Գիւմրեցի Անոյին (Անահիտին) Ստամբուլի Կումկափի թաղամասում ճանաչում են որպէս հին ու լաւագոյն առեւտրականներից մէկի: Դեռ 15 տարի առաջ, երբ տիկին Անահիտը վաճառեց Երեւանում գտնուող իր տունը ու մեկնեց Ստամբուլ, հաւատում էր հարստանալու, լաւ կեանք ունենալու մտքին: Հիմա նա 70 տարեկան է, միայնակ ու յոգնած:

Արտերկրում լաւ կեանքի փնտռտուքների արդիւնքում Անահիտի ընտանիքը ցրուած է եղել: Արդէն երկար տարիներ է՝ չի տեսել Ռուսաստանում գտնուող երեխաներին. «Մենակ «սկայպով» ենք խօսում, կարօտս առնում եմ, ի՞նչ անեմ: Էլ էս հասակիս վեր կենամ ո՞ւր գնամ: Չէ, մենակ չեմ զգում ինձ, բոլորն ինձ ճանաչում են, տալ-առնել ունեմ»,- ասում է Անահիտը:

Անոն Ստամբուլի նորեկ հայերին միշտ ապաստան է տուել, օգնել է՝ տեղաւորուեն, աշխատանք գտնեն, բայց արդիւնքում միշտ էլ դժգոհ է մնացել հայերի հետ գործ բռնելուց: «Եկան ստեղ, էնքան խաբեցին, ապրանքը տարան, փողերը չբերեցին, դրա համար էլ սրանք լարուեցին մեր դէմ: Երեք տուն եմ ունեցել, հիմա ոչինչ չունեմ «լաւ» հայերի պատճառով: Գալիս են, թուրքերի տներում են աշխատում, ինձ են խաբում, քեզ են խաբում, նրան են գցում ու գնում են: Մօտ 28 հազար տոլարի միայն ինձ են խաբել»,- բողոքում է Անահիտը:

Տիկին Անահիտի ապրուստի միակ միջոցն այժմ փոքրիկ սեղանիկն է՝ վրան շարուած ռուսական սննդամթերքով: Օրական վաճառում է այնքան, որքան անհրաժեշտ է ապրելու եւ կենցաղային ծախսերը հոգալու համար: Անահիտը միշտ ձեռքի մէջ է պահում հեռախօսը, որի վրայ էլ զանգեր է ստանում Հայաստանից: «Ընկերուհիներս են զանգում, ասում են՝ Ան, գալիս ենք էդտեղ՝ աշխատենք: Որ ասում եմ՝ մի եկէք, գիտեն, թէ ստեղ էնքան լաւ ա, որ ուզում եմ՝ մենակ ես հարստանամ: Չեն հաւատում, որ մեղր թափած չի… Ի՞նչ անեմ, թող գան»,- յուսահատուած ասում է Անահիտը:

Չնայած տարիներ շարունակ խաբուած լինելուն՝ գիւմրեցի Անոն շարունակում է ընդունել ու ճանապարհել նորեկ հայերին: Հիմա նա ապրում է Հայաստանից ժամանած երկու կնոջ հետ, ովքեր նոր-նոր են ընկնում աշխատանքային կարօտախտի գիրկը: «Բա ի՞նչ անեմ, իմ հային հո չե՞մ թողնի դրսում մնայ: Ասում եմ՝ եկէք, ինձ մօտ մնացէք, մինչեւ կը տեղաւորուէք: Շատ են գալիս, էրեխեքի հետ, էստեղ էլ են էրեխեք ունենում…»,- պատմում է տիկին Անահիտը:

Մեր խօսակցութեան ընթացքում անցորդների մեծ մասը հայերէնով բարեւում էր Անահիտին, հարցնում որպիսութիւնն ու գնում: Թուրքիայում ապրած տարիների ընթացքում գիւմրեցի կինը հասցրել էր բազմաթիւ թուրք, քուրդ եւ հայ ընկերներ, ծանօթներ ու բարեկամներ ձեռք բերել: «Թուրքերին էլ հայերէն ենք սովորացրել: Բոլորն ինձ ճանաչում են, կեանքս էստեղ է դասաւորուել արդէն: Չնայած՝ ճանաչելով հանդերձ, մի անգամ փորձել են տնիցս գողութիւն անել: Հայեր էին, գիշերով մտան տունս. մէկը՝ դռնից, միւսը՝ լուսամուտից: Ես               էլ արթնացայ, գրտնակը բարձիս տակ եմ պահում, փախան: Յետոյ իմացայ, որ դրանց ուրիշ գործով բռնել են»,- ասում է Անահիտը:

Անահիտը Հայաստան վերադառնալ չի ուզում, չի պատ¬ կերացնում, թէ ինչպէս պիտի ապրի այնտեղ. «Որ գնամ Հայաստան, ինձ ոչ ոք չի թողնի դրսում էսպէս սեղանիկ դնեմ, նստեմ: Կուգան էլ հարկ կþուզեն, էլ տեղի փող կþուզեն, մինչեւ կը հանեն քեզ տեղիցդ: Էստեղ ինձ բան ասող չկայ, ինձ համար ապրանք եմ ծախում: Եթէ Հայաստան գամ, էսպէս դրսում չնստեմ, իմ օրուայ հացի փողը չաշխատեմ, կը մեռնեմ: Ուզո՞ւմ ես՝ գամ Հայաստան, մեռնեմ»,- ասում է Անահիտը:

 

Յ.Գ. Անահիտի եւ Ստամբուլում աշխատող այլ հայերի մասին «Հետքը» 2012-ի ամռանը ֆիլմ է նկարահանել, որը ընթերցողներին կը ներկայացիուի «Պտոյտ Ստամբուլում» պատմութիւնների շարքի աւարտից յետոյ, «Հետք»ի կայքէջով։

 

Լուսանկարը՝ Սարօ Բաղդասարեանի