ՄԱՐԴՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԹՈՒԼՈՒԹԻՒՆԸ

Անթերի մարդ գոյութիւն չունի, բայց կան մարդիկ, որ իրենց թերութիւնները չգիտեն, կամ էլ սքողել գիտեն:

Ով որքան մեծամտանում, այնքան փոքրանում է:

Բախտը ընդառաջ չի գնում նրան, ով դժգոհում է բախտից:

Կեղծիքը նման է փայտի, ուշ կամ կանուխ ջրի երես կÿելլնի:

Արդար քննադատութիւնը բուժիչ բալասան է, անարդարը՝ ժահր ու թոյն:

Պարտութիւնը քայլ առ քայլ հետեւում է իրեն անպարտեալ կարծողին:

ԻՄ ՎԱԽԸ

Ո՛չ տարերքից, ո՛չ հողմերից,
Ո՛չ աշխարհի չարիքներից,
Ո՛չ տագնապից, ահազանգից,
Ո՛չ թշնամու համազարկից,
Այս ափերում հեռու, օտար
Վախենում եմ միայն, միայն
Իմ քաղցրահամ ոսկեղենիկ,
Հայոց լեզուի լռութիւնից,
Համրութիւնից...


ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Միտքս պրկւում է, ձգւում է հեռուն՝
դէպի բարձունքը Սուրբ Արարատի,
Որտեղ փոթորկւում, սիրտս ալեկոծւում է,
բազմախոց հոգիս խոկում է, ցնծում:

Առանց քեզ պանդուխտ հայ եմ վիրաւոր,
Ինչպէս տաճարից փլուած մի բեկոր,
Ապրում եմ, շնչում, տեսքիդ կարօտով,
Տոգորուած եմ հայր քո վեհ հմայքով:

Ես հաւատո՛ւմ եմ՝ այդ օրն պիտ տեսնենք,
Քեզ հետ միասին տուն պիտի մտնենք,
Որ շուրջդ խմբուենք, ուս-ուսի յենուենք,
Մեր յաւերժութեան փառերգը երգենք...


ՍՐԲՈՒԱԾ ԱՐՑՈՒՆՔ

Ես իմ կորստի արժէքը գիտեմ,
Գիտեմ արցունքն իմ անձկութեամբ սրբել,
Բայց գիտեմ նաեւ անկէզ հաւատով,
Փրկութեան իմ դուռն իմ ձեռքով բացել:

Եղեռնարարուած իմ ճակատագրից
Գիտեմ, թէ ինչպէս պիտի վեր յառնեմ,
Բոլոր վէրքերս հերթով ամոքեմ,
Չարից խուսափեմ, բարուն միշտ փարուեմ:

Որքան ուզում են թող դաւեր նիւթեն,
Սադրեն, խարդաւեն, ինձ չհանդուրժեն,
Ես իմ ուժերին պիտ ապաւինեմ
Ու նուիրական երազիս հասնեմ:

ԱՆՔՆՈՒԹԻՒՆ

Արեգակն անգամ ուշ երեկոյեան
Դառնում է ստուեր սարերի լանջին:

Քո սէրը, մա՛յր իմ, ջերմ ու կաթոգին
Չի ննջում անգամ խաւար գիշերին...

ԱՆՏԱՐԱԿՈՅՍ…

Ազգիս համար
Ցաւ ունենամ,
Երջանկութիւն՝
կը կոչեմ,
Հողիս համար
Մահ ունենամ,
Անմահութիւն՝
կը կոչեմ…

ՉՄԱՐՈՂ ՍԷՐ…

Վշտիս գետը
Ծով է եղել,
Հոգսիս լեռը՝
երկինք հասել,
Հայրենիքիս՝
Սէրը սակայն,
Ինձ յոյս ու լոյս, շունչ է տուել:

ԱՆԳՈՐՈՎՆԵՐՆ…

Վաշխառուներն
Այս աշխարհում,
Չունեն խղճի՝ չնչին յակում,
Կեղծ խօսքերով
Գերագոյն,
Յայտնութիւնով երերուն,
Ծանրութիւնդ են
Դատարկում,
Հնարներով՝ բազմանուն…

ԹՇՈՒԱՌ  ԱՇԽԱՐՀ

Այս աշխարհում
Շահամոլի,
Հոգու աչքով, կոյր ու թերի,
Խարխափում են
Ու չեն տեսնում,
Ծուռութիւնը ճանապարհի,
Պեղում, պեղում
Ու չեն գտնում,
Պարզութիւնը ուղիղ ճամբի…

ՎԱՂԸ…

Հոգ ես անում
Ո՜վ հողածին,
Թէ այս կեանքից
Ի՞նչ կը տանես…
Լաւ կը լինի
Եթէ խորհես,
Թէ աշխարհին
Ի՞նչ կը թողնես…

ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ…

Երբ նայեցինք
Իրարու՝
Հայեացքներն մեր քարացան,
Այդ վարյկեանին
Մտասոյզ՝
Ինչե՜ր, ինչե՜ր, նորացան…
Մեր սրտերը
Լոկ զղչանքով,
Իրար անխօս՝ հասկացան,
Մի յուզալից
Թախծանքով՝
Տխուր, անկար, հեռացան…

ԱՒԻԿ ՏԷՅՐՄԷՆՃԵԱՆ
Պոսթըն