Թուրքիայի բնակչութիւնը ծերանում է. կառավարութիւնը միջոցներ է ձեռնարկում, որ ժողովրդին քաջալերի աւելի շատ երեխաներ ունենան: Վարչապետ Էրտողանը անգամներ յայտարարել ու պնդել է, որ զոյգերը պէտք է ունենան առնուազն երեք երեխայ:
Շուտով երկրում օրէնք է անցկացուելու, ըստ որի՝ ապօրինի է համարուելու երեխայի վիժումը (1983 թ., ըստ օրէնքի, վիժումը օրինաւոր համարուեց Թուրքիայում, քանի որ մինչ այդ՝ ապօրինի վիժումների պատճառով՝ բարձրացել էր կանանց մահացութեան թիւը: Կանայք ստիպուած էին վիժումը ոչ-առողջապահական պայմաններում իրականացնել եւ արդիւնքում՝ մեծ մասամբ մահանում էին: Ու դա էր պատճառը, որ 1983 թ. կառավարութիւնը օրէնքի ուժ տուեց վիժումներին՝ կանխելու համար կանանց մահացութեան թիւի աճը, որպէսզի նրանք հիւանդանոցներում եւ ապահով ու առողջ պայմաններում դիմեն այդ քայլի:
Թուրքիայի բնակչութեան մասին վիճակագրական տւեալներ
Թուրքիայի բնակչութիւնը 2012 թուականին կազմում էր 75 միլիոն 628 հազար 384 հոգի (ըստ Թուրքիայի պաշտօնական վիճակագրութիւնների), 2025 թուականին հասնելու է 90,18 միլիոնի եւ 2040 թուականին կազմելու է 99,1 միլիոն: Թուրքիայի բնակչութեան թիւը երբեք չի հասնի 100 միլիոնի:
Դրանով հանդերձ՝ ծերանում է երկրի բնակչութիւնը: Ծնելիութեան գործակիցը նուազում է
արձանագրում: 1990 թուականին այդ գործակիցը 24,6 էր իւրաքանչիւր հազարում, 2002 թ. իջել եւ հասել է 21,3-ի, եւ սպասւում է, որ 2020-2025 ընկած ժամանակաշրջանում ծնելիութեան գործակիցը իջնի 16,3 առ հազարի:
Բարձր եւ միջին տարիքի աճը, համեմատաբար բնակչութեան ընդհանուր աճի, աւելի շատ է: 2000 թուականին Թուրքիան ունէր 67 միլիոն 804 հազար բնակչութիւն, որի 43 միլիոն 701 հազարը կազմում էին 14-64 տարեկաններ եւ 3 միլիոն 859 հազար՝ 64-ից վեր: Իսկ 2015 թ. կազմում է 82 միլիոն 340 հազար բնակչութիւն, որի շուրջ 57 միլիոնը կազմելու են 14-64 տարեկան եւ 5 միլիոնուկէսը՝ 64-ից վեր բնակչութիւն: Բնակչութիւնը Թուրքիայում 2020-ին կանխատեսւում է, որ կազմի 86 միլիոն 402 հազար, որից շուրջ 59 միլիոնը կազմելու են 14-64 տարեկան եւ 6 միլիոն ու կէսը՝ 64 տարեկանից վեր:
Բնակչութեան միջին տարիքը 2011-ին 29,7 էր, իսկ 2012-ին այդ թիւը բարձրացել եւ հասել է 30,1 տարեկանի:
Իւրաքանչիւր հասարակութեան մէջ ծեր բնակչութեան հիմնական խնդիրներն են՝ սոցիալ ապահովութիւնը, առողջապահութիւնը եւ բնակարանը: Թուրքիայի կառավարութիւնը մտահոգ է, որ ապագայում դժուարանալու է բնակչութեան այդ կարիքները հոգալու գործում: Ըստ տւեալների՝ ներկայում Թուրքիայի բնակչութեան 78 տոկոսը բնակւում է հնամաշ շէնքերում ու միայն 21 տոկոսն է, որ բնակւում է տաս տարուայ վաղեմութիւն ունեցող շէնքերում:
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Աղբիւր՝ ՄԱԿ-Միացեալ ազգերի կազմակերպութիւն (Ուսումնասիրութիւն՝ Թուրքիայի մասին)