Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ տարուող աշխատանքներն ուղղակիօրէն ու անուղղակիօրէն ցոյց են տալիս իրենց արդիւնաւէտութիւնը:
Կարեւոր քաղաքական իրադարձութիւն էր Լիտվայի Սեյմում Լիտվայի Հանրապետութիւն-Արցախի Հանրապետութիւն խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը, որն ապտակ էր Ադրբեջանի արտաքին քաղաքականութեանը եւ խօսուն փաստ այն բանի, որ Ադրբեջանի ագրեսիայի եւ սպառնալիքի քաղաքականութիւնը դատապարտուած է կործանման, իսկ հայկական քաղաքականութեան նոր ուղղութիւնը՝ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման շուրջ, արդէն անսակարկելի իրողութիւն է, ինչը միջազգային ասպարէզում ակնյայտ է վերջին մէկ տարուայ ընթացքում:
Աշխարհի տարբեր երկրներում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման, Հայոց ցեղասպանութեան, Սումգայիթում, Բաքւում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում հազարաւոր հայերի հանդէպ իրագործած ցեղասպանութեան դատապարտման ուղղութեամբ, բնականաբար, արժանանում են նաեւ ադրբեջանական եւ թուրքական կողմերի դիմադրութեանը:
Հայոց ցեղասպանութեան 100-ամյակի նախաշեմին աշխարհի տարբեր երկրներում ակտիվացել է թուրքական եւ ադրբեջանական լոբբին: Միջազգային հանրությեան մեջ շփոթութիւն առաջացնելու համար ադրբեջանցիների յօրինած «Խոջալուի միֆն» իր գագաթնակէտին է հասել: Մինչ Թուրքիան շարունակում է մոլեգնօրէն դիմադրել ճշմարտութեան դէմ, իսկ Ադըրբեջանը, այսպէս ասած, «Խոջալուի ցեղասպանութիւնը» խաւիարային դիւանագիտութեան շնորհիւ թմբկահարում է տարբեր ատեաններում, նոյն Ադրբեջանում սպառնում են կտրել Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնները նկարագրող ադրբեջանցի գրողի ականջը:
Ուշագրաւ է, որ ԱՄՆ Սպիտակ Տան կայքէջում գրառուած «Խոջալուի ցեղասպանութեան դատապարտման յայտարարութեան» տակ ստորագրած աւելի քան հարիւր հազար քաղաքացիների բողոքին ի պատասխան, ինչպէս կայքէջի կանոններն են թելադրում, յայտարարութիւն է արուել, որի մէջ մասնաւորապէս նշուած է. «Ամերիկան խորապէս ցաւում է պատերազմի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի զոհերի համար»: Փաստօրէն, կեղծիքի վրայ հիմնուած վերջին՝ առնուազն 25 տարիների ադրբեջանական արտաքին քաղաքականութիւնը եւս մէկ ապտակ է ստացել, քանզի Սպիտակ Տունը ադրբեջանական կողմին ուղղակի ասում է, որ դա ոչ թէ ցեղասպանութիւն է, այլ՝ պատերազմական գործողութիւններ: Եւ դրանք միանգամայն տարբեր են:
Ահա թէ ինչու է Ադրբեջանն ամէն կերպ նախայարձակ լինում, քանզի այլ կերպ չի կարող պատասխանել բազմաթիւ այն հարցերից մէկին, որ, օրինակ, 1988-ին պատերազմական գործողութիւններ Ադրբեջանի տարածքում չեն եղել, եւ ինտերնացիոնալիստական եղբայրական հանրապետութեան քաղաքներում ինչպէս են զինուած ադրբեջանցիները գազանաբար սպանել հարիւրաւոր հայերի: Սա ոչ այլ ինչ է, քան՝ էթնիկ պատկանելութեան համար ոճրագործութիւն՝ ցեղասպանութիւն: Հէնց այս կեղտոտ էջերն ամէն գնով փակ պահելու կամ խառնաշփոթ առաջացնելու համար Ադրբեջանն ամէն տարի նոր հակահայկական առիթ է յօրինում՝ կոմպենսացնելու քաղաքական իրավիճակը:
Զգօն եւ յարատեւ պայքար է պէտք բոլոր ասպարէզներում՝ ոչ միայն չեզոքացնելու ադրբեջանական հակահայկական լոբբինգն ու պոռոտախօսութիւնը, այլեւ մեր դատի արդարացիութիւնը ներկայացնելու եւ ցանկալի արդիւնք ապահովելու համար:
Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցը, համագործակցելով ԼՂՀ իշխանութիւնների հետ, միշտ պատրաստ է այս ուղղութեամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:
Այս տարի՝ յատկապէս Սումգայիթի ցեղասպանութեան դատապարտման, Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամեակի առթիւ, ինպէս նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ ակտիվ ձեռնարկներ են կազմակերպվել բոլոր աշխարհամասերում:
«Ապառաժ»ի խմբագրական