Օրերս տխուր լուր ստացուեց Յունաստանից. վախճանուել է յունահայ ազգային գործիչ, ազգային բարերար եւ հայի իւրայատուկ տեսակին պատկանող Կարապետ Ռուբէնի Գալֆայեանը:
Տխրութիւն է պատել հոգիս. մէկառմէկ յիշում եմ պարոն Գալֆայեանի հետ շուրջ տաս տարուայ մեր ծանօթութեան բազմաթիւ եւ բազմազան մտերմիկ զրոյցները, ազգային եւ Հայաստանի պետական խնդիրների վերաբերեալ մեր զրոյց-մտահոգութիւնները, երբեմն էլ մեղմիկ վիճաբանութիւնները: Ամէն դէպքում էլ մեր տարաբնոյթ զրոյցների աւարտը յանգում էր Հայաստանի պետական ու սոցիալական դրուածքի ամրապնդման անհրաժեշտութեանը, ազգային միասնականութեան անհրաժեշտութեան գաղափարին, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը, որի անդավաճան մշակներից էր: Բանիմաց, ազգային մեծ ու փոքր տագնապներով եփուող-տապակուող մարդ էր Գալֆայեանը: Գրեթէ ամէն ինչի նկատմամբ անսահման հաւատ ու յոյս ունէր: Խօսքը հատու էր, կշռադատուած եւ անզիջող: Ազգային բարերար էր, հռետորական ձիրքով օժտուած, որի հրապարակաւ ասուած խօսքը գերող էր ու իմաստալից: Նաեւ համով-հոտով զրուցակից էր. յիշողութեանս մէջ վառ են յունահայ կեանքից նրա պատմած-նկարագրած «Յակոբլարը», «Ուրֆացին» եւ այլ իրական պատումները:
Իրական ազգային գործչի եւ օրինակելի հայրենասէր Կ.Գալֆայեանի անձի ու գործունէութեան վերաբերեալ իմ գրառումները տեղ են գտել հէնց նրա ու որդիների ամբարած-ստեղծած հայոց մշակութային արժէքների հաւաքածուին նուիրւած իմ «Մշակութային արժէքների Գալֆայեան հաւաքածոյի արձանագիր իրերը» («Տիար Կարապետ Գալֆայեանի կենսագրական դիմանկարը») եւ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» (2012) աշխատութիւններում: Բարեբախտաբար այդ երկու աշխատութիւններն էլ տեսաւ պրն. Գալֆայեանը եւ գոհունակութեամբ էր լցուած:
Արդ, այս վշտալից առիթով այլ խօսք եմ ուզում շարադրել եւ ընթերցողի ուշադրութեանն եմ ներկայացնում իմ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» գրքում պրն. Գալֆայեանի վերաբերեալ շարադրուած հատուածը.
«2004թ. Հոկտեմբեր, Յունաստան: Տեղի Համազգային կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու հրաւէրով Թեսալոնիկում՝ հայկական համայնքի համար բանախօսում եմ «Հայկական քրիստոնէական յուշարձանները», որը յագեցած է պատմական Հայաստանի հայկական յուշարձանների հարուստ լուսանկարների ցուցադրութեամբ: Մէկ ժամից աւել տեւած բանախօսութիւնից յետոյ եղան հարցուպատասխաններ եւ ոգեւորուած շնորհակալական ելոյթներ: Ձեռնարկի աւարտին ինձ մօտեցաւ ժրաջան, հայրենասիրական զգացմունքներով ափեափ լցուած, 70-ի մօտ, բարձրահասակ մի անձնաւորութիւն: Ծանօթացանք համակրելի ու հաճելի զրուցակից Կարապետ Գալֆայեանի հետ: Զրուցակիցս խնդրեց ժամանակ տրամադրել եւ աւելի հանգամանալից զրոյցը շարունակել իր տանը, որը գտնւում էր հայկական եկեղեցուց ոչ այնքան հեռու:
Պարոն Գալֆայեանի եւ նրա տիկնոջ՝ Անահիտի հետ զրուցելով շարժուեցինք դէպի նրանց տուն, որտեղ մտնելուց յետոյ այն տպաւորութիւնն էր, ասես թանգարան էի մտել: Բարձրայարկ շէնքի երեք սենեակների պատերին կախուած էին հայկական ու յունական, եւրոպական արուեստի գեղանկարներ, այս ու այն կողմ դրուած կամ կախւած՝ XVII-XIX dd. հայկական կիրառական ար-ւեստի զանազան առարկաներ…
Հիացմունքիս չափ ու սահման չկար: Խոհանոցում հայեացքս գամուեց պատից կախուած զանազան իրերից մի քանիսի հայերէն արձանագրութիւններին: Վերցրի, շուռումուռ տուեցի, ընթերցեցի XVII-XVIII դդ. արձանագրութիւնները…. Եւ տէր ու տիկին Գալֆայեանների հետ նախատեսւած մէկժամեայ հանդիպումս երարաձգուեց-հասաւ երեք ժամի, երբ տեղեկացայ, որ իրենց հաւաքածոյում եղած հայկական բազմաթիւ առարկաներն ունեն հայերէն արձանագրութիւններ: Ինչպէս ասում են, ուրախութիւնիցս ծնկներս թուլացել էին…
Սեղանի շուրջ, վայրկեան առ վայրկեան, ծանօթութեան սովորական զրոյցը ինձ համար վերածուեց մի շարք բացայայտումների, մասնագիտական անկասելի հետաքրքրասիրութեան եւ անսքող ուրախութեան:
Ինձ համար պարզ դարձաւ, որ Կեսարիայի Թալաս քաղաքից սերող այդ գերդաստանը բազմաթիւ հայ եւ յոյն ընտանիքների հետ Յունաստան է ներգաղթել 1922 թ., որտեղ Գալֆայեանները տասնամեակներ շարունակ զբաղուել եւ զբաղւում են ազգային, մշակութային աշխատանքներով: Գալֆայեանները՝ շարունակելով իրենց գերդաստանի աւանդական-ազգային գործունէութիւնը, այն համալրել են շատ կարեւոր մի բնագաւառով եւս՝ ազգային կիրառական արուեստի նը-մուշների ու մասունքների ձեռքբերմամբ (գնմամբ) հաւաքածոյ ստեղծելու շատ կարեւոր գործով, որը 1980-ական թուականներից ի վեր շարունակւում է արդէն Կ.Գալֆայեանի որդիների՝ Ռուբէնի եւ Արսէնի ջանքերով: Եւ այսօր, ի դէմս Գալֆայեան ընտանիքի, աշխարհի աճուրդներից, անհատներից գնուել-ժողովուել է XVI-XIX դդ. հայկական կիրառական արուեստի զանազան առարկաների մի իւրօրինակ հաւաքածոյ:
Մի քանի ժամ տեւած մեր զրոյցի ընթացքում քննարկեցինք այդ հաւաքածոյի նիւթերը ցուցահանդէսով ներկայացնելու, արձանագիր իրերը առանձին հատորով հայագիտութեանը ներկայացնելու խնդիրը: Յունաստանից վերադառնալուց յետոյ եւ մինչ այժմ էլ շարունակ- ւող էլեկտրոնային նամակագրութեամբ ու հեռախօսազըրոյցներով քննարկել ու վերաքննարկել, ճշդել ու վերաճշդել ենք մի շարք հարցեր ու խնդիրներ, և… Եւ մեր համագործակցութեան արդիւնքը եղաւ այն, որ Եւրոպայում ճանաչում ունեցող Յունաստանի Բիւզանդական արուեստի թանգարանում 2010 թ. Յունիսի 11-ից Հոկտեմբերի 10-ը Յունաստանի կառավարութեան աջակցութեամբ եւ կառավարական մակարդակով իրականացւեց այդ հաւաքածոյի բազմաթիւ եւ բազմազան իրերի մեծ ցուցահանդէսը, որը յունական շրջանակներից բացի մեծ հետաքրքրութիւն առաջացրեց նաեւ եւրոպացի մասնագէտների շրջանում:
Մինչ այդ, Բիւզանդական արուեստի թանգարանի պաշտօնական հրաւէրով, 2007-ին երկու ամիս տեղում մասնակցեցի ցուցահանդէսի մէջ ընդգրկուած նիւթերի դասդասման, թուագրման, բացատրագրերի կազմման եւ յունարէն թարգմանման աշխատանքներին, վերծանելով նաեւ բոլոր հայերէն արձանագրութիւնները: Ամէն վայրկեան նորանոր բացայայտումներով եւ հնարաւոր խորաթափանցութեամբ, ամէն օր ժամը 9-16-ը լարուած աշխատում էի թանգարանում, ժամը 18-ից 20-ը՝ Գալֆայեանների տանը եղած իրերը ուսումնասիրելով: Թէ՛ թանգարանի աշխատակիցները եւ թէ՛ Գալֆայեանները մի տեսակ զարմանք ու հիացմունք էին ապրում…
Գալֆայեան ընտանիքի եւ Բիւզանդական արուեստի թանգարանի հետ իմ համագործակցութեան արդիւնքում դեռ եւս 2007 թ. հայերէն եւ անգլերէն հրատարակման պատրաստեցի «Մշակութային արժէքների Գալֆայեան հաւաքածոյի արձանագիր իրերը» մեծածաւալ հայերէն-անգլերէն աշխատութիւնը, որի լոյս աշխարհ գալը, ցաւոք, դրամական միջոցների բացակայութեամբ պայմանաւորուած, յետաձգւում է տարեցտարի (յուսանք,որ գուցէ լոյս տեսնի այս կամ էլ յաջորդ տարի եւ բարեբախտաբար այն լոյս տեսաւ 2013 թ. սկզբներին - Ա. Ա.): Իսկ ցուցահանդէսի մեծաչափ, գունազարդ եւ 228 էջանոց կատալոգի անգլերէն (ASPECTS OF ARMENIAN ART KALFAYAN COLLECTION) ու յունարէն տարբերակները, որոնց կազմման աշխատանքներում առկայ է նաեւ իմ մասնակցութիւնը, լոյս են տեսել Աթէնքում 2010-ին»:
Յիշատակդ անանց՝ Կարապետ Գալֆայեան:
Արգամ Այվազեան
հայագէտ-նախիջեւանագէտ,
ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ