ԵՐԲ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԷՐ ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿԸ...
Կը գրէ Աւետիք Իսահակեանի թոռը՝
Աւիկ Իսահակեանը
Այսօր շատ բան չի յիշւում, դրա համար մենք պէտք է գրենք, որ չմոռացուեն 40-50 տարի առաջ արուած սեւ գործերը: Մենք պիտի յիշեցնենք, որ դրանք նորից չկրկնուեն:
Աւիկ Իսահակեան
1967 թուականի Հոկտեմբերի 17-ին լրացաւ տասը տարին, որ Վարպետը՝ Աւետիք Իսահակեանը, չկար: Յիշեցին, որ դեռ եւս տասը տարի առաջ որոշում էր կայացուել, որ Հայաստանի ԳԱ Մ. Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտը ձեռնամուխ պէտք է լինէր Իսահակեանի երկերի գիտական (ակադեմիական) հրատարակութեան իրականացմանը: Ճիշդն ասած՝ ժամանակին՝ 1963-1964 թթ., երբ Գրականութեան ինստիտուտի տնօրէնը դեռ պրոֆեսոր Գուրգէն Յովնանն էր, մեր տանը Արամ Ինճիկեանի ղեկավարութեամբ ամէն օր
տեքստաբանների մի խումբ (ներկայումս կայ այդ խմբի ակտիւ աշխատակցուհիներից մեր Անահիտ Վարդանեանը) սկսել էր աշխատանքը Վարպետի ակադեմիականի ուղղութեամբ, մշակում, դասաւորում էին ձեռագրերը, պատրաստում էին ապագայ ակադեմիականի հատորների ծրագիրը: Եւ տատիկս շա՜տ ոգեւորուած, ինչքան կարող էր օգնում էր խմբի աշխատանքներին: Իր ձեռքով կաթով սուրճ էր պատրաստում, մայրս էլ՝ խմորեղէն: Բոլորն էլ գիտէին, որ ազգօգուտ գործ է արւում:
Հայ Հանճարներ՝
Վիկտոր Համբարձումեան, Մարտիրոս Սարեան, Դերենիկ Դեմիրճեան, Աւետիք Իսահակեան
Երբ սկսեցին այդ աշխատանքները, ես հազիւ 19 տարեկան էի եւ չնայած լաւ կարդում էի պապիս ձեռագրերը, բայց մեր գիտնականները մի տեսակ խանդով էին նայում այն հանգամանքին, երբ տատս կանչում էր, թէ՝ Աւիկ, Աւի՛կ, եկ տե՛ս ինչ է գրել Աւետիքը, տե՛ս ինչեր է ասում թուրքերի մասին... Եւ երբ մօտենում էի սեղանին, նրանց թւում էր, թէ իրենց «աշխատանքին», որ բացառիկ գաղտնի բնոյթ ունի, կարող է տեղեակ լինի մէկը, որը չունէր այդ արտօնութիւնը: Եւ փոքր-ինչ շփոթմունք էր տիրում այն տիրոյթում, ուր փռուած էին պապիս ձեռագրերը... Դէ, իսկ ձեռագրերը խօսել չգիտէին, բայց օժտուած էին համբերութեամբ, որ կու գայ պահը, եւ Աւիկը մօտիկ կու գայ... Եւ Արամ Նիկիտիչին էլ թւում էր, թէ Աւիկը մի պահ մի բան կþիմանայ, որ «վստահուած էր» միայն իրենց: Երեւի ինստիտուտի տնօրինութիւնը ցուցում էր տուել, թէ այնպէս արէք, որ Վարպետի գրածների բովանդակութիւնը ձեզանից բացի մարդ չիմանայ: Թէեւ թոյլտուութիւնը ընդհանրապէս Աւետիքի ձեռագրերը ուսումնասիրելու առնչութեամբ այդ խմբին տատս էր տուել, սակայն այդ մասին «մոռանում էին»: Եւ երբ նրանք գնում էին, ես եւ տատս նստում, երկար նայում, կարդում էինք միմեանց փայլուն կտորներ եւ զարմանում. արդէն 7 տարի է, որ Վարպետը մահացած էր, մի՞թէ չէր կարելի մի հատոր նրա անտիպներից տպագրել: Արամ Նիկիտիչն ասում էր՝ դեռ շուտ է, այ, մի քանի տարուց... Եւ մի բան, որ ուշանում է, ժամանակին չի արւում, յետոյ աւելի չարագուշակ բնոյթ է ստանում:
Ռազմաճակատից եկած եւ ապա 10 տարի Գրականութեան ինստիտուտում աւագ գիտաշխատող աշխատած Յովնանին 1954 թուականին նշանակումէն ինստիտուտի տնօրէն եւ ուղիղ տասը տարի նա մնաց այդ պաշտօնում: Հարկ է ասել, որ Յովնանի օրոք տպագրուել են ինստիտուտի լաւագոյն հրատարակութիւնները, մանաւանդ հայ դասականների ակադեմիական հատորները: Հէնց Յովնանն էլ նախաձեռ- նեց Իսահակեանի ակադեմիականը: Սակայն 1964 թուականին նշանակեցին Գրականութեան ինստիտուտի նոր տնօրէն՝ Վաչէ Նալբանդեանին, նոյնպէս պատերազմի բովով անցած, սակայն հետագայում ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող, որն, ի դէպ, լինելով Մ. Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտի տնօրէն, իր դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Թիֆլիսում, քանզի նրա դոկտորականի առաջին պաշտպանութիւնը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտխորհրդում տապալուեց, թէեւ քուէարկողների մի մասը շնորհաւորել էին նրան՝ այդ շրջանում նաեւ Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահի տեղակալին: Ուստիեւ ակադեմիական ինստիտուտի տնօրէնը, թողած այն գիտխորհուրդը, որն ինքն է ղեկավարում, գնում է ատենախօսութիւն պաշտպանելու հարեւան Վրաստանում:
Մի խօսքով, կարճահասակ Յովնանին փոխարինեց բարձրահասակ Նալբանդեանը: Վերջինս էլ, քանի որ իր թեկնածուական դիսերտացիան գրել էր «Սովետական պատմավէպը եւ Դ. Դեմիրճեանի «Վարդանանքը» թեմայով (կարծես թէ պատմավէպը կարող է լինել կապիտալիստական կամ դեմոկրատական), որոշեց կանգնեցնել Իսահակեանի ակադեմիական հրատարակութեան խմբի աշխատանքները եւ փոխարէնը ձեռնամուխ լինել Դեմիրճեանի ակադեմիականին: Նալբանդեանը կուսակցական ցենտրալիզմի հրաշալի գիտակ էր: Շուտով գտնուեց Վարպետի ակադեմիականի դադարեցման պատրուակը: Հարիր չէ, որ գիտական խումբը աշխատէր տնային պայմաններում, թէկուզ այդ տունը Վարպետինն էր եւ այդտեղ էր բանաստեղծի ողջ արխիւը: Պետութիւնը աշխատավարձ է տալիս, սակայն աշխատում են մասնաւոր անձի առանձնատանը. մինչեւ բոլոր ձեռագրերը չկոմպլեկտաւորուեն պետական յարկի ներքոյ, մինչեւ չիմանանք, թէ ինչ է գրել Վարպետը իր «թափառ կեանքում» եւ ինչ է պատրաստւում տպագրել Ինճիկեանի խումբը, ինչպէ՞ս կարելի է նման գործունէութիւնը շարունակել: Թէ չէ սա ընդհատակեայ աշխատանքի պէս մի բան է: Իսկ եթէ մի նամակ կամ այլախոհ բանաստեղծութիւն անլեգալ ընկնի դաշնակցական մամուլի ձե՞ռքը: Ու այս հարցը, որպէսզի օրինական լուծում ստանայ, դրուեց Գրականութեան ինստիտուտի գիտխորհրդի նիստի, որը տեղի ունեցաւ 1966 թուականի աշնանը՝ բրեժնէեան «լճացման» սկզբնական շրջանում: Ինձ էլ էին հրաւիրել: Որպէս հնարաւոր տարբերակ՝ մեզ ասում էին՝ Վարպետի ձեռագրերը պահ տուէք մեզ, ենթադրենք մի հինգ տարով, յետոյ այն մենք ձեզ կը վերադարձնենք:
Ինչպէ՞ս կարող էինք մենք համաձայնուել նման ոչ իրաւաբանական հիմք ունեցող մի առաջարկի հետ: Այն, որ տատս աչքի լոյսի պէս պահել է՝ վտանգի ենթարկելով իր կեանքը, մի քանի անգամ անցկացրել ռուսական միապետութեան սահմաններով, եւ յետոյ՝ այն սրբութիւն է եղել մեր օջախում տարիներ շարունակ, ինչպէ՞ս յանձնես բախտի քմահաճոյքին:
Բնական է, մերոնք չհամաձայնուեցին: Առաջարկ եղաւ դիմացը գումար տալ, բայց քանի որ գումարը մեծ էր լինելու, ուզում էին այն վճարել մաս-մաս՝ մի քանի տարիների ընթացքում: Բայց այսօրուայ ղեկավարի ո՞ր խօսքին էր տէր կանգնում վաղուայ ղեկավարը, որ մենք համաձայնուէինք: Դրութիւնը «պատային» էր:
Ինչպէս ասացի, Իսահակեանի ակադեմիականի հարցի վերաբերեալ որոշուեց գիտխորհրդի ժողով հրաւիրել: Ես չեմ վերապատմի ժողովն ամբողջութեամբ, միայն կը բերեմ հատուածներ Սեւակի ելոյթից.-
«Մի պրորաբի(շինարարութեան ղեկավարի) մէկ տարում թալանածին հաւասարարժէք գումարը ի՞նչ է, չե՞նք կարող հատուցում տալ Իսահակեանների ընտանիքին: Աշխարհի մեծագոյն բանաստեղծներից մեկի ձեռագրերը գին չունեն, ինչի՞ մասին է խօսքը, ամօթ չէ՞, մենք պետութի՞ւն ենք, թէ՞ ոչ»:
Խօսողը Պարոյր Սեւակն էր, խօսում էր մեծ պոռթկումով, զայրացած-«Քիչ է, որ Վարպետի մահից յետոյ մենք մի տող չենք տպել նրա անտիպ գրուածքներից, անյայտութեան մէջ է դեռ նրա «Ուստա Կարօ» վէպը, ինչպէս կար, այսօր էլ մնում են անտիպ նրա ձեռագիր գանձերը: Հայ ժողովուրդը սպասում է Վարպետի երկերին, իսկ մենք շուկայ ենք սարքել՝ այսքան տա՞նք, թէ՞ չտանք, տա՞նն աշխատեն, թէ՞ թանգարանում: Ինչո՞ւ ձեռագրերը պէտք է լինեն պետական վերահսկողութեան տակ: Վարպետը նոր բան հո չէ՞ր գրելու, ինչ կայ՝ սա է... Ի՞նչ է, վերջապէս, մենք Գրականութեան ինստիտո՞ւտ ենք, թէ՞ ֆինանսների նախարարութիւն: Մենք պէտք է պահանջենք, որ պետութիւնը ձեռք բերի Վարպետի ձեռագրերը, եւ մենք պէտք է տպագրենք դրանք եւ տպագրենք անյապաղ՝ հէնց այս տարի, հէնց այս ամիս, հէնց վաղուանից»:
Այս խօսքերը ես բերում եմ ոչ միայն յիշողութեամբ, ազդուած մեծ գրողի ելոյթից, ես դրանք հէնց նոյն օրը գրի եմ առել: Այդ ժողովի մասնակիցներից, փառք Աստծոյ, այսօր կան ակադեմիկոսներ Սերգէյ Սարինեանը, Արամ Գրիգորեանը, Սարգիս Յարութիւնեանը, գրականագէտներ Յասմիկ Աբեղեանը, Ալմաստ Զաքարեանը (որն, ի դէպ, նոյնպէս մի կրակոտ ելոյթ ունեցաւ Վարպետի ակադեմիականի տպագըրման անհրաժեշտութեան մասին), Քնարիկ Տէր-Դաւթեանը, այնպէս որ, իմ խօսքերը կարող են գործընկերներս լրացնել: Բոլորը, բոլորը կողմ էին, բայց եղաւ հակառակը, այսինքն՝ ի վնաս Վարպետի: Կա՞յ արդեօք այնպիսի մի երկիր, ուր անցնի ոչ թէ մեծամասնութեան, այլ՝ տնօրէնի տեսակէտը. այո, կա՛ր այդպիսի երկիր, եւ դա «յաղթանակած սոցիալիզմի» երկիրն էր:
...Եւ ինչքանո՞վ էր պատշաճ, որ Իսահակեանի ծննդեան 100-ամեակի նախօրէին տպագրութեան իջան նրա կրտսեր ընկերոջ՝ Դերենիկ Դեմիրճեանի ակադեմիականի հատորները: Արժէքների սուբորդինացիայի նման խախտում առաջին հերթին չէր ողջունի հէնց ինքը՝ իմաստուն Դերենիկ Դեմիրճեանը...
Երբ ժողովն աւարտուեց, ես մօտեցայ Պարոյր Սեւակին եւ սրտանց շնորհակալութիւն յայտնեցի.
- Թէպէտ այսքան մարդ կար, բայց ոչ մէկի սիրտը, բացի Ձեզնից, չի ցաւում: Ամենաթունդը, ազդեցիկը Ձեր ելոյթն էր:
Սեւակը դառը ժպտաց.
- Է, գիտես, Աւիկ ջան, մի բան կը փոխուի՞: Պատը կը մնայ պատ ու կը ջարդուի մի լաւ ճակատ:
Գիտէ՞ր արդեօք Սեւակը այս խօսքերը արտաբերելիս, որ չորս տարի անց Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի իսկական անդամի ընտրութիւններին տեղի կþունենար աղաղակող անարդարութիւն, իբր թէ փակ-գաղտնի ընտրութիւնների արդիւնքում Պարոյր Սեւակին գերազանցել էր նրա նոմենկլատուրային ախոյեանը՝ նոյն ինքը Վաչէ Նալբանդեանը...
Մեծն Կոմիտասի 100-ամեակի նախօրէին լոյս տեսած «Անլռելի զանգակատուն» պոէմը մի նոր աստիճանի բարձրացրեց Սեւակ հեղինակի անունը, եւ Սեւակն իր քաղաքացիական խիզախութեամբ ու մաքրութեամբ կուռք էր դարձել հայ երիտասարդութեան համար:
1969 թուականի սկզբներին «Գրական թերթում» (N 9) լոյս տեսաւ Սեւակի «Թումանեանի հետ» յօդուածը, որ գրուած էր մեծ բանաստեղծի ծննդեան 100-ամեակին ընդառաջ:
Աբովեան փողոցով անցնելիս, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց տեսայ Սեւակին: Ջերմ բարեւեցինք: Երեւի տարուց աւելի չէի տեսել:
- Պարոյր Ռաֆայելովիչ, այդ ի՜նչ հոյակապ յօդ-ւած էիք գրել Թումանեանի մասին: Ա՛յ այսպիսին պէտք է լինի ստեղծագործողի գնահատականը, թէ չէ մերկապարանոց յայտարարութիւններ են անում...
- Ե՞րբ է Իսահակեանի 100-ամեակը:
Ես ասացի.
- Վեց տարուց, 1975 թուին...
- Ուրեմն մի փոքր սպասիր, տե՛ս ի՜նչ յօդուած եմ գրելու Իսահակեանի մասին,- եւ մի փոքր լռելուց յետոյ աւելացրեց,- ախր նա՛ է իմ պոէտը, գնալով ես դրա մէջ աւելի եմ համոզւում, նա՛ է իմ պոէտը...
- Կը սպասեմ անհամբեր:
- Չէ, երեւի աւելի շուտ կր գրեմ, թող անցնի թումանեանական տարին, եւ ես իմ ասելիքս ի յայտ կը բերեմ Վարպետի մասին:
Հրաժեշտին հարցրեց.
- Ինչո՞վ ես զբաղւում:
- Սովորում եմ Մոսկուայում, Գորկու անուան համաշխարհային գրականութեան ինստիտուտում:
- Հայեր շա՞տ կան ձեր ինստիտուտում:
- Ինձանից բացի, Աշոտ Սահրադեանը, Հենրիկ Էդոյեանը եւ Արտեմ Յարութիւնեանը:
- Հա, հա, գիտեմ, առաջինը ինձանից մի քանի բան է թարգմանել, իսկ միւս երկուսը «նոր ալիքի» շնորհալի բանաստեղծներ են, ունեն իրենց ասելիքը, տեսնենք ինչ դուրս կու գայ... Դէ լաւ է, որ Մոսկուայում, նման հեղինակաւոր ինստիտուտում էք սովորում, շատ բան կը շահէք:
- Պարոյր Ռաֆայելովիչ, ամէն անգամ Մոսկուայում Գրականութեան ինստիտուտի մօտով անցնելիս Ձեզ եմ յիշում: Մոսկուան իրօ՞ք օգտակար եղաւ Ձեզ համար:
- Այո, շա՛տ, մարդ չի կարող նոյն թաւայում երկար տապակուել, եւ այն էլ ասեմ՝ ռուս նոմենկլատուրային չինովնիկը աչքիս այնքան ատելի չէ, որքան մերը՝ տեղականը:
- Դէ, օտարի վատը մեր սրտին չի դիպչում: Նաւահանգիստ ենք մտել, օրը կու գայ՝ մեր նաւը դուրս կը բերենք, իսկ տնից ո՞ւր դուրս գաս...
Երբ մենք խօսում էինք, ընդամէնը տասներկու տարի էր, որ Վարպետը չկար, եւ ես հայեացքս վեր յառելով Ֆիլհարմոնիայի շէնքին, փոքր-ինչ շեղուելով մեր թեմայից՝ ասացի.
- Պարոյր Ռաֆայելովիչ, մենք կանգնած ենք այն շէնքի շեմին, որը եղաւ Վարպետի կեանքի վերջին երկրային կանգառը:
- Ինչպէս թէ չէ, լաւ յիշում եմ... ես եղել եմ մէկը, որ իր ուսերի վրայ տարել է Վարպետի աճիւնը այս դահլիճից մինչեւ բեռնատարի թափքը, յետոյ էլ մի կերպ գցեցի ինձ այդ նոյն մեքենայի թափքը եւ ամբողջ ճամբին, մինչեւ Կոմիտասի այգի, ընթացել եմ ձեռքս դրած նրա դագաղին:
Աւետիք Իսահակեանի թանգարանում պահւում է այդ պատմական լուսանկարը՝ Սեւակը բեռնատարի թափքին, Վարպետի դագաղի մօտ...
Սա մեր վերջին հանդիպումը չեղաւ: 1971 թուի Յունիսի 1-3ը Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի գրողների միութեան 6-րդ համագումարը: Արտաքինից իշխանութիւնները իբր գրականութեանը մեծ տեղ էին յատկացնում: Համագումարն իր աշխատանքները անց էր կացնում ՀԽՍՀ կառավարութեան շէնքի Սովետների նիստերի դահլիճում (ուր հիմա ամէն մի ինքնաստեղծ կուսակցութիւն կարող է իր համագումարն անցկացնել):
Մենք՝ որպէս գրականութեան բնագաւառի երիտասարդ հետեւորդներ, հրաւիրատոմս էինք ձեռք բերել: Ասում էին՝ Սիլվայի եւ Պարոյրի կողմից թունդ ելոյթներ են լինելու: Դա այն շրջանն էր, երբ շատ սուր էր դրուած միութենական (մանաւանդ Վրաստանում եւ Հայաստանում) ազգային լեզուների հարցը: Սուսլովը եւ նրա իւրայինները պահանջում էին, որ խորհրդային քաղաքացու անձնագրում չնշուի ազգային պատկանելութեան պարագան, պարզապէս գրուի ազգութեան դիմաց՝ ՍՍՀՄ քաղաքացի, եւ առաջին լեզուն բոլորի համար համարուի ռուսերէնը: Առաջինը վրացիներն էին բողոքի ձայն բարձրացրել եւ սպասւում էր, որ նրանց պատուիրակութիւնն էլ այդ մասին պիտի խօսի, եւ յետոյ նրանց իր ելոյթով ձայնակցեց Սիլվա Կապուտիկեանը, որ խօսեց նաեւ Հայաստանում աղէտալի չափերի հասած կոռուպցիայի երեւոյթի մասին: Վրացիները մեծ հաւանութիւն էին տալիս Սիլվային՝ համարելով նրան ամենահամարձակը հայ գրողներից: Սեւակը երկու թէ երեք օր լռում էր, սակայն ծայրայեղ նեարդացած էր երեւում, ինչպէս ասում էր ժողովուրդը՝ «Սեւակը կարծես աւելի սեւացել էր»... Վերջին օրը խօսեց եւ շատ զուսպ ու հակիրճ արտայայտեց իր դիրքորոշումը, որ ինքը յոգնել է հասարակական բնոյթի, ոչ գրողական աշխատանքներից, որ 1970 թուականից ինքը հրաժարուեց ՍՍՀՄ Գերագոյն սովետի դեպուտատ լինելուց (ընտրուել էր 1967 թուականին, Հայաստանին տրուած մշակութային գործիչի քուոտայով, եւ այդ «երանելի» մանդատը 1970 թ. կրկին յանձնուեց «Գիւլնարա» եւ «Իսպանիայի պատանի հերոսները» գրքերի հեղինակ Գեղամ Սարեանին, ըստ էութեան անվնաս մի մարդու, որը շատ յարմար էր խորհրդային դեպուտատ տրագիկոմիկ հասկացողութեանը), որ ներկայումս խնդրում է իրեն չառաջադրել ՀԳՄ վարչութեան կազմում, ինչպէս եւ նախօրոք հրաժարւում է ընդգրկուել Գրողների համամիութենական համագումարին Մոսկուայ մեկնելիք պատուիրակութեան կազմում:
Սեւակը փաստօրէն դուրս էր գալիս իրեն ստիպողաբար հրամցրած խաղի կանոններից՝ ո՛չ ՀԳՄ քարտուղար, ո՛չ միութենական Գերագոյն խորհրդի դեպուտատ, ո՛չ համամիութենական գրական ֆորումի մասնակից... Նա շատ ռէալ հասկացնել տուեց՝ դուք ձեզ համար, ես՝ ինձ համար... Նրան ձեւական արտօնութիւններ պէտք չէին: Նա ուզում էր տէրը լինել իր արածի: Դեռ եւս 1967 թ. պաշտպանել էր ատենախօսութիւնը՝ նուիրուած Սայաթ-Նովային, իսկ համամիութենական ԲՈՀ-ը հայաստանեան իր գործակալների աջակցութեամբ խոչընդոտում էր նրա գիտական աստիճանի հաստատմանը: Եւ միայն 1970 թ. ԲՈՀ-ը հաստատեց Սեւակին բանասիրութեան դոկտորի գիտական աստիճանի շնորհումը: 1969 թուականին Պետհրատի ծրագրից անձամբ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրեանի կարգադրութեամբ հանուեց «Անլռելի զանգակատան» երկրորդ հրատարակութիւնը, եւ կոմիտասեան յոբելեանն անցաւ առանց Սեւակի գլուխգործոցային պոէմի նոր հրատարակութեան: Ստեղծագործական վերջին տարիների հանրագումարային «Եղիցի լոյս» գիրքը փաստօրէն դրուեց կալանքի տակ:
Բանաստեղծի համար նոյնը չէ՞ր՝ իրե՞ն ձերբակալէին, թէ՞ իր գիրքը: Երկու տարի կրկին ծանր սպասողական վիճակ եւ վերջապէս վերջին կաթիլը համբերութեան, երբ 1971 թ. տարեսկզբին ինքը յաղթանակեց Ակադեմիայի ընտրութիւններում, սակայն ընտրութեան արդիւնքները, ինչպէս ծուռ հայելիների թագաւորութիւնում, ցոյց տուեցին ուրիշի յաղթանակը: «Անլռելի զանգակատուն» պոէմի եւ «Սայաթ-Նովա» մենագրութեան հեղինակը, այնպիսի անհատականութիւն, որ ծնւում է 100 տարին մէկ, չարժանացաւ ազգային ակադեմիայի անդամ լինելու...
Այո, այսօր արդէն շատ բան չի յիշւում, եւ դրա համար ենք մենք գրում, որ չմոռացուեն 40-50 տարի առաջ արուած սեւ գործերը: Մենք պիտի յիշենք, որ դրանք նորից չկրկնուեն:
Չանախչիից Թբիլիսի գնացող մեքենայի ճամբին պարտադիր չէր մարդասպան ուղարկել, բաւական էր խենթացնել, կատաղութեան եզրին հասցնել հէնց վարորդին: Մնացածը անխուսափելի էր, ինչպէս դա եղաւ Պարոյր Սեւակի դէպքում:
Աւիկ Իսահակեան
Բանասիրական գիտութիւնների տոքթոր
Երեւանի Մ. Աբեղեանի անվ. Գրականութեան ինստիտուտի տնօրէն