Այս յաւերժական
Թուացող քնից,
Երբ պիտի մարդու խիղճը արթնանայ,
Պիտի ըմբոշխնե՞նք
Խորհուրդը կեանքի,
Երբ պիտ վերջապէս՝ մարդը մարդանայ...

Տեսնում եմ ինչպէս
Չարագործների,
Կառքն է սլանում անկարգի ճամբով,
Տեսնում եմ ինչպէս
Լոյսն է երկփեղկւում,
Խաւարամոլի սահմռկող ձեռքով...

Բայց ես պիտ ճեղքեմ
Պարիսպն աննկուն,
Իմ սուրբ պայքարը չունի ելք, վախճան,
Հնձուած լոյսերիս
Արտերը բեղուն,
Պիտի կանաչեն ցրտի մէջ անգամ...

Ողբս չի խաչուի
Սիւնին մոռացման,
Ես համրանալու իրաւունք չունեմ,
Իմ կորուստներս
Ահեղ է այնքան,
Որ վիշտս լալու՝ արցունքներ չունեմ... 

Ես այն ածուխն եմ
Որ դեռ ծխալով,
Այրւում է այրւում, բայց չի սպառւում,
Ես արդարութեան
Այն զանգն եմ լռած,
Որ ղօղանջում է յաղթահանդէսում:

Ես այն ճառագող
Լոյսն եմ արեւի,
Մութի անհատակ ծովը ակոսող,
Ես այն դիւցազուն
Սար եմ բարձրաբերձ,
Երկնքի մաքուր կապոյտը հատող:

Աւիկ Դերենց
Պոսթըն