Արդէն աւանդոյթ են դարձել Արցախում կազմակերպուող ստեղծագործական շարադրութիւնների մրցոյթները հայրենասիրական թեմաներով: Այդ միջոցառումներն աշակերտութեան շրջանում լաւատեսութիւն սերմանելու, հայրենասիրութեան շունչ ներարկելու նպատակ են հետապնդում:

Նմանատիպ մրցոյթները հնարաւորութիւն են տալիս մեր դպրոցականներին՝ իրենց հոգու լուսաւոր մի անկիւնում յոյսով ու հաւատով փայփայած յուշերին թռիչք տալ՝ լինի դա ծնողի, թէ մէկ այլ հարազատ անձնաւորութեան կորուստ՝ դրանով   իսկ փորձել ամոքել իրենց վիշտը:
«Մեր հայրենիքը մենք պիտի պահպանենք» շարադրութեան մրցոյթի  մրցանակակի հանդիսացած է  Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անուան թիւ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վալերի Մնացականեանը:
Ահա Վալերիի յուշերից հիւսած առաջին խօսուն զրոյցը հօր հետ. «Իմ սեղանին դրուած է քո մեծադիր նկարը, եւ ես փորձում եմ քո մասին դիւցազնավէպ գրել: Թւում է՝ մի պահ հարթւում է քիչ խոժոռ դէմքդ, ու փորձում ես ժպտալ, որովհետեւ քո դիմաց նստած զրուցընկերը անունդ կրող որդիդ է, որին, աւա՜ղ, տեսնելու եւ գիրկդ առնելու երջանկութիւնը չունեցար (զոհուեցիր իմ ծնուելուց երեք ամիս առաջ): Բայց գիտե՞ս, հայրիկ, որ ես քեզ ամէն օր տեսնում եմ իմ երազներում, երազներիս  հերոս հայրիկ (ես էլ հայր ասելու, խորհուրդներդ լսելու երջանկութիւնը չունեցայ, մինչդեռ դրա կարիքը շատ եմ  զգում): Դու իմ մէջ վաղուց կայիր, եւ ես ուզում էի նկարել, ստեղծել քո կերպարը, բայց ներկեր չունէի եւ այբուբենն էլ չգիտէի. շատ էի փոքր, իսկ Արցախի համար խառը ժամանակներ էին»:
Մի ժամանակ դեռ հօր նկարին զարմանքով ու մանկական աչքերով նայող Վալերին այսօր արդէն սովորում է 11-րդ դասարանում, եւ վաղուց է, ինչ յայտնագործել է իր ... Հայրենիքը. «Հայրենիքը՝ ես եմ, իմ ընկերները, հայրենիքը դո՛ւք էք՝ նահատակներդ, որովհետեւ առանց անցեալի ներկայ չի կերտւում: Այդ փոքրիկ, բայց յաւերժութեան խորհուրդը կրող երկիրը պաշտպանելու համար պէտք է պատրաստ լինել ե՛ւ բարոյապէս, եւ ֆիզիկապէս»: Վալերին ու իր նմանները ոգեշնչման հունդերը վերցընում են քաջարի նահատակների սխրանքներից ու ամէն անգամ նորովի տոգորւում վերջիններիս՝ հայրենիքին անմնացորդ նուիրուածութեան օրինակով: Ահա՝ Վալերին իրեն տեսնում է զոհւած ազատամարտիկների տուն-թանգարանում, որ իր համար դարձել է ուխտատեղի, կարծես իր երկրորդ տունը: Այստեղ եւս զրուցում է հօր նկարի հետ, պատմում երկրի նորութիւնների մասին, հաղորդակցում, խորհուրդներ ստանում նրանից եւ վերջում վերցնում հօր կի-թառը, հնչեցնում նորաստեղծ երկրի՝ դէպի յաւերժութիւն միտուած մեղեդին:
Թանգարանում իրեն եւ վշտակից իր ընկերներին դիմաւորում են բազում հրաւիրեալներ՝ նահատակների ծնողներ, ուսուցիչներ, կրթութեան ոլորտի ներկայացուցիչներ...
«Քար լռութիւն էր: Յանկարծ  հայեացքս յառեցի նկարիդ, եւ այն իմ հոգում  գուրգուրելով՝ արտասանեցի կարօտից ծնուած տողերս.

Հա՛յր իմ, տասնհինգ տարեկան եմ ես,
Բայց գէթ մի անգամ չեմ տեսել ես քեզ...
Ճանաչում եմ քեզ միայն նկարից,
Որի համար էլ տխուր եմ այսպէս:
Հա՛յր իմ, սիրելի, ա՛խ, այնքա՜ն կÿուզեմ
Քո կրծքին փարուել ու սիրտս բացել,
Խոհերս պատմել, թէկուզ երազում
Մի կուշտ համբուրել՝ կարօտս առնել...»:

Հօր բացակայութիւնը լրացնում է նաեւ դպրոցը. «Երբ առաջին անգամ նման տողեր արտասանեցի դասարանում, ուսուցչուհուս եւ ընկերներիս աչքերում մարգարտացած արցունքներ տեսայ: Այնուհետեւ ինձ մօտեցաւ ուսուցչուհիս, ձեռքը դրեց ուսիս եւ քաջալերեց. «Վալերի՛, նայիր այնտեղ, չարտասուես, հպրարտացի՛ր, քո հայրը հերոս է, նրան ցաւ կը պատճառեն քո արցունքները»: Եւ արտասանելիս, որպէս պատգամ՝ լսում է հօր մեղմ շշնջիւնը. «Որդի՛ս, ծագող արեւն արդէն անկարող է տաքացնել իմ տկար ու սառը մարմինը, խնդրում եմ պահպանիր ու պաշտպանիր հայրենիքդ. ես այն ազատագրել եմ որպէս սուրբ սրբոց եւ պարգեւել քեզ»:
Վալերին, շփուելով հօր զինակից ընկերների հետ, հասկացաւ, որ արծիւները չեն մեռնում, արծիւները սաւառնում են ազատ երկնքում՝ բա՜րձր-բարձր: Հիմա այդ երկինքը հօրն է, որտեղից նա հսկում է երկրի անդորրը:
Հօր հետ զրոյցը ձգւում է, գարնան արեւի պէս բերելով նոր յուշեր, որ մայրն է պատմել:
Վալերին հօրը խոստանում է լինել իր երազների տէրը եւ աշխարհին պատմել հօր եւ Արցախի հրաշապատում հեքիաթի մասին, նաեւ այն մասին, որ Արցախը պիտի յարատեւի, քանզի հօր նմանների վրէժխնդրութեամբ ու հայրենասիրութեամբ է կերտուել ազատ ապրելու իրաւունքը»:
Աւարտելով իր զրոյցը հօր հետ՝ երդւում է նկարի առաջ. «Ձեր թողած սուրբ հողը ես կը պաշտպանեմ եւ անաղարտ ու հզօր՝ կը յանձնեմ սերունդներին, որպէսզի արժանաւոր հօր արժանի զաւակը լինեմ, քանզի՝
«Քո անունը իմ անունն է,
Քո պատիւը՝ պատիւս թանկ...»:

Անտարակոյս, Վալերին, լինելով  քաջ ու հայրենասէր հօր զաւակը, կը պահի իր երդումը՝ ընդմիշտ յիշելով ու վառ պահելով նրա յիշատակը:

ԱՐԵՒԻԿ ԲԱԲԱՅԵԱՆ

ԱրՊՀ բանասիրական
ֆակուլտէտի լրագրութեան բաժնի ուսանողուհի