Հետեւեալ աշխատասիրութիւնը պատրաստուած է
Մարիա Մարկոսեան-Տամատեանի կողմէ եւ նուիրուած է Երեւանի 2794ամեակին:
Կը հրատարակենք՝ վեց շարունակական հանգրուաններով:
2794 տարեկան երիտասարդ քաղաքը
2794 տարի շարունակ
զարկում է նրա «Սիրտը»
«Երեւան դարձած իմ Էրեբունի»...
Նուիրուած՝ «Էրեբունի-Երեւան 2794» ամեակին:
Ք. ա. 782թ.- 14 Հոկտեմբեր 2012թ.
Այսօր տօ՜ն է...
Տօն է համայն հայութեան մայրաքաղաք Երեւանի:
Մօտ կամ հեռաւոր հայորդիներ, հաւատարիմ կամ ճակատագրի բերումով մայրաքաղաքից հեռացած, լքած հայ ընտանիքներ: Ազգի դառն անցեալի ցաւը կրած, օտար ափերում ապաստան գտած, բայց մայր հողի պատիւը բարձր պահած հայրենի զաւակներ:
Գէթ մէ՛կ անգամ նոյնիսկ մայրաքաղաքը սեփական աչքերով չտեսած, սակայն հոգու մի անկիւնում սէրը թաքցրած հայ մարդ... այսօր տօ՜ն է... Թո՛ղ ժպտան ու ցնծան ձեր հոգիները: Թո՜ղ ջերմութեամբ լցուեն նրանք:
Իմ վաղեմի, հնաւանդ հայ ժողովուրդ, հայ ընտանիք, հայ երիտասարդ թո՛ղ որ բաց լինեն ձեր սրտերի, հոգիների «դռները»՝ տօնելու ձեր եւ ձեր պապերի հնամեայ մայրաքաղաքի տարեդարձը: Երեւանն իր 2794- ամեակն է նշում, նրա կողքին եղէք: Այսօր մէկ կողմ թողէք բոլոր մտահոգութիւնները, ներկայիս եւ անցեալի տխրութիւնները, թերութիւնները, միայն ուրախացէք եւ ուրախացրէք ալեհեր, բայց միեւնոյն ժամանակ յաւերժ պատանի մեր մայրաքաղաքին:
«... Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի...»,- կ'ասէր Պարոյր Սեւակը իր շուրթերից: «... Ու նայում եմ Երեւանին, կանգնած բլրին Էրեբունի, հին Անիս է վերածնւում, բարուրի մէջ Երեւանի»,- կը բացագանչէր Յովհաննես Շիրազը: Եղիշէ Չարենցը կը գովերգէր իր Երեւանը՝ Երկիր Նայիրին, միա՜յն թէ կենդանի լինէին այսօր՝ տեսնէի՜ն տարիներ անց իրենց հոգեբուխ ստեղծագործութիւնների հասցէատէրին, որ տարեցտարի նոր շունչ է առնում ու ծաղկում՝ ինչպէս բնութիւնը երկարատեւ գարնանային անձրեւներից յետոյ: Ո՛ւր են հիմա նրանք՝ Սեւակն ու Չարենցը, Տէրեանն ու Կապուտիկեանը, Ալեքսանդր Թամանեա՜նը, որտե՛ղ են մեր մեծերը, հերոսներն ու հանճարները՝ այսօր արդէն անկախ ու շէնացած, իրենց երազանքների երկրի մայրաքաղաքի տօնը պատուէին:
Երեւանի բնիկների հնագոյն հետքերով
նկար Հրազդանի քարայր 100.000-35.000 տարի առաջ
Հնագիտութիւնը Հայաստանի նախապատմութիւնը դասում է աշելեան (քարէ դար) դարաշրջանին (500.000 տարի առաջ), երբ որսորդութեամբ եւ հաւաքչութեամբ զբաղուող ժողովուրդները երկրներ էին անցնում՝ հետեւելով արօտավայրեր փնտռող հոտերին: Բարգաւաճման առաջին շրջանը, Հայկական լեռնաշխարհի բնակիչների մօտ, Ք. ա. երրորդ հազարամեակում էր: Հայերն այն մարդկանց թւում էին, որ յայտնագործեցին բրոնզը, սկսեցին խաղող աճեցնել:
Ժամանակագրական առումով մայրաքաղաքի տարածքում յայտնաբերուած հնագոյն բնակավայրը «Երեւանեան» կամ «Հրազդանեան» քարայրն է՝ Երեւանեան լճի մօտ, Հրազդան գետի ձախ ափին, 100.000-35.000 տարի առաջ: Այնուհետեւ, մարդու բնակութեան հետքեր յայտնաբերուել են նոր բնակավայրերում՝ ստեղծելով պատմական յուշարձանների շղթայ, ինչպէս օրինակ՝ Շենգաւիթ (6000ամեայ), Աւան, Զէյթուն, Ծիծեռնակաբերդ թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ, Կարմիր բլուր, Արին Բերդ (Էրեբունի ամրոցի բլուր, միջնաբերդը):
Այսպիսով, համաձայն հնագէտների, հաշուի առնելով Երեւան քաղաքի հնագոյն թաղամասերից մէկի՝ Շենգաւիթի պատմութիւնը (անուան ծագումը յայտնի չէ) կարող ենք ասել, որ հայոց մայրաքաղաք Երեւանը աւելի քան 6000 տարեկան է եւ աշխարհի այն քաղաքներից է, որ հազարամեակներ շարունակ բնակեցուած է եղել մինչ այսօր (Էրեբունու ամրոցում յայտնաբերուած սեպագիր արձանագրութեան համաձայն, գրուած հայոց Արգիշտի Ա արքայի կողմից, Երեւանը 2794 տարեկան է, սակայն տարածքի հնագիտական ուսումնասիրութիւնները բացայայտել են մեր մայրաքաղաքի 6000ամեայ գոյութիւնը):
Ամէն մէկ թաղամաս, որոնցից իւրաքանչիւրի տարածքում յայտնաբերուել են հնագոյն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժէքներ, Երեւանի բաղկացուցիչ մասն է, իսկ բոլոր թաղամասերի պատմութիւնը՝ մայրաքաղաքի ամբողջական պատմութիւնն է:
Յիշատակութիւններ հայ մատենագրութեան մէջ
Էրեբունի-Երեւան, որն այնքան հին պատմութիւն ունի. հազարաւոր անգամներ գերուած, պաշարուած, աւերուած, բայց հայ մարդու հզօր կամքի եւ ուժի շնորհիւ կանգուն պահուած: Աւելի հին՝ քան Հռոմը՝ հիմնադրուած նրանից 29 տարի առաջ: Բաբելոնի, Նինեւիի ու Պերսեպոլիսի հասակակից, սակայն ի տարբերութիւն նրանց, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մէկը:
Առաջին յիշատակութիւնները Երեւան բնակավայրի մասին հանդիպում ենք դեռ եւս Ք. ա. 7-րդ դարերի գրաւոր աղբիւրներում, սեպագիր արձանագրութիւններում՝ հայ եւ օտար թագաւորների կողմից արուած:
Որպէս աւան, չափածոյ ստեղծագործութիւններում այն յիշւում է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրուել է 1388թ.-ին Լենկթեմուրի աւերիչ արշաւանքի առընչութեամբ.
«Եւ յԵրեւան մեծ աւանին՝
Արս հինգհարիւր կոտորեցին»:
Երեւանի մասին նաեւ ողբ է գրուել 16-րդ դարում: Հեղինակն է Յովհաննէս Տաղասացը, ով 1579 թ.-ին Մուստաֆա Լալա Փաշայի կողմից քաղաքի գրաւման ու աւերման ժամանակակիցն ու ականատեսն է եղել:
17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ, երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էլ հեղինակն է Երեւանի մասին գրուած առաջին երգիծական տաղի՝ վերնագրուած «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին», որի երաժշտութիւնը դժբախտաբար չի հասել մինչեւ մեր օրերը.
«...Առաւօտուց կ’երթաս բազար,
Բօլ կու ծախեն բողկ ու գազար,
Թըթու մածուն չանախ հազար,
Խըմոր հացըն կուտայ Նազար...»:
Բ. շարունակութիւնը մեր վաղուան թիւով