Յուլիս 9 2013 Արա Պապեանը՝ ՀՀ գլխաւոր դատախազի յայտարարութեան մասին «Այն երկրները, որոնք ուզում են կառավարել Թուրքիային, այդ երկրների համար ձեռնտու է Թուրքիայի թուլացումը, տրոհումը:

Նրանց համար էլ Սեւրի պայմանագիրը կը դառնայ այն միջոցը, որը կարող են օգտագործել իրենց նպատակների համար: Որեւէ մէկը դա Հայաստանի նպատակների համար չի անելու, անելու են իրենց նպատակների համար, բայց կարող է գալ մի պահ, որ համընկնի մեր շահերին: Մենք պէտք է պատրաստ լինենք մեծ փոփոխութիւններին, որի առջեւ կանգնած է Միջին Արեւելքը: Երբ իրաւական փաթեթով կանգնած կը լինենք, երբ կը լինեն շահագրգռուած երկրներ, որ Թուրքիայի փոխարէն պէտք է լինի ոչ թէ մէկ, այլ երկու- երեք երկիր, որ հաւասարակշռուի, այդ ժամանակ էլ հնարաւոր կը լինի»,- «Արմատ» ակումբում ասաց քաղաքագէտ Արա Պապեանը՝ պատասխանելով հարցին, թէ ով է պահանջելու կամ ճնշելու Թուրքիային կատարել Սեւրի պայմանագիրը: Յիշեցնենք, որ օրեր առաջ իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը տեսակէտ էր յայտնել, որ միջազգային իրաւունքի հայ մասնագէտների ուսումնասիրութիւններից երեւում է, որ 1920թ. Օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը հայ ժողովրդի համար խիստ կարեւոր միջազգային-իրաւական փաստաթուղթ է՝ թէեւ այդ պայմանագիրը չի վաւերացուել մասնակից երկրների կողմից, բայց եւ չի դենոնսացուել Լօզանի 1923թ. Յուլիսի 23-ի պայմանագրով: Պարոն Պապեանի խօսքերով, Հայոց ցեղասպանութեան 100 - ամեակին ընդառաջ այդ համաժողովի ժամանակ քննարկուել են ցեղասպանութեանն առնչուող տարբեր հարցեր. «Քաղաքական յայտարարութիւն արուեց Հայաստանի իշխանութիւնների կողմից: Դատախազը դա չասաց ընտանեկան միջավայրում: Նման միտք հնչեց իրաւաբանի բերանից, նրան պաշտպանեցին մի շարք իրաւաբաններ: Հայ իրաւաբանների առաջնահերթ խնդիրն է ոչ թէ ցեղասպանութեան փաստումը, այլ իրաւական հիմանարար ամբողջական թղթածրարի պատրաստումը: Բոլոր զեկուցողները շեշտը դրեցին, որ ճանաչման գործընթացն արդէն կատարուած է, որ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխութիւն կատարել եւ ճանաչման գործընթացից տեղափոխուել իրաւական հարթութիւն, քննարկել հատուցման հարցը»:

Արփինէ Սիմոնեան
«Առաւօտ»