«Եթէ որեւէ մէկը կարող է ասել, որ իրեն դուր է գալիս, երբ իրեն քննադատում կամ հայհոյում են, ես չեմ հաւատայ այդ մարդուն։ Ինձ էլ դա չի դուր գալիս։ Բայց միւս կողմից էլ՝ դա է այդ մարդու մակարդակը, ի՞նչ անենք, գնանք մենք էլ իրեն ծեծե՞նք»,- ասել է նախագահ Սերժ Սարգսեանը երեւանեան քարոզարշաւներից մէկում:
Բնականաբար, որեւէ մէկին հաճելի չէ  իր հասցէին քննադատական արտայայտութիւն լսել: Օրինակ՝ երբ Մարգարիտ տատիկի թոշակը նրա ձեռքից գողանալու համար դատում էին մեր գիւղացի Գէորգ Խ.-ին, կողքից մէկն ասաց՝ արա, էս ինչ ես արել, դու խիղճ ունե՞ս: Գէորգ Խ.-ն անմիջապէս

պատասխանեց. «Արան դու  ես, ա՛յ տղայ»:
Քննադատութիւնն անընդունելի է, սակայն չքննադատելու լաւագոյն պայմանը քննադատութեան հնարաւորութիւն չստեղծելն է, եւ դա ոչ թէ վախեցնելով ու լռեցնելով, այլ՝ քո աշխատանքով: Նախագահ ես, ինչպէս էլ աշխատես, միեւնոյն է, բազում քննադատողներ կը լինեն: Սակայն ընդունենք, որ մեր երկրում իշխանութեան հասցէին քննադատութիւնները մեծ մասով արդարացուած են: Ու զաւեշտալի է, երբ երկրի ղեկավարն իր հասցէին քննադատութիւնը համարում է մակարդակի հարց: Այսինքն՝ եթէ 4 հոգանոց ընտանիքում հայրը ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ, կինը չի աշխատում, երկու երեխաները՝ եւս, հայրը իրաւունք ունի՞ քննադատել, որ էս երկրում 140 հազար դրամանոց աշխատանք իրեն բաժին չի ընկել: Ունի: Ուրեմն անմակարդա՞կ է: Երբ կայ 35 տոկոս աղքատութիւն, ընդ որում՝ այդ թիւը 24 տոկոսից 35 է հասել Սերժ Սարգսեանի պաշտօնավարման տարիներին, նշանակում է՝ ե՛ւ 24 տոկոսը կը մեղադրեն, որ նոր նախագահի օրոք իրենց խնդիրները չլուծուեցին, ե՛ւ միւս 11 տոկոսը, որ նոր նախագահի օրոք իրենք համալրեցին աղքատների բանակը:
Սերժ Սարգսեանի կառավարած իւրաքանչիւր տարում երկիրը անվերադարձ լքել է բնակչութեան 1,2 տոկոսը: Գնացողները, հաստատ, ճամպրուկը կապելուց առաջ չեն օրհնում: Ուրեմն անմակարդա՞կ են: Լաւ, ասացէք խնդրեմ, բա ո՞րն է իշխանութեան մակարդակը:
Նախագահին չեմ մեղադրում: Սերժ Սարգսեանն օրերս յայտարարեց, որ նախագահն իր ելոյթը չի գրում, աշխարհի կարգն է այդպիսին: Բայց այդ կարգով նախատեսուած չէ՞, որ մասսայական ընթերցանութիւնից առաջ մի հատ կարդան տեքստը, գուցէ որոշ թիւեր խմբագրեն: Մեր տպաւորութիւնն այն է, որ Սերժ Սարգսեանը կտրուել է իրականութիւնից: Շրջապատը՝ թիմակիցները, Հայաստանը ներկայացնում են որպէս դրախտավայր, որն իրենք են կերտել օրուգիշեր տքնելու արդիւնքում: Ինչ փոյթ, թէ խնդիրները կուտակուելով մարդկանց համար դառնում են այլեւս անլուծելի: Ինչպէ՞ս էր վարչապետը նախագահի յանձնարարականներին պատասխանում՝ մէկ ամիս յետոյ կþանեմ, մի շաբաթ յետոյ կþանեմ, հեսա կþանեմ, ու 4 տարի չէր արել, նոյնն էլ այս պարագայում, ասում են՝ բոլոր հարցերը լուծել ենք, շե՛ֆ ճան, բայց արի ու տես, որ արած չէ ոչինչ:
Շրջապատն ամէն ինչ լաւ է ներկայացնում, բազմերանգ ու ընդունելի, եւ յակուած ենք մտածելու, որ երկրի իրական պատկերից տեղեակ չէ հանրապետութեան ղեկավարը: Դրա համար էլ զարմանում է, որ այդքան աշխատելուց յետոյ բանակի օրը որոշել է հանգստանալ, իսկ մի կին իր լացով փճացնում է այդ տօնը: Ինչո՞ւ ես լացում, բա դա՞ է քո մակարդակը, էլ Աստծուց կրա՞կ ես ուզում: Գիւղապետերը հողի մշակման 30 տոկոսանոց ցուցանիշ են ներկայացնում մարզպետարան, նրանք էլ, թէ՝ գժուե՞լ էք, սարքէք 70 տոկոս: Ձեռքն ամուր սեղանին խփելու հետեւանքով մեր բոլոր գիւղացիները դառնում են հողի մշակներ: Այդ ցուցանիշները մարզպետարանը ներկայացնում է կառավարութիւն, այնտեղից՝ նախագահի ելոյթը գրողներին: Եւ, բնականաբար, Սերժ Սարգսեանը զարմանալ կարող է, թէ ինչո՞ւ գիւղացու որդիները հողը մշակելու փոխարէն գնացել են ռուսաստանները: «Բա ես ե՞մ մեղաւոր»,- կþասէր նախագահը: Չէ՛ մակարդակը: Դրա համար է Սերժ Սարգսեանը զարմանում, որ դրախտավայրից մարդիկ փախչում են ինչ-որ անհեռանկար եւրոպաներ: Ու հէնց այդ պատճառով է, որ, «նախագահական» տրամաբանութեամբ, մարդկանց բողոքը բխում է ոչ թէ իրավիճակից, այլ դժգոհողի մակարդակից:


ԽԱՉԻԿ ՍԵՒՈՒՆՑ
Երկիր