Փսփսում են, փսփսում են շշուկով,
Ու ասում են՝ պատահել է գիշերով...

Բամբասանքն է մեր բնակած փողոցի,
Ասում են թէ՝ մութ անկիւնում դիմացի
Իբրեւ յանկարծ գրկել եմ քեզ զոռովի...
Համբուրել եմ իբրեւ շուրթերդ քաղցրահամ...
Թէ ճմռել եմ կրծքիդ նռները փարթամ...
Տրորել եմ բումբերիդ տաք ողորկին...
Փոյթ չեմ դարձրել քո չեմուչեմ բողոքին...

Փսփսում են, բամբասում են շարունակ,
Չեն էլ ասում, որ ջահել ենք, բարունակ...

Համբուրե՛լ եմ, հա՛, քեզ այնքան սիրելու՛ց,
Քո՛ էլ ուզող շշնջոցը լսելուց...
Սիրւտե՛լ ենք, հա՛, ու լա՛ւ ենք մենք արել,
Սիրոյ կարմիր խնձորի համն ենք առել...
Հա՛, փողոցի մութ անկիւնում պահեցի
Ու քաղցրահամ քո շուրթերը քամեցի՜...
Այ՛դ է, եղա՜ւ... թէ՞ դեռ պիտի բամբասե՜ն,
Այսպէ՜ս-այնպէ՜ս... ու մի բան էլ շա՜տ ասեն...

...Բայց, այն ժամի՜ն... ո՞ր շանորդին էր նայեց,
Որ մեզ տեսաւ... ու փսփսոցն այս գցեց...

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Գլենդել, Կալիֆորնիա

 

ՍՐՏԱՏԱՊ

Որ ջերմ ես ու ողորկ ես այսպէս,
Թող կրկին քո ջերմով տաքանամ,
Թող ջերմին ողորկդ վայելեմ
Ու սիրուն երազիդ միանամ...

Մորենին չէ, սի՛րտս է, վառւում է,
Երփներանգ ցոլքեր է շաղ տալիս,
Թիթեռս բոցի շուրջ դառնում է,
Փարուանան խանձւում է խայտալիս...

Երազը վառւում է ցոլքերում,
Լոյս գցում տենչանքի անթեղին,
Երազի, տենչանքի ալքերում
Թաւալւում, փաթաթւում բաղեղին...

Որ այնպէս վառւում է կապուտակ,
Եւ այնպէս երանգներ շաղ տալիս,
Թւում է անուշը քո համակ
Շուրթերիս վրայ է համ տալիս...

Մօտեցիր, մօտեցիր ու զգա՛,
Իմ խուժող արեան հոսքը զգա՛.
Քա՞ղցր է, է՞ դառն է այս արբունքը,
Որ սրտիս այսպէս տապ է տալիս...

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Գլենդել, Կալիֆորնիա