Որպէսզի հասկանալի լինի, թէ ինչի մասին է ներքոշարադրեալը, նախ պէտք է յիշեցնեմ ոչ հեռու անցեալի՝ ընդամէնը չորս-հինգ տարի վաղեմութեան մի քանի փաստեր, յայտարարութիւններ ու փաստաթղթեր:

Առաջին. 2008թ. Յունիսի 23ին, Մոսկուայում Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ կը հրաւիրի Աբդուլլահ Գիւլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ

Թուրքիայի ֆուտբոլի հաւաքականների խաղը: Բացի այդ՝ Սերժ Սարգսեանը նշեց. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւաւորել մի յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրի պատմական փաստերը (ընդգծումը մերն է-Թ.Յ.): Մենք դէմ չենք այդպիսի յանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կը բացուի սահմանը մեր պետութիւնների միջեւ»:

 

Երկրորդ. մէկ օր անց՝ 2008թ. Յունիսի 24ին, ռուսական փորձագիտական հանրութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սար- գըսեանը գրեթէ նոյնութեամբ կրկնեց նախօրէին աս-ւածը. «Թուրքիան հնչեցրել է առաջարկ Ցեղասպանութեանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու (ընդգծումը մերն է-Թ.Յ.) նպատակով փորձագիտական յանձնաժողով ձեւաւորելու վերաբերեալ: Մենք դէմ չենք որեւէ ուսումնասիրութեան, անգամ ակնյայտ փաստերի եւ լայնօրէն ընդունուած իրողութիւնների, սակայն նման յանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կը լինէր մեր երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից եւ սահմանները բացելուց յետոյ միայն»:
Այստեղ մի մեկնաբանութիւն է անհրաժեշտ. Սերժ Սարգսեանը թուրքերին առաջարկում է մօտաւորապէս հետեւեալը՝ սահմանները բացէք, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատէք, յետոյ եկէք միասին քննարկենք 1915ը: Եթէ համաձայնում ես պատմաբանների յանձնաժողով ստեղծելուն, ապա ակամայ կասկածի տակ է դրւում Հայոց Ցեղասպանութեան փաստը, իսկ թուրքերը հնարաւորութիւն են ստանում ասելու, որ հայ-թուրքական գործընթացում երրորդ կողմի ներգրաւման կարիք չկայ, որովհետեւ Երեւանն ու Անկարան բանակցում են: Դա նրանց՝ Հայոց Ցեղասպանութեան աւելի լայն ճանաչման միջազգային ջանքերի փաստացի ընթացքը փոխելու, թուլացնելու, աւելին՝ կասեցնելու փորձերի հնարաւորութիւն է տալիս:
Յիշեցնենք, որ 2008ից ի վեր ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, բացառութեամբ Շուեդիայի խորհրդարանի, որը այդ երկրում բնակուող ասորի ստուար համայնքի լոբբիստական ջանքերի շնորհիւ առաջին հերթին 2010թ. ճանաչել է հայերի, յոյների ու ասորիների ցեղասպանութիւնը: Բայց սա նաեւ ամենաձախողակ ճանաչումն էր, քանի որ անմիջապէս Շուեդիայի վարչապետը հեռախօսազրոյց ունեցաւ Թուրքիայի իր գործընկերոջ հետ եւ ներողութիւն խնդրեց երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւն ընդունելու համար:

Երրորդ. Աբդուլլահ Գիւլի Երեւան այցի նախօրէին՝ թուրքական «Ռադիկալ» թերթի հետ 2008թ. Օգոստոսի վերջերին ունեցած զրոյցում Սերժ Սարգսեանը բացատրեց. «Բազմիցս թուրք պաշտօնեաների կողմից լսել եմ հարց «Արեւմտեան Հայաստան», «Արեւելեան Հայաստան» տերմինների մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ եւ միշտ փորձել եմ բացատրել «Արեւմտեան Հայաստան» եւ «Արեւելեան Հայաստան» տերմինների  նշանակութիւնը. դրանք պատմականօրէն ձեւաւորուած տեղանուններ են, եւ այդ տեղանունները, նաեւ այդ ձեւակերպումները գալիս են 19րդ դարի երկրորդ կէսից: Հիմա խօսել, որ այս տեղանունների կամ բառակապակցութիւնների մասին մոռանանք, նոյնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիեւեան Ռուսիա, Օսմանեան Կայսրութիւն, Սպարտա»:
Հասկանալի է, չէ՞, թէ ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսեանը իր «խիզախ թուրք գործընկերներին» (չակերտներում մէջբերուածը Սերժ Սարգսեանի խօսքերն են, որ նա արտասանել է 2008թ. Սեպտեմբերին ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում՝ Նիւ Եորքում, որն ուղղուած է եղել Աբդուլլահ Գիւլին եւ արտգործնախարար Ալի Բաբաջանին):

Չորրորդ. Սերժ Սարգսեանը 2009թ. ապրիլքսանչորսեան ուղերձում ասաց «Ցեղասպանութիւն, որ տեղի է ունեցել Օսմանեան Թուրքիայում»: Սա այն դէպքում, երբ 1990թ. Օգոստոսի 23ի Հայաստանի Անկախութեան հռչակագրում այլ ձեւակերպում է տրուած՝ «Ցեղասպանութիւն, որ տեղի է ունեցել Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում»:

Հինգերորդ. 2008թ. Սեպտեմբերի 6ի Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթէ արդէն հին զինանշանի վրայ Արարատ լեռն էր՝ հայ ժողովրդի գլխաւոր խորհրդանիշներից մէկը, ապա նորի վրայ պարզապէս գնդակ էր  նկար-ւած: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանուել էր նաեւ Արարատի պատկերը:
Այս արարքի անունը դրէք, ինչ ուզում էք:
Հետագայ ամիսներին ու տարիներին Սերժ Սար- գըսեանը վերանայեց իր յայտարարութիւնները: Բայց կարեւորը ոչ այնքան այն է, թէ ինչ է ասուել, այլ այն, թէ ինչ է ստորագրուել: Լաւ, ենթադրենք, որ Սերժ Սարգսեանը 2008թ. Հայոց Ցեղասպանութեան մասին ձախաւեր յայտարարութիւններ չի արել: Մի պահ մոռանանք, որ չի եղել «ֆուտբոլային դիւանագիտութիւն» (խիղճ ունեցող հայ պատմաբանը երբե՛ք դա չի մոռանայ): Բայց չէ՞ որ կայ 2009թ. Հոկտեմբերի 10ին ստորագրուած եւ Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից գովաբանուած հայ-թուրքական երկու արձանագրութիւն, որոնցից պաշտօնական Երեւանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարուել (հաւանաբար չի ուզում հիասթափեցնել արեւմտեան իր խիզախ գործընկերներին):
Այդ արձանագրութիւններով Հայաստանը ճանաչել է ժամանակակից Թուրքիայի սահմանները (ուշադրութիւն դարձրէք՝ ոչ թէ տարածքային ամբողջականութիւնը, այլ սահմանները), ինչպէս նաեւ գրաւոր համաձայնութիւն տուել պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու  թուրքական առաջարկին: Մէջբերենք փաստաթղթի այդ կէտերը. «Հայաստանը եւ Թուրքիան… հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով», «…իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն՝ առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար», «… պատմական հարթութեամբ զբաղուող ենթայանձնաժողով՝ երկու ժողովուրդների միջեւ փոխ վստահութեան վերականգնմանն ուղղուած երկխօսութեան իրականացման նպատակով, այդ թւում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն, առկայ խընդիրների  սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար՝ հայ, թուրք, ինչպէս նաեւ շուէյցարացի եւ միջազգային այլ փորձագէտների մասնակցութեամբ»:
Քանի դեռ այս երկու արձանագրութիւններից Հայաստանը չի հրաժարուել, Հայաստանի որեւէ պաշտօնեայի, այդ թւում՝ գործող նախագահի յայտարարութիւն, չի կարող քաղաքական, իրաւական կամ դիւանագիտական առումով աւելի զօրեղ եւ օրակարգային լինել, քան պետութեան կողմից ստորագրուած փաստաթուղթն է:
Ինչպէս յայտնի է, «Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովում, որը նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ Սփիւռքում ձեւաւորուած տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան իրաւական հարցերի քննարկմանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը յայտարարել է, որ ստեղծւում է յատուկ յանձնախումբ՝ Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:

Գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը շատ աւելի առաջ է գնացել.

Գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը շատ աւելի առաջ է գնացել.«Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացումը կապուած է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնոյթ պէտք է ունենայ այդ փոխհատուցումը՝ զուտ բարոյակա՞ն, թէ նաեւ գոյքային եւ տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների (ենթակաների-Խմբ.) շրջանակը: Այն պէտք է ընդգրկի Ցեղասպանութեան զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցո՞ւն, Հայաստանի Հանրապետութեա՞նը, թէ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, Ցեղասպանութեան զոհերի ժառանգները պէտք է նիւթական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պէտք է վերադարձուեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պէտք է ունենան անթերի իրաւական հիմնաւորումներ»:
Այս յայտարարութիւնները ամուր չեն, աւելին՝ կարող են ընկալուել որպէս պարզ քարոզչութիւն, քանի դեռ Հայաստանը չի հրաժարուել երկու արձանագրութիւններից:


«Սիվիլիթաս»
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ