Ասյա տատիկին Ներքին Կարմիրաղբիւրում բոլորն են ճանաչում: 1992-ի ձմռանը շուրջ չորս ամիս վաթսուն զինուորի իր տանն է պահել: «Նկուղում էին մնում, ես էլ իրենց համար ճաշ էի սարքում, տեղերն էին մաքրում: Հերթափոխով էին մնում: Երեսունը մնում էր, միւս երեսունը բարձրանում դիրքեր:

Նկուղում գետնին ցորենի հասկեր էր փռում, որ գոնէ մի քիչ տաք ու փափուկ լինէր», յիշում է Ասյա տատը: Մի քանի անգամ գիւղի տղամարդիկ իրեն փայտ են բերել, որ վառի, տաքանայ, «նուէրն» ընդունել է, բայց ուղարկել է «դիրքեր»: «Ես՝ ջհանդամ, թող երեխեքը վառէին տաքանային: Ինձ ոչ մի բան պէտք չէ, մենակ էդ մարդկանց օրհնանքը գայ իմ երեխեքին», ասում է տիկին Ասյան՝ յաւելելով, որ երկու որդիներն այսօր Գերմանիայում են: Թոռները յաճախակի են զանգում, նուէր ու գումար ուղարկում: «Թոռներիս շատ եմ կարօտել, որ զանգում են, ասում են՝ տատի, տոմսը ուղարկենք, արի մեզ մօտ մնայ, ասում եմ՝ չէ, ես իմ գիւղից հեռացողը չեմ: Ես էստեղ ծնուել եմ, էստեղ էլ պիտի մեռնեմ: Դուք ջահել էք, ձեր կեանքը դասաւորէք, մեր վախտն անցաւ»:

Ներքին Կարմիրաղբիւրում այսօր բնակւում է 1150 բնակիչ: Պատերազմն այստեղ սկսուել է 1991-ից ու մինչ օրս չի աւարտուել: Յատկապէս վերջին երկու տարիներին հակառակորդը շատ է ակտիւացել, հողատարածքները գիւղացիները չեն կարողանում մշակել: «Աւելի լաւ է՝ մենք հնարաւորութիւն ունենանք, հողը մշակենք ու հողի հարկ վճարենք, քան մեզ ազատեն հողի հարկից, բայց գիւղացին վախենայ ու չմտնի դաշտ: Էս ժողովուրդն ընդամէնը մի բան է ուզում՝ խաղաղութիւն:

Մենք շատ լաւ գիտենք խաղաղութեան գինն ու արժէքը: Մեր գիւղում փոքրից մեծ բոլորը գեներալներ են, որովհետեւ իրենք են պաշտպանել գիւղը քսան տարի առաջ ու էսօր էլ, եթէ հարկ լինի, էլի իրենք են զէնք վերցնելու, որ պաշտպանեն», ասում է գիւղապետ Մովսէս Կամենդատեանը :

Վաչիկ Մելքումեանն անցեալ տարի՝ Յունիսի մէկին, առաւօտեան ժամը վեցին խաղողի այգիներն էր սրսկում, երբ թշնամու դիպուկահարից վիրաւորուեց: «Տղերքը օգնութեան հասան, բայց իրենց վրա՝ էլ կրակեցին: Բարեբախտաբար իրենք չվիրաւորուեցին: Թշնամու գնդակը կպաւ ծնկիս», յիշում է Վաչիկը: Մի քանի ժամի վիրահատութիւնից ու մի քանի ամսուայ ապաքինումից յետոյ Վաչիկին տրուեցին հաշմանադամութեան երրորդ կարգ ու ամսական տասնութ հազար դրամ թոշակ: Այսօր Վաչիկը ձեռնափայտերով է քայլում: Ոտքի երկաթներն անհանգստացնում են, չի կարողանում տանը գործ անել: Արդէն մէկ տարի դաշտ չի մտել, տղաներին էլ արգելում է, որ դաշտում գործ անեն: Ասում է՝ իմ բախտը բերեց, վիրաւորուեցի, բայց ո՞վ իմանայ, կարող է յաջորդ անգամ բախտներս չբերի:

Սահմանին վիրաւորուած Վաչիկին գրեթէ ոչ ոք չյիշեց՝ ո՛չ պաշտպանութեան նախարարութիւնը, ոչ նախագահի աշխատակազմի կամ այլ բարձրաստիճան կառոյցներ: Գիւղապետի միջնորդութեամբ վիրահատութեան գումարը տրամադրեց նախկին պատգամաւոր Միքայէլ Վարդանեանը: «Որ ինքն էլ չլինէր, չգիտեմ ինձ հետ ինչ էր լինելու: Շուտով երկրորդ վիրահատութիւնը կþանեն՝ ոտքիցս երկաթները պէտք է հանեն, որպէսզի ցաւեր էլ չունենամ»: Վիրահատութեան գումարը կրկին Վարդանեաններն են տուել: «Ո՞վ պէտք է գար, որ ինձ տեսնէր: Իրենք մենակ խօսում են, մենակ ասում են կրակեցին, մենք պատասխանեցինք, բայց չեն ասում, էդ կրակոցներներից մարդ է զոհւում, մարդ է վիրաւորւում, բա դրանց վիճակը ո՞նց պէտք է լինի: Բա մեզ թուրքի գիւլեն կպնում է, չեն էլ ուզում իմանան, սաղ մնացի՞նք, մեռանք՝ ի՞նչ եղանք», ասում է նա:

75-ամեայ Անիկա տատիկի այգուց տեսարան է բացւում թշնամու հենակետը: Անիկա տատիկը վախենալով է այգին մշակում, աշխատում է հաստաբուն ծառերի տակով քայլել, որպէսզի փամփուշտներն իրեն չկպչեն: Տունը գիւղի այլ տների պէս քանդուած է ու գնդակոծուած: Տիկին Անիկայի որդիներն ու թոռները դրսում են, գիւղ գալ հրաժարւում են: Այստեղ ապրում է դստեր հետ: «Վախիլով ապրում ենք, կրակում են՝ տուն ենք մտնում, մի ձայն լսում ենք՝ վախում ենք, բայց ինչ անենք, ուր գնանք, մեր գիւղն է, թողնենք ինդորը գնանք: Իմ տունը հէնց դիրքի դիմացն է, մեր տան վրայ շատ են կրակել: Մի անգամ տան հետեւի մասը կրակ էր ընկել: Գիւղացիներն օգնեցին, հանգցրեցին»: Տարիներ առաջ, երբ կրակում էին, նկուղում էր թաքնւում, վերջին տարիներին, կրակոցների ժամանակ գնում է ննջասենեակ ու պառկում անկողնու վրայ: «Թուրքի գնդակը որ կպնի, գոնէ անկողնու մէջ մեռնեմ, գետնին ընկած չլինեմ»:

Արմանուշ Ալաւերդեանի հարսը, որդին ու ամուսինը շուտով կը մեկնեն Մոսկուա: «Մնալ չի լինում, իրենք գնում են աշխատելու, բայց ես գնամ ի՞նչ անեմ, ես մնում եմ իմ տանը: Հարսս չի ուզում մնալ, վախենում է, ինքն ուրիշ գիւղից է, կեանքում կրակոց չի լսել, էստեղ ամէն օր լաց է լինում: Ես ասեմ՝ մնա՞յ: Որ մնաց, թշնամու գնդակը եկաւ կպաւ, ո՞վ է մեղաւոր լինելու: Ջահել են, թող գնան, հանգիստ ապրեն», ասում է տիկին Արմանուշը: Նախորդ տարի որդին Ռուսաստանից գումար է ուղարկել: Տիկին Արմանուշը սկզբում ցանկացել է տան համար կահոյք գնել, յետոյ զղջացել է. «Գնեմ, ի՞նչ անեմ, թշնամին շաբաթական երկու-երեք անգամ կրակում է: Ես գնեմ, ինչ իմանամ՝ կը վայելեմ, չեմ վայելի: Հացը դնում ենք սեղանին՝ չգիտենք, էդ հացը կ'ուտենք, թէ կոկորդներիս կը կանգնի: Դրա համար էլ դէմ չեմ, որ գնան: Իմ երեխու ապագան ինձ համար աւելի թանկ է: Ի՞նչ անեմ, ասենք՝ հայրենիք, երեխես զոհուի՞: Արդէն հոգնել ենք զոհերից էլ, պատերազմից էլ, կրակոցից էլ: Մենք մի բան ենք ուզում՝ խաղաղութիւն, որ մարդ հանգիստ իր դաշտում վար ու ցանք անի, չմտածի, որ դիմացի սարից կը կրակեն»:

Տասնմէկամեայ Մարին երկու երազանք ունի՝ դառնայ իրաւաբան, մէկ էլ մահճակալի տակ էլ չթաքնուի: «Որ կրակում են՝ շատ եմ վախենում, մամայիս եմ գրկում կամ էլ մահճակալի տակ եմ թաքնւում», պատմում է Մարին: Երկու ամիս առաջ Մարիի տան դիմաց են կրակել, փամփուշտն ընկել է հէնց դռան դիմաց: Փոքրիկը վախեցել է, գոռացել ու թաքնուել մահճակալի տակ: Ընկերուհին՝ Կարինէն պատմում է, որ մի քանի ժամ մնացել է մահճակալի տակ. մայրիկն ու տատիկն են համոզել, որ դուրս գայ. «Ես վախեցայ, լաց էի լինում, ասացի՝ մամա, ես ուրիշ տուն եմ ուզում, արի գնանք էս տնից: Մամաս լացեց, իսկ պապաս ջղայնացաւ, ասաց, որ բոլորը գնան, բա ո՞վ մնայ էս գիւղում», յիշում է Մարին՝ յաւելելով, որ դեռ լիովին չի ընկալել հօր ասածները, բայց էլ չի ուզում գիւղից հեռանալ:

Ներքին Կարմիրաղբիւրից հեռանալու մտադրութիւն չունի նաեւ 32-ամեայ Լեւոն Առաքէլեանը : Գիւղի մի փոքրիկ տարածքում Լեւոնը կենցաղային մաքրող միջոցներ է արտադրում՝ ժաւելի սպիրտ, աման լուանալու հեղուկ, օճառ: «Luys» անուամբ այս ապրանքները հիմնականում վաճառւում են Բերդի եւ Նոյեմբերեանի տարածաշրջանում: Արտադրութեան մէջ աշխատում են երեք բանուորներ, նրանք ամսական ստանում են վաթսուն հազար դրամ աշխատավարձ: «Luys»-ն ընդամէնը երեք ամսեկան է, Լեւոնը դեռ շահոյթ չի ստացել: Կարողանում է միայն հարկերը վճարել: «Գիւղին հէնց նման փոքր արտադրութիւններ են անհրաժեշտ, որ գիւղացին կարողանայ ապրել ու աչքը թեքել խոպանի ճանապարհից: Հէնց նման ձեռնարկութիւններն են այսօր գիւղը պահում, սակայն սկսնակ բիզնեսմեններին հարկային արտօնութիւններ են անհրաժեշտ, որովհետեւ սա առաջին հերթին ազգային անվտանգութեան հարց է», ասում է Լեւոնը՝ յաւելելով, որ իր ապրանքի որակից դժգոհութիւն չի լսել: Կարող են աւելի լաւ որակի ապրանք էլ ստանալ, սակայն տարածաշրջանում պահանջարկ չկայ, մարդիկ մի կերպ են գնում: «Իրենց համար կարեւորը, որ էժան լինի»: Լեւոն Առաքէլեանը մտադիր է զուգարանի թղթի արտադրութիւն էլ հիմնել: Նա վստահ է, որ այս նախաձեռնութիւնն առաւել յաջողութիւն կþունենայ, ու կը կարողանայ ե՛ւ ծախսերը փակել, ե՛ւ աշխատողներին առանց ուշացնելու աշխատավարձը վճարել: Լեւոնը պատմում է, որ մի քանի օր առաջ թշնամին ողջ օրուայ ընթացքում կրակել է, ու իրենք չեն կարողացել շէնքից դուրս գալ: «Ես կ'ուզեմ, որ մեր գիւղում մարդիկ աշխատեն, բայց չկայ, ի՞նչ անես: Գիւղացին մենակ չի կարողանայ, իրան օգնող ուժ է պէտք, մեզ պետութիւնը պէտք է օգնի, որ մենք մեր տներից չփախչենք, որ շահագրգռուած լինենք մնալ»: 

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ