կիսամեակի տուեալներով, ՀՀ-ում 2012թ. ՀՀ ոստիկանութեան կողմից հաշուառուել է 16 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխայ: Ի դէպ, օրերս պարզ դարձաւ, որ Անկախութեան հռչակման 22-րդ տարեդարձին նուիրուած՝ Նունէ Եսայեանի տօնական համերգը ՀՀ պետական բիւջէին արժեցել է 54 691 400 դրամ:
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԵՐԿԻՐ