Գարուններ կան,
որ իրենց ծիծեռնակներն ունեն,
որ եղանակաւորում են
տարին, ժամանակը,
որ կեանքն է:

 

Կեանքը իր մեղեդին ունի,
իր երգը,
որ զրնգում է զանգի նման,
որ կախուած է մեր դպրոցում:

 

Նրա ղօղանջը
բախտաւորութեան մի խազ ունի,
և դուր է գալիս իմ սրտին:

 

Նոյն զգացումով եմ
զանգեր նկարում
ամանօրեայ շնորհաւորաքարտերի վրայ... 

Բախտաւորութեան մեղեդին եմ զրնգացնում,
որ սկիզբ է առնում մեր դպրոցից
ու տարածւում է,
հասնում է մերոնց ու ժամանակին,
որ մտնում են դասարան,
որ կեանքն է...

 

Ծիծեռնակները ծլւլում են
ու բոյն են շինում...

 

... Մենք ենք,
որ սիրաբանում ենք,
գաղտնի ժամադրութիւնների ենք գնում
ու առնում ենք համը...

 

... Որ ընտանիք ենք կազմում,
եղանակաւորում ենք համանուագը
հնչեղ խազերով,
ամանակով ու ժամանակով,
որ կեանքն է:

Կեանքն իր զեփիւռն ունի,
որ շրշում է մեր պարտէզում,
մեր դպրոցի բակում,
ու շոյում է ծառ ու ծաղիկ
ու վարդ,
որ աւելի բուրումնավէտ են
քան երազը...

 

... Ծառ ու ծաղիկ ու վարդ՝
մեր ունեցուածքը...

 

Դրանք մեր մտածումներն են,
մեր ցանկութիւններն են,
մեր յոյզերն են,
մեր սէրերը...

 

... Որ վայելում ենք ժամանակի ընթացքում,
որ կեանքն է,
եղանակաւորուած,
զրնգացող և շրշող...

 

Այդ բոլորով է,
որ սիրում եմ ծիծեռնակներին,
որ սիրում եմ գարունը:

 

Շ Ո Ւ Ա Յ Տ Ա Ն Ք

 

Հանդիպել ենք այս կրճատ պահում,
Զննում ենք իրար,
Որտեղից որտեղ թռած ասուպ,
Ցոլում անկատար: 

Գիշերը մտել անկողնուս մէջ
Ու մրափում է.
Խայտանքը օրուայ քրտնած ու գէջ
Հոծ ալիքւում է:

 

Երազի ծուէն իմ աչքերում
Աստղի փայլակ է,
Գիշերը շուայտ տաք մահիճում
Խրախ ու պագ է:

 

Հեշտանքի ծովում քամուած ու գոհ
Համբուրում եմ քեզ.
Ննջում եմ տաքուկ սիրոյդ ներքոյ
Ընդարմացած, հեզ:

 Գրիշ Դաւթեան
Կլենտէյլ, Քալիֆորնիա