2794 տարեկան երիտասարդ քաղաքը
2794 տարի շարունակ զարկում է նրա «Սիրտը»
Հետեւեալ աշխատասիրութիւնը պատրաստուած է Մարիա Մարկոսեան-Տամատեանի կողմէ եւ նուիրուած է Երեւանի 2794ամեակին: Կը հրատարակենք վեց շարունակական հանգրուաններով:
Բ. մաս
Ուրարտու՝ Էրեբունի-Երեւան.
Ա. Ուրարտու (Արատտա,Արարատ)
Յայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցուած է եղել աւելի վաղ քան հիմնադրուել է Ուրարտական «Էրեբունի» ամրոցը:
Դեռ եւս Ք.ա 4-3 հազարամեակներից սկսած, Հայկական լեռնաշխարհում բնակուել են բազում ցեղեր, որոնք, համաձայն շումերական եւ աքադական սեպագիր (սեպաձեւ) արձանագրութիւնների յիշատակուել են տարբեր անուններով՝ Սուբարտու, Արմանի, Արատտա (Ք.ա. IV-III հազարամեակներ): Աւելի ուշ շրջանում խեթական, խուրրիական, բաբելական, ասուրական, արարատ-ուրարտական նաեւ եգիպտական գրաւոր աղբիւրները խօսում են Նայիրի, Միտանի, Հայասա, Շուպրիա, Արարատ-Ուրարտու (Արատտայի թագաւորութիւն է եղել Ք.ա. 23-րդ դարում, որի մասին տեղեկութիւններ ենք ստացել վերջին տասնամեակում՝ հնագէտների կողմից սեպագիր արձանագրութիւնների վերծանման արդիւնքում) եւ այլ անուններով հայկական կազմաւորումների մասին (Ք.ա. III-II հազարամեակներ), որոնք ստեղծուել են Հայկական լեռնաշխարհում եւ շրջակայ տարածքներում՝ տարբեր ժամանակաշրջանում ունենալով տարբեր սահմաններ։
Ըստ մարդաբանական ուսումնասիրութիւնների, այդ ժամանակաշրջաններից ի վեր Հայկական լեռնաշխարհում բնակուող ցեղերը պատկանել են արմենոիդ տեսակին։ Ներկայումս հայ ժողովուրդն է այդ բնորոշ մարդատեսակի կրողը:
Իրականութիւն է, որ հայերը, որպէս ժողովուրդ կազմաւորման բարդ եւ երկարատեւ ընթացք են ունեցել, որն աւարտուել է Արարատեան (Ուրարտու) պետութեան ժամանակաշրջանում՝ Հայասա, Արմենիա, Նայիրի (գետերի երկիր), Էթիունի, Ուրուատրի եւ այլ ցեղային միութիւններից (Ք.ա. 9-6-րդ դ.դ.):
«Արարատ»-«Այրարատ» անուան ստուգաբանութեամբ զբաղւել են մի շարք բանասէրներ եւ պատմաբաններ։ Ամէնից հաւանականը համարւում է այն կարծիքը, որը «Այրարատ» անունը կապւում է «Ուրարտու»-ի անուան հետ։ Ըստ մեկնաբանների «Ուրարտու»-ն բաղկացած է «Ուր», «Ար» եւ «Տու» արմատներից: «Ուր»-ը հայերէնում՝ «տեղ» իմաստն ունի, «Ար»-ը՝ արեւ, արարիչ իմաստները եւ «Տու»-ն՝ «տալ» բայի արմատն է, ինչպէս օրինակ «լուսատու»: Հետեւաբար, իմի բերելով «Ուր»-ի «Ար»-ի եւ «Տու»-ի բովանդակութիւնները, ստանում ենք «լոյս-արեւ տուող տեղ-բնակավայր», «Արարողների բնակավայր»: Այդ լոյսը «Արարչական» է, Աստուածային է, ուստի «Ուրարտու»-ն՝ Արարատը, Աստուածային իմացական լոյսը սփռող-տարածող կեդրոն է եղել:
Արարատ-Ուրարտական՝ այդ միասնական եւ կայուն պետականութեան ներքոյ, Հայկական լեռնաշխարհի ցեղերը Արգիշտի 1-նի օրոք հասել են տարածքա-քաղաքական միասնութեան։ Արդէն Ք. ա. 7-6-րդ դ.դ. սկզբնաղբիւրներում Հայկական լեռնաշխարհը ներկայացուել է որպէս հայերով բնակեցուած միատարր երկիր (Հին կտակարան, աքեմենեան արձանագրութիւններ, հին յունական հեղինակների երկեր)։ Ուրարտական թագաւորութեան անկումից յետոյ, Հայոց արքայ Արգիշտի Առաջինի կառավարման տարիներից, Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանուել են աւելի քան 30 սեպագիր արձանագրութիւններ (Խոռխոռեան տարեգրութիւն): Դրանց վերծանումով տեղեկացել ենք, թէ գահակալման սկըզբում Արգիշտի Ա-ն ինչ ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու-Արարատ պետութեան մէջ միաւորելու համար: Վճռական հարուած հասցնելով Ասորեստանին՝ տիրել է առեւտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջաւոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու-Արարատ պետութեանը, որը հասել է հզօրութեան բարձրակէտին: Ուրարտացիները-Արարատցիները (Արարատեան դաշտավայր) արտադրել եւ արտահանել են գինի, ցորեն, իրեր խեցիից (կերամիկա), քարից եւ մետաղից, կառուցել են ամրոցներ, վանքեր, պալատներ: (Ուրարտական թագաւորութեանը (Ք.ա. 860–590թթ.) յաջորդել է Երուանդունիների թագաւորութիւնը (Ք.ա. 553-331թթ.): Այնուհետեւ, Արտաշէսեաններ (Ք.ա. 189-Ք.վ.1թթ.), Արշակունիներ (Ք.վ. 54-428թթ.), Բագրատունեաց Հայաստան (884-1045թթ.), Ռուբինեաց Կիլիկիա (1080-1375թթ.), Առաջին Հանրապետութիւն (1918-1920թթ.), Հայաստանի Հանրապետութիւն (1991թ.), Արցախի Հանրապետութիւն (1994թ.):
Բ.«Էրեբունի-Երեւան» (յԵրեւուն [ի]-Էրեւան) անուանումը
Ուրարտական թագաւորութեան անմիջական ժառանգորդն է «Էրեբունին» (այսօր՝ Երեւան):
«Էրեբունի»-«Երեւան»ի անուան պատմութիւնը ունենալով հազարաւոր դարերի պատմութիւն՝ ունի նաեւ բազմաթիւ քննարկելի վարկածներ: Հայ մատենագրութեան մէջ առաջին անգամ հանդիպում է 5-րդ դ.-ի հնագոյն մի յիշատակարանում «Հնոց եւ նորոց պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի» (Կ. Պոլիս, 1874թ.): Յաջորդը՝ 607թ.-ի «Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց (1901թ.): Կան բազում այլ վկայութիւններ ու արձանագրութիւններ եւս. 7-րդ դ.-ի պատմիչ Սեբեոսը եւս գրառութիւն ունի Երեւանի մասին, կապուած 642-643թթ. արաբական արշաւանքների հետ (1672 թ.): Յովհ. Դրասխանակերտցու՝ «Պատմութիւն Հայոց» 9-10-րդ դդ., Ստ. Օրբելեանի 8-րդ դ. «Պատմութիւն նահանգին Սիսական» եւ այլն:
Երեւան անունը մեկնող բացատրութիւնների եւ աւանդոյթների շարքում ամենահին եւ ամենատարածուածը սակայն կապուած է Նոյ Նահապետի անուան հետ, համաձայն որի ջրհեղեղից յետոյ, երբ ջրերը ետ են քաշուել՝ Նոյը Արարատ սարից տեսել է ցամաքն ու բացականչել՝ «երեւաց, երեւաց...», որն էլ հետագայում ձեւափոխուելով՝ դարձել է Երեւան: Այս աւանդութիւնը հին է եւ միշտ տարածուած ժողովուրդի մէջ: 
նկար
Սեպագիր արձանագրութիւն Էրեբունի ամրոցի
հիմնադրման մասին (մ.թ.ա. 782թ.)
«Էրեբունի-Երեւան» անուան ծագման մասին մասնագիտական գրականութեան մէջ կան այլ կարծիքներ եւս, որոնցից մէկի համաձայն Երեւան անունը կապւում է Երուանդեան արքայատոհմի վերջին թագաւոր Երուանդ 4-րդի անուան հետ (Ք. ա. 220-201թթ.): Ինչպէս նաեւ, ըստ այլ մեկնաբանութիւնների՝ Էրեբունի նշանակում է «յաղթանակ», «գրաւում», «ազատների» քաղաք: Վարկածները, անշուշտ, բազմազան են տարաբնոյթ եւ քննարկելի:
Իսկ թէ ինչ անուններ են կրել Երեւանի տարածքում յայտնաբերուած հնագոյն բնակավայրերը Արարատ-Ուրարտական պետութեան ժամանակաշրջանում՝ յատկապէս այսօրուայ Շենգաւիթը, որ մօտաւորապէս 6000 տարեկան է՝ յայտնի չէ:
«...Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անուանեց Էրեբունի...»
1950թ.-ի աշնանը, երբ Կոնստանտին Յովհաննիսեանի ղեկավարած հնագիտական արշաւախումբը Արին-Բերդի բլուրում յայտնաբերել է Արգիշտի Ա թագաւորի հրամանով քարաժայռի վրայ փորագրուած, տասներեք տողից բաղկացած «Խոռխոռեան» յիշատակութիւնը՝ Երեւանի անուանակոչման եւ հիմնադրման հարցերի պարզաբանման համար մեծ իրադարձութիւն է տեղի ունեցել: Արձանագրութեան մէջ ասւում է. «Խալդի աստծոյ զօրութեամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անուանեց Էրեբունի՝ ի հզօրութիւն Բիայնիլի երկրի եւ ի սարսափ թշնամի երկրների։ -Արգիշտին ասում է, -հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզօր գործեր։ Խալդի աստծոյ զօրութեամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, թագաւոր է հզօր, թագաւորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի» (Բիայնիլի-Ուրարտու, Արարատեան թագաւորութիւն, Տուշպա - Արարատեան թագաւորութիւնում ՝ Վանայ լճի հարաւ-արեւելեան ափին հիմնադրուած արքունական բերդաքաղաք, ո
րը եղել է Ուրարտական-Արարատեան տէրութեան առաջնակարգ յենակայանը հարաւում)։
նկար Էրեբունի արգելոց-թանգարան
Արգիշտի արքան տիրակալութեան 5-րդ տարիում է կառուցել Էրեբունին, որպէս բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինուորներ են եղել՝ թիւով 6600: Յայտնի է որ նախկինուն արքաները կառուցելով քաղաքներ՝ կոչել են իրենց անուններով, ինչպէս օրինակ Արգիշտի Ա-ն կառավարման 11-րդ տարում (Ք.ա.776թ.) Արարատեան դաշտում կառուցել է վարչատնտեսական կարեւոր նշանակութիւն ունեցող մէկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին (այսօր՝ Արմաւիր): Սա վկայութիւնն է այն փաստի, որ «Երեւան» անունը աւելի վաղ անցեալից է գալիս՝ դեռ եւս Ուրարտական թագաւորութեան ժամանակաշրջանից է պահպանուել եւ կամ գուցէ աւելի վաղ անցեալից:
Այսպիսով՝ «Խոռխոռեան» արձանագրութեան վերծանումը 1951 թ.-ին կատարել է Մարգարիտ Իսրայէլեանը ՝պարզելով, որ Երեւան քաղաքի անունը Ուրարտական շրջանից է գալիս եւ սերուել է «Էրեբունի» անունից։ Այդ սեպագիր արձանագրութիւնը իր գոյութեամբ, թէ պատմալեզուագիտական եւ թէ աշխարհագրական տեսակէտից լուռ վկայ է կարեւոր փաստի՝ Երեւանի անուան առաջացմանը:
Գ. շարունակութիւնը մեր վաղուան թիւով