Հետեւեալ աշխատասիրութիւնը պատրաստուած է Մարիա Մարկոսեան-Տամատեանի կողմէ եւ նուիրուած է Երեւանի 2794ամեակին:
Կը հրատարակենք վեց շարունակական հանգրուաններով:
Գ. մաս
«Երեւան» բառի ստուգաբանութիւն
Համաձայն Ուրարտագէտների, յայտնի է, որ ուրարտերէն «բ» հնչիւնը հայերէնում հնչում է «վ»։ Այստեղից էլ Էրեբունի ուրարտական անունը սերնդէ-սերունդ անցնելով ձեւափոխուել եւ հնչել է՝ յԵրեւուն (ի), իսկ այնուհետեւ՝ Էրեւան կամ Երեւան:
Ուշագրաւ է յատկապէս Երեւանի Պատմութեան Թանգարանի հնագիտութեան եւ միջնադարեան պատմութեան բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տէրեանի՝ Երեւանին նուիրուած գիտական յօդուածների ժողովածուի մէջ արծարծուած տեսակէտը (Ե. 2009թ.), համաձայն որի՝ Արգիշտի 1-ինը, պարզապէս հիմնել է բնակավայր եւ կոչել Էրիւան-Երեւան կամ օգտագործել է եղած հնագոյն անունը. «արի» կամ «էրի» -ա-«վան» Էրիվան («արի»-ն սերւում է Արարիչ-Աստուած բառից, ուրարտացիների Խալդի աստծոյ անմիջական սերունդ, որը կրել է արիութեան (քաջութեան) եւ յարութեան ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը: Այստեղից էլ սերուել են նաեւ՝ բ-արի եւ չ-արի բառերը: Աւան բաղադրիչը նշանակում է բնակավայր, բույն):- Այս բացատրութիւնը դեռեւս 1930-40-ական թուականներին առաջ է քաշել Գ. Ղափանցեանը,-իր աշխատութեան մէջ նշել է պատմաբանը:
Ուրարտական թագաւորութեան անկումից յետոյ,- շարունակում է Ա. Տէրեանը,-Հայկական Լեռնաշխարհում «Ար»-ով, «Ուր»-ով, «Էր»-ով սկսուող բազմաթիւ աշխարհագրական (նաեւ անձնական) անունները՝ Արարատ,Արաքս, Արմաւիր, Ուրմիա, Արմեն, Արտակ, Արսեն կապուած են Արարչի (Ար- Աստուած) եւ նրա պաշտամունքն ունեցող Հայկական Լեռնաշխարհի բնիկներ հայ Ար-մեններ ցեղի անուան հետ, ինչպէս- որ անուանում են մեզ օտարները: Ըստ պատմաբանի, հնարաւոր է, որ Ար-մեններ բառը (նաեւ՝ Արմէն ցեղային միութիւնը) բառացի նշանակում է՝ Ար-Արարչի արարած եւ մենե- մարդ (արարչածին): Արարչի-Աստծոյ որդիները, որոնք ապրում են Արարչի երկրային արարման վայրում՝ Արարատեան դաշտավայրում:
Անունների երկրորդ մասը՝ վան բաղադրիչն է, որ բազմաթիւ հայ բնակավայրեր ունեն այդ վերջաւորութիւնը՝ Իջեւան, Ավան, Դիցավան, վանք եւ այլն: Բոլոր օրինակներում վան ¬ը տեղամասի, բնակավայրի իմաստ ունի:
Այսպիսով, ըստ տեսակէտի՝ հայոց մայրաքաղաքի Երեւան անունը սերում է Աստծոյ-Արարչի պաշտամունքը կրող՝ արարչածին «Արի»/«Էրի» կոչուող բնիկների անունից, որին աւելացնելով վան բաղադրիչը դարձել է Արիվան /Էրիվան կամ Երեւան:
12-րդ մայրաքաղաք Երեւանի պատմական ակնարկ
Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքն է Երեւանը՝ աշխարհի հնագոյն քաղաքներից: Գտնւում է Արարատեան դաշտավայրում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի շրջանում: Դարեր շարունակ Երեւանը պաշարել, գրաւել եւ աւերել են թուրքերը, պարսիկները, նաեւ ռուսները եւ վրացիները՝ բաժանվելով մե՛րթ մէկի մե՛րթ միւսի միջեւ: Պատմական աղէտներից բացի քաղաքը շատ է վնասուել նաեւ բնական աղէտներից՝ երկրաշարժից (1697թ.), հեղեղներից, կարկտահարութիւնից, մահասփիւռ հիւանդութիւններից, սովից: 19-րդ դարի երկրորդ տասնամեակի վերջերից՝ 1828 թ.-ից մինչեւ 1865թ. եօթ անգամ տարածուել է խոլերա եւ մինչեւ 1830 թ. մարդկային մեծ զոհեր է պատճառել՝ մահացել է քաղաքի բնակչութեան 10 տոկոսը:
Հին Երեւանի կերպարում ուրոյն տեղ է գրաւել Երեւանի Բերդը, որի պատմութիւնը կերտուել է դեռեւս վաղ միջնադարից: Թէ ում կողմից է կառուցուել այն՝ յստակ չէ, լուրջ հնագիտական ուսումնասիրութիւններ չեն իրականացուել, կան մի քանի տեսակէտներ:
Երեւանցիները իրենց բերդը համարել են բռնակալութեան խորհրդանիշ, քանի որ այն դարձել է օտար զաւթիչների նստավայր: Երեւանի Բերդի հատուածում հայեր չեն բնակուել, միայն խունեթներ են ունեցել:
Դարեր շարունակ թուրք փաշաները եւ պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպէսզի Երեւանի Բերդը դառնայ անառիկ՝ ռուսական զօրքերի համար։ Երեւանի բերդի տեղում այժմ գտնւում է «Արարատ» գինու եւ գոնեակի գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երեւանի բերդի առջեւ տարածուած է եղել մի ընդարձակ խաղողի այգի:
Երեւանի Բերդը պատկերաւոր կերպով նկարագրել է նաեւ Խ. Աբովեանը իր «Վէրք Հայաստանի» վէպում:
1826-28թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել երրորդ արշաւանքը դէպի Երեւան՝ գեներալ Իվան Պասկեւիչի գլխաւորութեամբ: 1827 թ-ի Հոկտեմբերի 1-ին ռուսական զօրքերը հայ կամաւորների աջակցութեամբ գրաւել են քաղաքը: 1828 թ-ի Փետրուարի 10-ի Թուրքմենչայի հաշտութեան պայմանագրով՝ Երեւանի ու Նախիջեւանի խանութիւնները անցել են Ռուսաստանին: 1829-32 թուականների տուեալներով Երեւանը ունեցել է մօտ 11.500 բնակիչ, 1736 տուն: Դարձել է Հայկական մարզի կեդրոնը (1828-40 թթ.): 1849 թ-ին ստեղծուել է Երեւանի նահանգը: 1874 թ.-ին, վարչական նոր փոփոխութեան հետեւանքով, նահանգը բաժանուել է գաւառների, որոնցից մէկն էլ եղել է՝ Երեւան գաւառը:
Մշակոյթ քաղաքաշինութեան
Զարգացած քաղաքաշինական մշակոյթ ունեցող հնագոյն քաղաք է նաեւ Երեւանը:
նկար
Խ. Աբովեանի անվ. Դպրոց (Այսօր՝ Ավ. Իսահակեան փ.)
1832 թ-ի Յունուարի 14-ին Երեւանի բերդում՝ Զանգու գետի ձախ ափին, բացուել է առաջին պետական երեքդասեայ Երեւանի Գաւառական դպրոցը: 1835թ. դպրոցը տեղափոխուել է քաղաքի կեդրոն՝ Շահար կոչուող թաղ, իսկ 1842թ. նախկին Սպայի տան տեղում կառուցուել է գաւառական դպրոցի սեփական շէնքը: Դպրոցի գոյութեան 12-րդ տարում՝ 1843թ. տնօրէն է նշանակուել Խաչատուր Աբովեանը: Բացուել է նաեւ հոգեւոր թեմական դպրոց (1837 թ.), իգական ուսումնարան (1850 թ.), Նորքի ծխական դպրոց (1860 թ.), Գայանեան օրիորդաց ուսումնարան (1866 թ.):
1856 թ.-ին հաստատուել է Երեւանի նահանգի 1-ին գլխաւոր հատակագիծը:
1863 թ.-ին բացվել է Աստաֆեան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչեւ դարավերջ՝ նաեւ զուգահեռ եւ ուղղահայեաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են երթեւեկութեան ուղիների ցանց:
Երեւանի զարգացման նոր շրջանը սկսուել է 19-րդ դարի 80-90-ական թթ.-ին: Առաջին գործարանները գործարկուել են 1880-ականներին.
1881 թ.-ին՝ գարեջրի, 1892-ին՝ հանքային ջրերի եւ օշարակի եւ այլ:
1888 թ.-ին Առաջին բուժարանն է բացուել:
1901 թ-ին Երեւանը երկաթուղով կապուել է Թիֆլիսի, իսկ 1906 թ-ին՝ Ջուլֆայի հետ:
1905թ.-ին յայտնուել է առաջին ձիաքարշ հանրակառքը:

նկար-Հին Էրեւան, հանրակառք 1-ին ձիաքարշ հանրակառք:
Նաեւ տես՝ էլեկտրասիւն,1905-1918, (այսօր՝ Տիգրան Մեծ պողոտայ),
1907 թ-ին քաղաքի մի մասն առաջին անգամ ստացել է էլեկտրականութիւն: 1912 թ-ին ջրմուղով խմելու ջուր է բերուել Քառասուն աղբիւրներից: Մինչ այդ, որպէս խմելու ջուր գործածել են ջրհորների ջրերը: Դրանք ունեցել են օրգանական նիւթեր, որի պատճառով շատ են եղել մահացութիւնները, հիւանդութիւնները, անգամ խոլերա ու ժանտախտ:
Առաջին ավտոմեքենան Երեւան մուտք է գործել 1913 թ-ին, նոյն թուականին նաեւ հեռախօսը՝ 80 հեռախօսահամարներով:
Տնտեսութեան զարգացման շնորհիւ Երեւանի բնակչութիւնը 1880-1912 թթ.-ին աւելացել է շուրջ 3 անգամ (36.836 մարդ): Ընտանիքները միջին հաշուով բաղկացած են եղել 6 անձից: Բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը հայ է եղել:
Դ. շարունակութիւնը մեր վաղուան թիւով