Հետեւեալ աշխատասիրութիւնը պատրաստուած է Մարիա Մարկոսեան-Տամատեանի կողմէ եւ նուիրուած է Երեւանի 2794ամեակին:
Կը հրատարակենք վեց շարունակական հանգրուաններով:
Ե. մաս
Երեւան. Ղարաբաղեան շարժման տարիներ
1988թ.-ից Ղարաբաղեան Շարժման հետեւանքով մայրաքաղաք Երեւանում տիրում էր ծանր կացութիւն: Ազատութեան (Օփերայի), Հանրապետութեան հրապարակները եւ Երեւանի փողոցները լեցուն էին ցուցարարներով: Հանրահաւաքներին զուգընթաց զանգուածային գործադուլներ էին տեղի ունենում։ Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարութիւնից պահանջում էր արդարացի լուծել Ղարաբաղի հիմնահարցը, տալ սումկայիթեան եղեռնագործութեան իրաւական ու քաղաքական գնահատականը: Սումկայիթեան ջարդերից յետոյ (1988թ. Փետրուար), Ատրպէյճանի այլ վայրերում, ապա Պաքւում (1990թ. Յունուար) շարունակւում էին ջարդերը, որի զոհ դարձան հարիւրաւոր հայեր։ Շուրջ 400հզ.-ը ստիպուած թողեցին Ատրպէյճանի հայաբնակ վայրերը եւ նրանց զգալի մասը տեղափոխուեց Հայաստան՝ մեծամասամբ մայրաքաղաք Երեւան: Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմից շրջափակման հետեւանքով՝ տնտեսութիւնը անկում ունեցաւ: Հայը կրկին դիմագրաւում էր պատերազմական տարիների դժուարութիւններ: Երեւանը եւ Երեւանցիները կրկին պատմական ճակատագրական ծանր օրեր էին ապրում: Մայրաքաղաքը կորցրել էր իր երբեմնի շուքը, ամէնուր «ցուրտ եւ մութ», տխուր եւ դժգոյն դէմքեր, մարդիկ, որ ապրում էին միայն յոյսով:
1991ից յետոյ
Խորհրդային Միութեան փլուզումից եւ 1991 թ.-ի անկախացումից յետոյ Հայաստանը թեւակոխեց պատմական մի նոր շրջան: Երեւանը դարձաւ Հայաստանի երրորդ հանրապետութեան մայրաքաղաքը:
1996թ.-ին վարչական բաժանմամբ Երեւանում ձեւաւորուեցին 12 թաղային համայնքներ, այնուհետեւ՝վարչական շրջաններ:
2005 թ-ին հաստատուեց մայրաքաղաքի զարգացման նոր գլխաւոր յատակագիծը, որից յետոյ սկսուեցին վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ՝ ժամանակակից, նոր ոճի ճարտարապետական լուծումներով: Թէեւ տնտեսական ծանր պայմաններին, այնուամենայնիւ, բարենորոգման մի շարք աշխատանքներ իրականացան յատկապէս մայրաքաղաքի կենտրոնական հատուածում: Բարերար Քըրք Գրիգորեանի աջակցութեամբ՝ վերանորոգուեցին եւ վերաբացուեցին մայրաքաղաքի մի շարք մշակութային օճախներ: Հետզհետէ, կառուցուեցին նորանոր հիւրանոցային համալիրներ, սրճարաններ, հանրախանութներ, դպրոցներ եւ այլն: 2007թ.-ին ամբողջովին վերաբացուեց Հիւսիսային պողոտան, որի առաջին ճարտարապետը կրկին Ա. Թամանեանն է եղել:
Բազմադարեայ քանդակազարդ Երեւանը այսօր եւս զարգացման մի նոր շրջանի պատմութիւն է կերտում: Նոր շունչ առած՝ ամէն օր աւելի ու աւելի է գեղեցկանում՝ ծաղկառատ եւ լուսաւոր, բազմերանգ եւ սրտաբաց, յաւերժ հիւրընկալ եւ հիւրասէր:
Անժխտելի իրականութիւն է նաեւ, որ նոր ժամանակները, նոր ոճն ու նորաձեւութիւնները իրենց գրաւիչ մօտեցումներով, ինչ-որ տեղ մոռացութեան են մատնում հին եւ պատմական մշակոյթը: Սա ճարտարապետական խնդիր է եւ հարց, որ իրենց հետ բերում են նոր ժամանակները՝ պահանջելով աչալուրջ եւ արժանի լուծումներ:
Նշեմ նաեւ, որ համաձայն տեղեկատուութեան, նախագծման փուլում է «Հին Երեւան» կոչուող մի քաղաքաշինական ծրագիր, որի նպատակն է կառուցել պատմաճարտարապետական միջավայր Հանրապետութեան Գլխաւոր պողոտայի տարածքում՝ Աբովեան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցները ներառող թաղամասում:
Էրեբունի- Երեւան. 1-ին տօնակատարութիւն, 1968թ.
1968թ. Հոկտեմբերին Հայաստանում 1-ին անգամ մեծ շուքով նշել են Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2750-ամեակը: Այսօր քչերը կարող են պատկերացնել, թէ որքան դժուար է եղել համոզել Մոսկուային՝ թոյլ տալ նման տօնակատարութիւնների անցկացումը: Ի վերջոյ, յայտնաբերուած ուրարտական սեպագիր արձանագրութիւնը Կ. Յովհաննիսեանի կողմից՝ անժխտելի է դարձրել այն փաստը, որ Երեւանն իսկապէս իրաւունք ունի նշելու իր 2750 ամեակը, քանզի Էրեբունու անմիջական «իրաւայաջորդն է»: Յոբելեանական հանդիսութիւնները տեւել են մօտ մէկ շաբաթ։ Միջոցառումները շատ, բազմազան ու բովանդակալից են եղել. հրատարակուել են Երեւանի պատմութիւնը ներկայացնող նոր գրքեր, նկարահանուել են Երեւանի կեանքը, առօրեան արտացոլող նոր շարժապատկերներ, բացուել՝ ցուցահանդէսներ: Շարունակաբար ստեղծուել են Երեւանի մասին նոր երգեր, թողարկուել՝ բազմապիսի յոբելեանական յուշանըւէրներ: Գեղեցիկ միջոցառումներ են եղել նաեւ« Ծաղկի» եւ «Երգի» տօները: Կազմակերպուել է Երեւանին նուիրուած գեղանկարների ցուցահանդէսներ, մեծ համերգներ՝ Հանրապետութեան եւ մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում: Թատերականացուած ներկայացում՝ Էր եբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցութեամբ»: Տօնակատարութեանը մասնակցել են բազմահազար հիւրեր հանրապետութեան տարբեր մարզերից, ինչպէս նաեւ արտերկրից հրաւիրուած պատուիրակութիւններ: «Էրեբունի-Երեւան» տօնակատարութեան համար 1968 թ-ին յատուկ գրուել է «Էրեբունի-Երեւան» երգը (խօսքը՝ Պարոյր Սեւակի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Առաջին անգամ այն կատարուել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով՝ Թաթուլ Ալթունեանի ղեկավարութեամբ: Թանգարանին յարող փողոցն անւանակոչուել է «Էրեբունի», նախագծուել է «Էրեբունի» գորգը, 2750 ծառ է տնկուել Արին-Բերդի ստորոտում: 
Նկար- «Էրեբունի» գորգը
Աւանդական դարձած այս տօնը տարեցտարի դարձել է աւելի բազմաբնոյթ, աւելի ժողովրդական։ Երեւանցիներից շատերը վկաներն են այդ անմոռանալի տօնական օրերի:
Առաջին տօնակատարութեան ժամանակ Հանրապետութեան Հրապարակի մերձակայ զբօսայգում բացուել է նաեւ 2750 ցայտաղբիւրներից բաղկացած շատրուանների համալիր: Քչերը գիտեն թերեւս, որ 20-րդ դարի սկզբներին այնտեղ է գտնուել «Ֆանտազիա» (Երեւակայութիւն) կինոթատրոնը, իսկ հարաւային մասում՝ ռուսական Սբ. Նիկոլայ եկեղեցին։
Նկար 1.-Տեսարան Շահումեանի փ.,այժմ՝Վ. Սարգսեան փ.՝ ՀՀ Հրապարակի հարեւանութեամբ : Նիկոլաեւեան Ռուսական եկեղեցին Ստ. Շահումեանի յուշարձանի տեղում, իսկ շատրուանների տեղում՝ «Ֆանտազիա» կինոթատրոնը,1920-ական թթ.: նկար 2.- 1968թ., վերանորոգութիւն՝ 2012թ.-ին
Պուրակի աջ եւ ձախ կողմերը ծառայել են որպէս կառքերի կայաններ՝ ուր ամառային շոգ օրերին պատանիները կուժն ու կուլաները ձեռքներին շրջել են ու սառը ջուր առաջ
արկել՝ կանչելով «ջուր եմ ծախում, սառը ջուր»: 1970 թուականին այգու առջեւ կանգնեցուել է Երեւանի ամենափոքր արձանը՝ «Ջուր ծախող տղան»:
Նկար.-Ջուր ծախող տղան
«Էրեբունի-Երեւան» տօնը կոչուել է նաեւ «Երեւանի տօն», «Երեւանի օր». 1983 թ.-ից դարձել է աւանդական (չի նշուել միայն 1991-98 թթ-ին):
«Էրեբունի» արգելոց -թանգարանի բացումը 2750-ամեակի առիթով
Այդ օրերի նշանակալից իրադարձութիւններից է եղել նաեւ պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացումը՝ այսօրուայ Էրեբունի Վարչական Շըրջանի Արին-Բերդ (արնագոյն բերդ) բլրի ստորոտում: Երկյարկանի կառոյցը մի իւրատիպ շինութիւն է, որտեղ պահպանւում են պատմական մեծ արժէք ունեցող ցուցանմուշներ: Արգելոցում հետազօտութիւնները շատ արագ դադարեցուել են 1968թ.-ին՝ ԵՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Էրեբունի-Երեւանի 2750-ամեակը տօնելու կապակցութեամբ: Այդ ժամանակուանից ամրոցի պատմութեան վերաբերեալ բազմաթիւ հարցեր մնացել էին անպատասխան: Եւ ահա, 2008թ-ից ամրոցի հանդէպ ֆրանսացի հնագէտների հետաքրքրութիւնը սկիզբ է դրել պեղումների մի նոր շրջանի: Այն կատարուել է ֆրանսական կառավարութեան միջոցներով, իսկ հայկական խումբը՝ գիտութեան եւ կրթութեան նախարարութեան կողմից, թանգարանին յատկացրել է մէկ միլիոն դրամ: Արդիւնքում յայտնաբերուել է նոր փողոց, կարասների բեկորներ, որոնց վրայ կան մի քանի արձանագրութիւներ, տաճարի մօտ՝ որմնանկարի մի հատուած, իսկ պաշտամունքային հատուածում՝ մի կլոր կնիք: Գտածօները թէեւ շատ չեն եղել, սակայն տուեալ ժամանակ աշրջանի շինարարութեան վերաբերեալ, այն էլ 3-4 մշակութային շերտերի բացայայտման առումով, առատ տեղեկատուութիւն են հաղորդել: Դրանք տեղափոխուել են հետազօտութեան: Ծրագիրը նախատեսուած է իրագործել մինչեւ 2015թ.:
Թանգարանում իրականացւում են մի շարք ծրագրեր՝ ցուցահանդէսներ, ցուցադրութիւններ, «Պատանի հնագէտ» ուսումնական ծրագիր:
«Պատանի հնագէտ» դպրոցի առաջին սաները, թւով 27 դպրոցականներ եւ ուսանող-երիտասարդներ, սոյն թուականի Յունիսի 6-7 ուսումնական պեղավայրում պեղումներ են իրականացրել: Հնագիտական միջամտութիւնների միջոցով հողածածկ հնավայրից լոյս աշխարհ են բերել ուրարտական խեցեղենի եւ որմնանկարների նմուշներ, յայտնաբերել են ամրոցի տնտեսական հատուածը՝ սալապատ յատակով, խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիների ոսկորների մնացորդներ, տարողունակ կարասներ, սեպագիր արձանագրութիւն եւ այլն:
Համաձայն տեղեկատուութեան, 2011թ.-ին հաւանութեան է արժանացել նաեւ մի եռամեայ ծրագիր, որի արդիւնքում,- «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելանոցի տարածքի տեսքը պէտք է վերականգնուի եւ իր պատմական տեսքին համապատասխանի: Նպատակով, որ այցելուները կարողանան ծանօթանալ ոչ միայն Ուրարտուի պատմութեանը, այլեւ հաղորդակցուեն նրա հետ,- ասել է թանգարնի տնօրէնը: Պէտք է վերականգնուեն բոլոր փայտէ շինութիւնները եւ նորոգուեն որմնանկարները: Ուրարտուի բնակիչները յայտնի են եղել ոչ միայն որպէս գինեգործներ, այլ նաեւ գարեջրագործներ: Պեղումների ընթացքում արգելանոցի տարածքում յայտնաբերուել են խաղողի կորիզներ եւ գարի: «Էրեբունու» տնօրէնի խօսքերով՝ նախատեսուելու է արգելանոցի տարածքում բացել ուրարտական խոհանոց, որտեղ այցելուները կը կարողանան ծանօթանալ գինու եւ գարեջրի պատրաստման եղանակներին, ինչպէս նաեւ համտեսեն այդ խմիչքները: Զբօսաշրջիկների տեղաշարժը հեշտացնելու համար՝ թանգարան-արգելանոցի տարածքում նախատեսուած է, որ շրջի թանգարանում պահուող ուրարտական մարտակառքի նմանակը:
Նաեւ պէտք է կառուցուի ամֆիթատրոն, որտեղ այցելուները կը կարողանան թատերական ներկայացումներ դիտել՝ Ուրարտական պետութեան թեմաներով:
Թանգարան-արգելանոցի ղեկավարութիւնը ծրագրեր ունի նաեւ երեխաների համար: Նրանց համար պէտք է յատկացուի առանձին տարածք, որտեղ երեխաները կարող են ծանօթանալ պեղումների աշխատանքին:
Թանգարանի առջեւի մասում 2008թ.-ին տեղադրուել է ամրոցի հիմնադիր Արգիշտի 1-ին արքայի արձանը (քանդակագործ՝ Լեւոն Թոքմաջեան, 2002թ.): 
Նկար.- Արգիշտի Ա արքայ