Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2012 թ. թիւ 4-րդը, որը յաջորդական համարների շարքում 40-րդն է։

Շուրջ 244 ծաւալ եւ հարուստ ու բազմազան բովանդակութիւն ունեցող 4-րդ համարի Խմբագրականը նուիրուած է հայ մտքի պատմութեան հետազօտութեանը։ Այս բնագաւառում մեզանում տպագրուող ուսումնասիրութիւնները մի կողմից հեռու են ինտելեկտուալ պատմութեան գիտական չափորոշիչներից, իսկ միւս կողմից էլ շեղուել են ազգային մտքի աւանդոյթներից։ Խմբագրականում ուրուագծւում են ստեղծուած վիճակից դուրս գալու ուղիները, իսկ հանդէսի յաւելուած բաժնում ներկայացւում են պատմագիտական ու գրականագիտական մտքի այն ձեռքբերումները (Լ. Ֆեւր, Ֆ. Մորետի), որոնք կարող են օգնել հայագէտների նոր սերնդին՝ ստեղծուած վիճակը յաղթահարելու գործում։

Արդիական հնչեղութիւն ունի «Հիմնաքարեր» բաժնում տեղ գտած Գագիկ Ս. Գալստեանի «Նոր քննական հայացք Մարքսի տնտեսագիտական ուսմունքին» հրապարակումը, որը հիմնաւորապէս հերքում է համաշխարհային ճգնաժամի պայմաններում կրկին ասպարէզ նետուող՝ մարքսեան ուսմունքի «գիտականութեան» մասին պնդումները։ Բացայայտելով իրականութիւնը շրջանցելու եւ գիտական ճշմարտութիւնը քաղաքական նպատակայարմարութեանը զոհաբերելու այն հնարքները, որոնց տիրապետում էր կոմունիստական գաղափարախօսութեան հիմնադիրը, հրապարակման հեղինակը իւրայատուկ մարտահրաւէր է նետում այսօր էլ մարքսեան ուսմունքի կարօտախտով տառապողներին։

Հանդէսի 4-րդ համարի յատուկ ուշադրութեանն է արժանացել հայ-վրացական քաղաքակրթական եւ քաղաքական առնչութիւնների հիմնախնդիրը։ Սկսուել է երիտասարդ ու հեռանկարային պատմաբաններ Արման Ս. Եղիազարեանի «Բագրատունիների վրացական թագաւորութեան ձեւաւորման գործընթացը» յօդուածաշարի եւ Համօ Կ. Սուքիասեանի՝ «Հայ-վրացական սահմանավէճը փաստաթղթերի լեզուով» վաւերագրերի փաթեթի հրապարակումը։

Ուշագրաւ եւ արդիական է նաեւ Արարատ Մ. Յակոբեանի «Խորհրդային Հայաստանի 1920-1922 թթ. միջազգային-իրաւական կարգավիճակի շուրջ» քննական վերլուծութիւնը։ Նրանում բացայայտւում է նշուած պատմաշրջանում սկսուած՝ Հայաստանի անկախութեան իրաւա-քաղաքական հիմքերի խարխլման գործընթացը՝ զուգահեռներ անցկացնելով մեր օրերում եւս նկատուող նման միտումի առանձին դրսեւորումների հետ։

Սայաթ-Նովայի ծննդեան 300 ամեակի հետ կապւած՝ «Վէմ»-ի նախորդ համարում տեղ էր գտել նրա երաժշտական արուեստին նուիրուած հրապարակում, իսկ ներկայ համարում Վազգէն Հ. Սաֆարեանն իր ծաւալուն ուսումնասիրութեան մէջ անդրադարձել է մեծ բանաստեղծի քնարերգութեանը։

Արդիական հնչեղութիւն ունի նաեւ Կարէն Հ. Խանլարեանի հրապարակումը, որը Օսմանեան քարտեզների, հանրագիտարանային նշանակութեան հրատարակութիւնների եւ դասագրքերի հիման վրայ մէկ առ մէկ ուսումնասիրել է «Ատրպէյճան» աշխարհագրական հասկացութեան վերաբերեալ նախքան 1918 թուականը թուրք հեղինակների արտայայտած տեսակէտներն ու գնահատականնները եւ անհերքելի փաստերով ապացուցել, որ դրանք ամբողջովին վերաբերում էին Իրանի պատմական՝ Ատրպատական նահանգին։

«Վէմ»-ը 2012 թ. 4-րդ համարից սկսում է ՀՅԴ պատմութեան վաւերագրերի նոր փաթեթի հրապարակումը, որն ընդգրկում է կուսակցութեան 1918-1920 թթ. գործունէութեան վերաբերեալ Հայաս- տանում պահուող, բաւականին վատ վիճակում գտնուող ուստի՝ հրապարակման կարիք զգացող փաստաթղթերը։ Աւագ Ա. Յարութիւնեանի ջանքերով ընթերցողներին ներկայացուող այս նոր փաթեթի առաջին մասը հիմնականում ներառում է ՀՅԴ Արեւելեան Բիւրոյի արձանագրութիւնները։

«Վէմ»-ի վերջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ։ Ներկայացնում ենք հանդէսի 2012 թ. թիւ 4-ի Բովանդակութիւնն ու Խմբագրականը։