Մեր այցելութեան պահին Ջերմուկի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Լուսիկ Սաղաթելեանը այս տարուայ առաջին կիսամեակի տուեալներն էր ամփոփում: Ջերմուկ քաղաքում 6 ամսուայ ընթացքում գրանցուել է 32 ծնունդ, 17 մահ, 23 ամուսնութիւն, իսկ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 29 ծնունդ, 27 մահ, 13 ամուսնութիւն եւ 5 ամուսնալուծութիւն:

Այս տարի ամուսնալուծութիւն դեռ չի գրանցուել, սակայն ոչ թէ ամուսնալուծուողներ չեն եղել, այլ տարբեր պատճառներով չեն գրանցել: ՔԿԱԳ պետը նշեց, որ գիտի դէպքեր, երբ դատարանով ամուսնալուծուել են, սակայն դեռ իրենց մօտ չեն գրանցուել: Ընտանիքներ էլ կան, որ համատեղ չեն ապրում, այսինքն փաստացի ամուսնալուծուած են, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարւում են գրանցել: Ըստ Լ. Սաղաթելեանի՝ պատճառները տարբեր են՝ օրէնք չիմանալուց մինչեւ ալիմենտ (բաժանուած ընտանիքում խնամակալի օգնութիւն) վճարելու խնդիրներ, բնակտարածութեան կիսում եւ այլն:

«Մէկ քաղաքի համար այս ցուցանիշները նորմալ են: Դէ, բնակչութեան թիւն էլ է շատ պակասել, արտագաղթում են, շատ են գնում, երիտասարդութիւն գրեթէ չկայ, աշխատանք չկայ: Հիմնականում ամուսինները բաւարարւում են առաջին ծնունդով, երկրորդ, երրորդ ծնունդ շատ քիչ է լինում: Այս կիսամեակում 1-2 ծնունդ եմ գրանցել, որ երրորդ երեխան են ունենում», ասում է Լուսիկ Սաղաթելեանը:

Նրա խօսքերով՝ ինչքան շատ են ընտանիքի անդամները, այնքան շատ են լինում խնդիրները, հետեւաբար ծնունդներն էլ քիչ են լինում:

Ջերմուկում հիմնականում ամուսնանում են 27-28 տարեկանում, բայց վերջին տարիներին տղաները բանակից գալիս են ու ամուսնանում:

«20-22 տարեկանները ամուսնութիւնը գրանցելու դիմումը լրացնելիս գրում են, որ չեն աշխատում, բայց ես իրաւունք չունեմ նրանց ասել‘ ոնց էք ընտանիք պահելու, եթէ չէք աշխատում: Այդ տարիքի տղաների հետ, երբ խօսում ենք, զգում ենք, որ հասուն չեն, չգիտեմ, դա իմ կարծիքն է: Ընտանիք կազմելը շատ լուրջ պատասխանատուութիւն է, այնպէս չէ, որ ամուսնանում են եւ վերջ: Այդ տարիքի երիտասարդները պատասխանատուութեան զգացում չունեն: Միգուցէ սուբյեկտիւ (անհատական) է, բայց այդպէս եմ զգացել», ասում է Լուսիկ Սաղաթելեանը:

ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը նշեց, որ Ջերմուկում թաքնուած ծնունդներ չեն լինում, քանի որ միանուագ գումար ստանալու համար երեխայի ծնուելուց յետոյ եռօրեայ ժամկէտում ծնունդը գրանցում են, սակայն այլ պատկեր է ամուսնութիւնների եւ ամուսնալուծութիւնների դէպքում:

«Եթէ խրախուսանք լինի նաեւ ամուսնութիւնների դէպքում, հնարաւոր է՝ վիճակը փոխուի, եւ բոլորն էլ գրանցեն: Երիտասարդ ամուսնացողները շատ են հարցնում օգնութիւն կայ, թէ ոչ: Իմ կարծիքով՝ ճիշտ կը լինի նոր ստեղծուած ընտանիքին պետական աջակցութիւն ցուցաբերելը: Ասենք ոնց է, զոյգն ամուսնանում է, հարսանիքի օրը բարեկամները նուէրներ են տալիս նրանց, որովհետեւ նոր ընտանիքի հիմք է դրւում, պետութիւնն էլ պէտք է իր հասանելիք նուէրը տայ եւ ամէն ինչ անի, որ այդ ընտանիքները կայանան», ասում է Լուսիկ Սաղաթելեանը:

Նա ֆինանսական օգնութիւնը ռեալ չի համարում, քանի որ մէկ անգամ է տրուելու, փոխարէնը համոզուած է, որ պետութեան ամենամեծ օգնութիւնը կը լինի նորմալ աշխատավարձով աշխատանք ապահովելը:

«Հիմա ընտանիքից երկուսն էլ աշխատում, չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, բայց գոնէ այդ դէպքում ընտանիքի անդամներից մէկը երաշխաւորուած աշխատանք կ՛ունենայ: Ճիշդ է, մենք աշխատում ենք ու պաշտօնական ենք խօսում, բայց դուք էլ գիտէք, բոլորս էլ գիտենք, որ բարդութիւններ շատ կան՝ նոր ծնուած երեխային պահելուց սկսած», նշեց ՔԿԱԳ պետը:

Նրա կարծիքով՝ ամուսնութեան հարցում լուրջ խոչընդոտ է նաեւ բնակարանի հարցը: Այսօրուայ երիտասարդութիւնն ինքնուրոյնութիւն է սիրում, եւ բոլորն էլ կողմնակից են դրան, սակայն պայմաններ չկան:

«Բնակարանի հարցը այսօր շատ լուրջ խնդիր է: Հիմա Ջերմուկում երիտասարդութիւն չկայ, այստեղի պայմաններին չեն յարմարւում, գնում են Երեւան, կամ էլ մեկնում են երկրից: Այս թանկացումներից էլ են մարդիկ գնում, յետոյ հիասթափւում են, երբ աշխատում են ու այդ աշխատավարձով ոչ մի բանի չեն կարողանում հասնել՝ կոմունալ (տնային կենցաղային) ծախսերից բացի: Ծախսերն աւե- լանում են, իսկ աշխատավարձը մնում է նոյնը, իսկ դրանից կարո՞ղ է լաւ արդիւնք լինել, մարդու սոցիալական վիճակը լաւանա՞յ, դժուար», աւելացրեց Լուսիկ Սաղաթելեանը:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ