«Եթէ կայ մէկը, ում կարող ես ամէն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես», ասում էր Սօս Սարգսեանը:

Ես հաստատ երջանիկ եմ՝ գրեթէ քսաներկու տարի իմ կեանքում ունեցել եմ Սօս Սարգսեանի ներկայութիւնը, ոչինչ չեմ թաքցրել նրանից‘ խոստովանութեան, ինքնամաքրումի, մոմ վառելու ու շնչելու պէս: Այսպէս էր շատերի համար, բոլորիս համար…

Նրա կողքին ամուր էինք, որովհետեւ նրա աչքերում ու հայեացքում մեր պատմութեան թանկ բեռն ու լոյսը կար, որ մեզ լաւատեսութեան էր դրդում:

Նրա կողքին ազնուականօրէն բարձրանում էինք, որովհետեւ նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնութեան ու բարոյականութեան էր դրդում:

Նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ, որովհետեւ նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատուութեան ու ուղիղ մէջքով ապրելու էր դրդում:

Կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սօսի խօսքը, որովհետեւ այն մեր աղօթքից էր սերում ու մեզ յոյսի ու սիրոյ էր դրդում:

Աղմուկով ու որոմով լեցուն մեր ժամանակներում ուրիշ ու անխառն էր Սօսի ձայնը, որովհետեւ այն մեր արմատից էր սնւում ու մեզ մեր հոգու ու խղճի տեղն էր յիշեցնում:

Գնաց ազգի Մեծը, Սօսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ՝ մինչեւ կեանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով:

Մի քիչ անտէր եմ, մի քիչ մենակ, մի քիչ դատարկ, մի քիչ պարտուած՝ իմ, մեր թիկունքից մի ծանր բերդ ընկաւ, նօսրացաւ մեր խղճի ձայնը, աղքատացան մեր հոգու տարածքները:

Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ: Հայոց հանճարին հաւատացող Սօսը մեզ հետ է նաեւ հզօր ու յաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տէր կանգնելու իր տեսակի պարտադրանքով:

Ին՛չ երջանիկ ենք մենք, ես, որ Սօսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտութիւնն ենք ունեցել: 

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ