Կը շարունակենք Մարի-Ռոզ Ապուսէֆեանի գրութիւնը՝  Յովհաննէս Չաքրեանի մասին: Այսօր կը հրատարակենք Բ. մասը:

 Յովհաննէս Չաքրեան իր տիկնոջ հետ,
Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ

Լաւ ձայն ունենալով եւ երգելը սիրելով մասնակցել է նաեւ վարժարանի երգչախմբին, Օննիկ Թադէոսեանի ղեկավարութեամբ, որի ծրագիրը եղել է, դժբախտաբար, միայն մէկ թուրքական երգ սովորեցնելը, որն աշակերտները երգել են, Համիտի ծննդեան օրը, զօրանոցի հրապարակում, «Թագաւոր շատ ապրիս պոռալով», յետոյ զօրանոցի պատշգամբից Իզմիրի Վալին իր շնորհակալութիւնն է յայտնել: Սակայն իր մէջ հօր բանտարկութեան վրէժը թուրքերի հանդէպ այնքան զօրաւոր է եղել, որ հրաժարուել է եւ երբեք չի մասնակցել այդ միջոցառումին:

Յովհաննէսը տաս տարեկան է լինում, երբ այրում են հօր խանութը: Հայրը եղել է մեծաքանակ ուտեստեղէնի վաճառական եւ ամբողջ ունեցուածքը կրակի զոհ դառնալով, ընտանիքը սնանկանում ու ստիպուած քաղաքից փոխադրւում են գիւղ, Իզմիրից երեք ժամ հեռու Մանիսա, մեծ մօր տունը, որը իրենց համար եղել է մի տեսակ ամարանոց: Երեխաներով սկսել են յաճախել տեղի աղջկանց եւ տղոց վարժարանները: Այդ հրդեհից վեց ամիս յետոյ հայրը մահանում է եւ մայրը ընտանիքին ետ է բերում Իզմիր, որպէսզի երեխաները իրենց ուսումը շարունակեն աւելի բարձր մակարդակով: Հազիւ փոխադրուած, դպրոցի ճանապարհին մի օր, մի սեւ շուն իր ձեռքն է կծում: Այստեղ հետաքրքիր տեղեկութիւն է յայտնում այդ օրերի թուրքական բժշկութեան մասին: Ոստիկանները անմիջապէս գալիս սպաննում են շանը, որպէս կատղածի եւ իր մօրը տեղեկացնում են, որ պէտք է երեխային անմիջապէս Պոլիս տանել, կատղածութեան դէմ  բժըշկուելու: Պարզւում է ամբողջ Թուրքիոյ մէջ միայն Պոլսում է եղել այդպիսի հիւանդանոց: Այդ նոյն շունից կծուածները, 32 հոգի, իր հետ երկու օր նաւով տանջալից ճամբորդելուց յետոյ, հասնում են Պոլիս: Ինքը հազիւ 10 տարեկան լինելու պատճառով թոյլատրում են, որ մայրը ուղեկցի իրեն: Ամենահետաքըրքիրը բուժման ձեւն է, ահա թէ ինչ է գրում: «Ամէն առաւօտ ժամը 8-ին զանգակը կը զարնէր եւ բոլոր հիւանդները փորերնին բաց վար կ'իջնէին բժշկին ներկայանալու: Խոշոր ասեղ մը կը զարնէին ու որպէսզի ցաւը անցնի, բոլորս, շուրջ 100 հոգի,այդպէս փորերնիս բաց, նրբանցքին տաք տեղը կը կենայինք 15 վայրկեան: Այսպէս տեւեց 40 օր»:

Մէկ տարի անց Կոմիտաս Վարդապետն է Իզմիր գալիս համերգի եւ մօտ 130 հոգի հաւաքելով սկսում է փորձերը: «Ընտրուողներու մէջ ամէնէն փոքրը ըլլալուս պատճառով ինծի չվերցուց, բայց երգել տուաւ ձայնս փորձելու համար: «Ես ալ սկսայ բարձր ձայնով երգել՝

Գիւղին ծայրը, վտակին մօտիկ,

ծառերուն մօտ կանաչ հովիտ…

Վարդապետը տեսնելով իմ ոգեւորութիւնը յուզուեցաւ, մազերս շոյեց ու ըսաւ՝-այս տղան լաւ ձայն ունի, մարզեցէք»: Բայց ո՞վ պիտի հետեւէր իրեն, երբ ընտանիքը քայքայման եզրին էր:

Իզմիրում Կոմիտասը մնում է չորս ամիս, դաս տալիս, երգչախումբ կազմում, համերգներ տալիս:

Այդ օրերին մայրը ծանր հիւանդանում է եւ մահանում, որբ թողնելով հինգ անչափահաս երեխաներին: Առատութեամբ ու երջանկութեամբ իր սկսած մանկութիւնը միանգամից խորտակւում է: Որբ մնալով, քոյրերով ու եղբայրներով՝ երեք քոյր եւ երկու եղբայր, բաժան-բաժան են լինում: Մեծ քոյրը ընդունւում է հիւանդանոց, որպէս հիւանդապահուհի եւ այնտեղ էլ գիշերում: Միջնեկ քոյրը Ամերիկեան Քոլեճի գիշերօթիկ է ընդունւում, պզտիկ քոյրը՝ Գերմանական վարժարանի գիշերօթիկ, փոքր եղբայրը՝ հայոց որբանոց, իսկ ինքը ինչպէս վերը նշեցինք՝դրամ շահելու հրամայականով դպրոցից հեռանալով, ապրում է տիկ. Հերուգեանի տանը եւ փայտի վրայ փորագրութիւն անելով հոգում իր կեցութիւնը այդ ընտանիքում: Տեսնելով, որ այդ ընտանիքի անդամալոյծ տղայի վիճակը վատթարանում է եւ ինքը յաւելեալ ծանրութիւն դառնում տիկ. Հերուգեանին, մեկնում է Գահիրէ, մօրաքրոջ մօտ, այնտեղից էլ Ալեքսանդրիա:

Նրա այս ամբողջ ընթացքը զարմացնում է ընթերցողին կեանքի դժուարութիւններին դիմագրաւելու իր բնածին եւ մաքուր կարողութեամբ: Զարմացնում, թէ այս պատանին ե՞րբ, որտե՞ղ էր սովորել հաւատարիմ մնալ իր էութեանը, իր ընտանեկան դաստիարակութեանը, որը այնքան էլ երկարատեւ չի եղել:

1950ական թուականներուն, Գոքինիոյ «Զաւարեան»ի մէջ. ձախէն աջ՝ տոքթ. Էօտէմիշեան, Սոնա Ներսէսեան, տոքթ. Եղիա Արշակունի (Ազգային Վարչութեան անդամ), ..., Վահան Տիւզեան («Ազատ Օր»ի հաշուապահ), Սեդրակ Գոհարունի («Ազատ Օր»ի խմբագիր), Սիրարփի Գոհարունի (Հ. Կ. Խաչի Շրջանային Վարչութիւն), Գաբրիէլ Լազեան, ընկերուհի Յովհաննէսեան, Յովհաննէս Չաքրեան, Ալիս Ֆարաճեան

 

13 ամեայ այս պատանին նկարչութեամբ եւ խանութների ցուցատախտակներ նորոգելով այդ բոլորովին օտար միջավայրում, հոգում է իր համեստ ապրուստը եւ միաժամանակ ունկնդիր լինում իր ներքին ձայներին, իր նախասիրութիւններին: Երգի ու երաժշտութեան սիրահար լինելով ունեցած դրամով առաջին անգամ այնտեղ ունկնդրում է «Այտա» օփերան Պեռլինի օփերայի կատարմամբ: Այդ օրուանից կապւում է թատերային արուեստին, բաց չթողնելով որեւէ ներկայացում:

Ընդամէնը 14 տարեկան է լինում, երբ սկիզբ է առնում Առաջին Համաշխարհային պատերազմը: Իզմիրում մնացած իր հարազատների վտանգուած լինելու զգացումը նրան ստիպում է թողնել իր համար ապահով Եգիպտոսը: Մի անձկալի կարօտ հանդէպ իր որբ քոյրերն ու որբանոցում մնացած փոքր եղբայրը, իրեն պարտադրում է ետ վերադառնալ Իզմիր, նրանց հետ լինել: Որքան էլ ընկերները զգուշացնում են վտանգը եւ շեշտում Եգիպտոսի ապահովութիւնը, ոչինչ չի օգնում, վերադառնում է Իզմիր, հանդիպում իր ցրուած ընտանիքի անդամներին, սփոփելով իրար կարօտնին առնում եւ որոշում է այլես չբաժանւել, մնալ այնտեղ: Կրկին փորագրութեամբ իր ծախսերն է հոգում, ապրում մօրաքրոջ տանը եւ ամէն օր հանդիպում քոյրերին ու եղբօրը:

Սակայն Թուրքիոյ օրէ օր վատթարացող քաղաքական մթնոլորտը նոր տագնապալից վիճակներ է ահազանգում: Սկսւում է հայերի հալածանքը, տեղահանութեան հրահանգը հասնում է նաեւ Իզմիր: Իզմիրի Վալին, Ռահմի պէյ, մեծահարուստ հայերից հսկայական գումարներ է գանձում, տեղահանութեան չենթարկելու խոստումով, բայց… վերջաւորութիւնը բոլորիս է յայտնի:

Օրէ օր հայերի ձերբակալումներն ու սպանութիւնը սաստկանում են: Առաջին հերթին հալածւում են Դաշնակցականները: Դաշնակցութեան ակումբում գտնուելով ինքն էլ ձերբակալւում եւ վեց օր բանտում խարազանով ծեծի է ենթարկւում: Տեսնելով, որ այդպէս ծեծի տակ այդ բանտում շատերի պէս, մեռցնելու են նաեւ իրեն, ճարպկօրէն կաշառում է բանտի զինւորներից մէկին, լուր ուղարկում թուրք բարձրաստիճան զինուորականների շատ յայտնի յարգուած հայ դերձակ՝ «Ալթուն Մաքաս», «Ոսկի Մկրատ», Մկրտիչ Միքայէլեանին, որի մօտ պատանութեան տարիներին ամառները աշակերտել էր եւ որը մեծ ու ազդեցիկ կապեր է ունեցել կառավարութեան շրջանակում: Շատ ձեռներեց ու կարող մարդ լինելով, անմիջապէս գալիս եւ ազատում է իրեն բանտից, կառք նստեցնում, պատուիրում է անհապաղ հեռանալ քաղաքից: Ստիպուած մեկնում է Մանիսա, իր մեծ մօր մօտ: Կրկին բաժանւում է հազիւ վերագտած իր հարազատներից:

«Մանիսա քաղաքը ամբողջ Դաշնակցական էին: Շատ գործօն Կոմիտէութիւն ունէր» գրում է նա եւ ինքն էլ մասնակից դառնում երիտասարդական հաւաքներին, սովորում այդ կուսակցութեան գաղափարները եւ էլ աւելի ուժով ու հաւատով կապւում դրան:

Մանիսայից մէկ ժամ հեռու, Միւթէվէլլի շրջանում, սրանք բոլորն էլ յունական հողատարածքներ են, Գալուստ Կիւլպէնկեանը հսկայական ագարակ է ունեցել, 45 հազար հեկտար տարածութեամբ, 4000 ոչխար ու կով, կաթի, պանրի գործարան, ցորենի, գարիի, եգիպտացորենի հսկայ շտեմարաններով,  խաղողի այգիներով, մեղուների փեթակներով: Այս բոլոր բարիքը վաճառուել է Իզմիրի, Պոլսոյ եւ Թուրքիոյ տարբեր քաղաքների մէջ: Հայ զանազան գաւառներից մնայուն աշխատավարձով170 հայ պաշտօնեաներ են աշխատել այնտեղ, ինչպէս նաեւ մօտակայ յունական գիւղերից 400 այր եւ 150 կին, օրավարձով աշխատող: Ագարակը նախկինում պատկանել է մէկ այլ հայի՝ Իզմիրի մեծահարուստ Պալեօզեանին, որն ահաբեկուել, սպանուել է հայի ձեռքով եւ տարիներ յետոյ, որդին՝ Սերգօ Պալեօզեանը, ագարակը 10 անգլիական ոսկով վաճառել է Կիւլպէնկեանին: Այս ագարակում ինքն էլ աշխատանք է գտնում, արագ ընտելանում իր նոր միջավայրին ու շարունակում է ապրել իր մեծ մօր տանը:

1918-ին Յունուար 1-ին երդում է տալիս ու անցնում ՀՅԴ շարքերը:

Այդ տարի բաւական խիստ ձմեռ է լինում Մանիսայում եւ իրենք փայտածուխի համար դրամ չունենալով, հանքածուխ են օգտագործել տանը: Մի իրիկուն, մեծ մօր տան կրակարանի առջեւ գիրք կարդալիս,ածուխի ծխից գիտակցութիւնը կորցնում է ու մարում: Մեծ մայրը կարծելով, որ քնած է, «մի քնանար, կը մսիս, կþըսէ»: Տեսնելով պատասխան չկայ, հարեւանին է կանչում, նա էլ տեսնելով, որ տղան չի շարժւում, յայտարարում է, որ մեռած է: Ըստ օրէնքի թուրք քաղաքապետարանի բժիշկն է հաստատել մահերը եւ նոր միայն իրաւունք տուել թաղելու: Նա էլ գալով հաստատել է իր մեռած լինելը: «Եկեղեցին լուր կուտան, դագաղ մը կը բերեն մէջը կը դնեն, մոմ մը գլխուս կողմը, մոմ մը ոտքիս ու կը սկսին լալ: Կեսօրէ վերջ քահանան դպիրներով թաղման կարգս կը կատարէ»:

Մեծ մայրը Սրբուհի Խանզատեան անունով ազգականուհի է ունեցել, բաւական զարգացած կին: Երբ նա գերեզմանատուն ուղղուող թաղման թափօրն է տեսնում եւ իմանում եղելութիւնը, ստիպում է, որ դագաղը վար դնեն ու բանան: Բաւական վիճաբա- նութիւններից յետոյ, - «քանի որ քաղաքապետարանը արդէն մեռած յայտարարած էր զիս, ու պիտի որ թաղուած ըլլամ անպայման, վերջապէս դագաղը կը բանան: Տիկ. Խանզատեան կը համբուրէ զիս եւ կը տեսնէ, որ տաք եմ, անմիջապէս օ-տէ-քոլոն բերել կուտայ, դգալին մէջ բամբակին վրայ կ'այրէ ու բերանս բանալով շնչել կուտայ: Երբ կը շնչեմ, աչքերս կը բանամ: Ոմանք սարսափահար կը փախին: Տուն կը բերեն եւ դագաղէն անկողին կը փոխադրեն զիս:

Անկէ վերջ դեղնութիւն ունեցայ: Թուրք բժիշկ մը բերին, ան ալ ածելիով աչքերուս մէջտեղը ճեղքեց ու գրպանէն շիշ մը հանելով, պզտիկ գաւաթ մը լեցուց ու խմցուց: Խմելէս վերջ հասկցայ, որ մեզ էր:

Ամիս մը ետք գերեզմանատուն գացի, հարցուցի թէ տղայ մը մեռած եւ ողջացած էր, ու՞ր պիտի թաղէիք: Ցուցուց, բայց արդէն ուրիշ մը թաղած էին իմ տեղս»:

Այսպէս «մեռնելով ու կենդանանալով» շարունակում է ագարակի իր աշխատանքը եւ ամռանը փոքր եղբօրը շատ կարօտած լինելով, դպրոցական արձակուրդին, Իզմիրից իր մօտ է բերում, որ մի քիչ կազդուրուի: Երկու եղբայր ընտանեկան կարօտով լեցւած կարծես կորած տարիներն են գտնում, սակայն ագարակի տնօրէնը չի համաձայնւում նրան պահել: Ստիպուած է լինում ետ ուղարկել եղբօրը Իզմիր: Մի քանի օր յետոյ դպրոցի ճանապարհին երեք թուրք տղաներ յարձակւում են եղբօր վրայ եւ այնքան ծեծում, որ կիսամեռ ընկնում է գետին: Անցորդ մի յոյն տեսնելով գետին ընկած պատանուն հիւանդանոց է հասցնում, բայց փրկել հնարաւոր չի լինում: Եղբօրը արդէն թաղած են լինում, երբ իմանում է այս բոլոր մանրամասները: Երեք ամիս յետոյ մահանում է նաեւ իր միջնեկ քոյրը: Նրանց մահը շատ ծանր է ազդում իր վրայ եւ աւելի սրում իր մէջ թուրքի հանդէպ ատելութիւնը, ընտանիքի դժբախտ ճակատագրի պատասխանատուն նրանց նկատելով: Բայց եւ նոյն ճակատագրի պարտադրանքով ստիպուած է լինում յաճախ ծառայել այդ ոճրագործներին: Թուրք զինեալների վոհմակը ցանկացած պահին եկել է ագարակ, գառնուկ, պանիր, կարագ, ձրի տանելու, աւելի յաճախ էլ դրամ պահանջելու: «Օր մը կեսօրէ վերջ 7 հոգի ձիերով ագարակէն ներս մտան, հրացաններ պարպելով ձիերէն վար իջան: Աշխատող հայերս ծակէ-ծակ մտանք: Իրենց ղեկավարը սկսաւ պոռալ.- Քերովբէ Աղան թող դուրս գայ: Տեսան, մարդ դուրս չի գար, սկսան քարիւղ թափել բակին մէջ գտնուող կառքերու վրան ու կրակ տուին: Հրդեհը տեսնելով Քերովբէն ստիպուեցաւ դուրս գալ: -Հաճի Մուսթաֆան 3000 հնչուն ոսկի կը պահանջէ,- ըսաւ թուրքը:

-Միայն 2000 կայ գանձարկղին մէջ,- ըսաւ Քերովբէն: -Անիկա առէք, 1000 ոսկին ալ մէկ շաբաթէն կը բերենք ու ձեզի կը յանձնենք:

Անոնք 2000 ոսկին առին, Քերովբէին ալ տարին: -Երբ մնացածը բերէք իրեն ազատ կ'արձակենք,- ըսին: Քանի մը օր վերջ դրամը յանձնելէ ետք գիտցանք, որ Քերովբէն արդէն սպաննած են»:

Պատերազմի օրերին այդ նոյն ագարակում 60ից աւել զինուորութիւնից փախած հայ երիտասարդներ են պատսպարուել, ու ամէն վայրկեան վախով աշխատել: Բայց քանի որ թուրք տարբեր աստիճանաւորներ առատօրէն օգտուել են ագարակի բարիքներից, խուզարկութեան չեն ենթարկել այն:

«Անգամ մը չորս թուրք սպաներ եկան, իրենց սպասարկու զինուորներով, երկու պարուհիներով ու երկու նուագածուներով: Սպաներէն մէկը Ֆիքրի պէյ անունով, չորրորդ զօրաբանակի ընդհանուր բժշկապետ, սոսկալի մարդ մըն էր: Խմեցին, նուագը սկսաւ, պարուհիները սկսան պարել: Սպաներէն երիտասարդը ատրճանակը հանած պատերէն կախուած գեղեցիկ նկարներու գամերուն կը զարնէր: Գամերը պատին մէջ կþերթային եւ նկարները վար իյնալով ապակիները կը փշրուէին: Կ'երեւար, որ լաւ նշանառու էր եւ հաճոյք կ'առնէր իր ըրածէն: Յանկարծ Ֆիքրի պէյ սպային ըսաւ-օղիիդ գաւաթը գլուխիդ դիր, ես պիտի թռցնեմ զայն: Սպան օղին խմեց, գաւաթը գլխուն դրաւ: Բժիշկը ատրճանակը հանեց, մէկ հատ սպային ճակտին տուաւ, սպան ինկաւ, մեռաւ: Կիները, նուագողները սարսափած դուրս փախան: Պէյը իր զինւորները կանչեց եւ պատուիրեց, որ տանին, ագարակին ետեւը փոս մը փորէն ու մէջը նետեն: Յետոյ բոլորին եւ յատկապէս մեզի ըսաւ՝- Եթէ լսեմ, որ այս դէպքը պատմեր էք, ամբողջ գերդաստաննիդ կը մաքրեմ: Յետոյ հանգիստ, ներս կանչեց պարուհիներն ու սկսան երգ-պարը շարունակել, կարծես բան մը չէր եղած: Հայերս սարսափի մէջ էինք, այդ աքսորի ու ջարդի օրերուն, երբ լսուէր, որ հայի ագարակին մէջ թուրք սպայ մը սպաննուած է, գիւղերով ու քաղաքներով պիտի պատասխան տայինք ու չազատուէինք»:

Հայաբնակ գիւղերում հայութիւն չէր մնացել, միայն միսիոներների փնտռտուքներով գտնուած որբերին կարողանում են մի կերպ փոխադրել նախ Ալեքսանդրիա, իսկ այնտեղից Յունաստան: Գորֆու կղզում որբանոց են բացում ու տեղաւորում նրանց, ուր դասաւանդում են Գէորգ Կառվարենցը եւ Օննիկ Չիֆթէ Սարաֆն ու իր կինը:

Զինադադարից յետոյ յունական զինուորները հասնում են մինչեւ Միւթէվէլլի, իրենց ագարակի գիւղը եւ այնտեղ ճակատ կազմում, որովհետեւ մէկ ժամ այն կողմ յունական Փափազլար գիւղաքաղաքն է եղել, 600 յոյն բնակիչներով, ուր ապրել է Խալիտ փաշան իր մի քանի հազար չէթէներով, յոյներին կոտորելով:

Մէկ տարի մարզումներից յետոյ, յոյները ամբողջովին մաքրում են գիւղաքաղաքը, կոտորում են Խալիտի զօրքերին ու ազատագրում իրենց հողը: Յովհաննէսը զինուորագրւում է այդ յունական բանակում ու կռուելով թուրքերի դէմ, իր ընտանիքի վրէժը մասամբ լուծում:

Ապրելով ու աշխատելով յունական գիւղում լաւ յունարէն է սովորում, յոյն լաւ բարեկամներ ձեռք բերում, որոնք յետոյ, իր կեանքի յաջորդ հանգրուանինշատ օգտակար են լինում իրեն:

1922 Քեմալականների կատաղի առաջխաղացումով յունական բանակը ծանր կորուստներ է կրում եւ սկսում է նահանջել: Վտանգը զգալով մեկնում է Իզմիր, կրկին իր հարազատների հետ լինելու: Բայց սկսւում է Իզմիրի աղէտը: Ցաւոք, իր թոյլ գրիչը ի զօրու չէ այդ աղէտի խորը պատկերը փոխանցելու, բայց գոնէ մօտաւոր պատկերացում է տալիս եղած իրավիճակի մասին: Թուրքերը նախ սկսել են կողոպտել քաղաքը, որը հսկայական հարստութիւն է ունեցել, այն պարենաւորել է ողջ Անատոլուն եւ փոքր Ասիան: Կողոպուտի ութերորդ օրը, Սեպտ. 13-ին հրդեհում են յունական եւ հայկական շրջանները, որը քաղաքի հիմնական մասն է կազմել: Հրդեհը տեւել է 10 օր: Ափում կանգնած անգլիական, ֆրանսական եւ օտար ռազմանաւերը մերժել են ընդունել կրակից կիսախելագար փախչող հայութեան եւ հանգիստ դիտել թէ ինչպէս են նրանք նետւում ծովը ու խեղդամահ լինում: Միայն Ռումանական մէկ նաւ, նաւային գործակալ Հայրապետ Շահումի ճարպկութեան շնորհիւ, փրկում է մի քանի հազար հայերի: Մի փոքրաթիւ մաս էլ յոյների հետ միասին փրկւում են յունական նաւով, իսկ ինքը ամերիկացի մի ընկերոջ շնորհիւ, իրբեւ Ճօն Չաքրօֆ, վերջին վայրկեանին փրկւում է ամերիկեան նաւով: Նաւում հանդիպում է իր երկու քոյրերին: Ութ հոգինոց ընտանիքից մնացել էին միայն երեքը, երկու քոյրերը եւ ինքը. ինչպէ՞ս չատէին թուրքին:

Նաւը նրանց հասցնում է Յունաստան, Փիրէա: Հարիւր հազար գաղթական հայ էր հաւաքուած, անօթի, անգործ, ապրած սարսափներով լեցուն, անորոշ ապագայով եւ իրենք էլ նրանց մէջ:

Եգիպտոսի մէջ, Հայաստանի վերջին վարչապետներէն
Համօ Օհանջանեանի հետ

Մեծ քոյրը ամերիկացիների հետ մեկնում է Ամերիկա, աւարտում համալսարանը եւ դառնում ուսուցչուհի ու մնում է այնտեղ: Փոքր քոյրը աւարտած լինելով Իզմիրի գերմանական վարժարանը, յոյն մի մեծահարուստի աղջկայ գերմաներէնի ուսուցչուհին է դառնում, ապրում նրանց մօտ: Հետագայում այդ աղջիկը դառնում է յայտնի նաւատէր՝ Օնասիսի կինը:

Ինքն էլ որոշ ժամանակ գործ փնտռելու թափառումներից յետոյ ընդունւում է տարբեր տեսակի ապրանքների վաճառատուն եւ իր փայլուն յունարէնի ու աշխատասիրութեան շնորհիւ աչքի ընկնելով անչափ սիրւում ու լաւ վարձատրւում է: Սակայն օտար հողում հայ ազգային կեանքի կարօտը սկսում է մաշել իրեն:

Աթէնքում Դաշնակցութիւնն սկսում է գաղութը ձեւաւորել, թերթ հրատարակել՝ «Նոր Օր»ը. կուսակցական ժողովները կանոնաւոր բնոյթ են ստանում, հայ թափառականների անորոշ կեանքը աւելի որոշակի ու իմաստալից ձեւի վերածւում, համախմբւում կուսակցութեան շուրջ: Յովհաննէսը թողնում է իր աշխատանքը եւ Աթէնք տեղափոխւում, անմիջապէս ինքն էլ լծուելով ազգային գործին: Աթէնահայ Թատերասիրաց Միութիւն ստեղծում, ներկայացումներ կազմակերպում, իրենց ներկայացումներին մինչեւ անգամ մասնակցել են այնպիսի յայտնի դերասաններ ինչպիսիք Յով. Զարիֆեանը, Օննիկ Գալֆայեանը, Մանուէլ Մարութեանը եւ ուրիշներ:

Տեսնելով, որ հայ երիտասարդները տարւում են օտարներով, միտք է յղանում ստեղծել Բնապաշտներու Միութիւն, հայ երիտասարդներին իրար մօտ պահելու մտածումով: Ինքը դեռ 26 տարեկան է եւ ընտանիքի կարօտ իր հոգին չի հանդուրժում հայ ընտանիքի քայքայումը: Այդ Միութիւնում կազմակերպում է երիտասարդների շաբաթօրեայ հաւաքներ, բացօթեայ խրախճանքներ, ուր հայ երիտասարդները հնարաւորութիւն են ունենում իրար տեսնելու, իրար ճանաչելու, իրար հասկանալու: Այդ օրերին ինքը դեռ ամուրի, կնքահայր է դառնում եօթ զոյգերի ամուսնութեան:

Կուսակցութեան որոշումով կազմում են Հայ Կարմիր Խաչը Ամերիկեան Քոլէճի հայ աղջիկներով, ինքն էլ դառնում վարչութեան անդամ: Բայց քանի որ Յունաստանում արդէն գոյութիւն է ունեցել Կարմիր Խաչ, որպէս պետական հաստատութիւն, իրենք ստիպուած են լինում փոխել իրենց անունը՝ դառնալ Կապոյտ Խաչ: Այդպէս սկիզբ է առնում Յունաստանի ՀՕՄը՝ Կապոյտ Խաչը: 25տարի Շրջանային Վարչութեան մէջ է ծառայում, որն հիմնում է 10 մասնաճիւղեր Յունաստանի տարբեր քաղաքներում եւ 5 վարժարաններ: Ստեղծել են հայ համայնքի կարիքները հոգացող դարմանատներ, հիւանդանոցների, բուժարանների, դեղատների հետ մասնաւոր կապերի ցանցեր հաստատել: Իսկ այս ամէնը նշանակում էր անձնական կեանքի ժամերից զոհաբերել, աշխատել, ազգային կարիքները հոգալ: