Նիւթի գերիշխանութեան ներքոյ գտնուող սպառողական հասարակութեան մէջ հեշտ չէ հանդիպել հոգեւոր արժէքները գնահատող մարդկանց, իսկ դրամի հետ գործ ունեցող բանկային (դրամատնային) ծառայողների շրջանում, թւում է, դա անհնար է:

Ս. Մաշտոց եկեղեցւոյ բեմի վարագոյրը, նախքան կախուիլը

Բայց Գրիգոր Մովսիսեանը լինելով  «Արմիսվիսբանկ»-ի ֆինանսական տնօրէնն ու իր գործի գիտակը ապրում է նաեւ հոգեւոր կեանքով, եւ դժուար է ասել, թէ իրականում նժարի որ կողմն է աւելի ծանր կշռում իր էութեան  մէջ: Նա ամէն օր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պարտադիր մասնակցում է առաւօտեան ժամերգութիւններին,կազմակերպում է արշաւներ դէպի լեռներում թաքնուած մեր հրաշք եկեղեցիները, լուսանկարում եւ ամէնքիս ուշադրութիւնն է հրաւիրում վթարային վիճակի, խնամքի կարօտ եւ  շատերին էլ անյայտ եկեղեցիների վրայ…: Վերջերս Գրիգոր Մովսիսեանը մի ուշագրաւ անակնկալ մատուցեց հանրութեանը:  Նրա «Վահագնի ծնունդը կամ մեր Տէր Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գրքի գինեձօնն էր, որին նրկայ  էին Հանրապետութեան մշակոյթի եւ  հասարակական գործիչներ, ՀՀ սփիւռքի նախարարը: Ինչպէս շարադրուած է գրքում, հեղինակին երկար ժամանակ հանգիստ չի տուել այն միտքը, թէ «Վահագնի ծնունդը» բանաստեղծութիւնը դիւցազներգութիւն է՝  նուիրուած հեթանոսական աստծուն: Եւ ահա, Մեծ Պահքի շրջանում պահեցողութեանը զուգահեռ աստուածաշնչեան վերընթերցումները նրան յանգեցրել են այն մտքին, որ բանաստեղծութիւնը խտապատկերն է Սուրբ Գրքի ողջ խորհրդի՝ այն յայտնութիւնն է մեր Տիրոջ երկրորդ գալստեան, Նրա արդար դատաստանի իրականացման եւ լուսեղէն նկարագրի: Հեղինակը եզրակացնում է, որ հինաւուրց բանաստեղծութեան մէջ նկարագրուած երկնքի, երկրի ու ծիրանի ծովի երկունքը այն իմաստն են հետապնդում, ինչ Յիսուսի աւետարանական խօսքերը՝ պատերազմները, համաճարակներն ու երկրաշարժերը՝ Իր գալստեան եւ  աշխարհի վախճանի «երկանց սկիզբը» հանդիսանալու մասին:
Գրիգոր Մովսիսեանը (աջին) եւ
նկարիչ Մայիս Մխիթարեանը

Կարմիր եղեգնիկն ու այրուող եղեգնը խորհրդանիշն են պատուիրանազանցների նկատմամբ արդար դատաստանի, ինչի վկայութիւնն են նոյն նշանակութեամբ Հին Կտակարանում տեղ գտած «եղեգնեայ դիւրավառ նիւթի նման պիտի այրուեն բոլոր պատուիրանազանցները», «Եսավի եղբայրասպան եղեգնյա տո՛ւն, հրոյ ճարակ  պիտի դառնաս» եւ ուրիշ մարգարէութիւններ: Իսկ բոցից դուրս վազող հուր մազերով, բոց մօրուքով արեգակի պէս լուսաւոր աչքերով եւ Դաւիթ թագաւորի նման խարտեաշ պատանեկիկն էլ խորհրդանշում է տիեզերքի արդար Դատաւորին, Ով Յովհաննէս Առաքեալի Յայտնութեան՝ «նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց … եւ նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը» նկարագրութեանը համապատասխան աստուածային տիպար ունի: Ընթերցելով այս գիրքը նախ զարմանք ես ապրում, որ մինչ օրս որեւէ անդրադարձ չի եղել բանաստեղծութեան առնչութեանը Սուրբ Գրքին, արժեւորում եւ  կարեւորում ես Մովսիսեանի գործը: Իսկ յետոյ արդէն սկսում ես խորհել, արդեօ՞ք Աստուածաշունչն է իր ազեցութիւնը թողել  ստեղծագործութեան վրայ, թէ երգ-բանաստեղծութիւնն առաջինը թղթին տուած մեր Պատմահայրն է որոշակի սուրբ գրային երանգաւորում տուել նրան: Գուցէ մարդկութեան բնօրրան բիբլիական մեր Արարատ երկրի մարդկանց խօսքն ու բա՞նն է իր միանգամայն հնարաւոր հետքը թողել բուն Աստուածաշնչի վրայ:

 Գրիգոր Մովսիսեանի գիրքը

Գրիգոր Մովսիսեանը նոյնպէս տեսակէտ չի յայտնում այս առումով, այն թողնելով ընթերցողներիս, սակայն տպաւորութիւնն այն է, թէ այնուամենայնիւ նա հակուած է կարծելու, որ իր իսկ խօսքերով ասուած «այս փոքրիկ բանաստեղծութեան միջոցով մեր շուրթերով անդադար հնչեցրած Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» մեր հինաւուրց ժողովրդի ծոցից ելած մի մարգարէութիւն է: Գրքի էջերը նկարազարդուած  են գեղանկարիչ Մայիս Մխիթարեանի կողմից: Այստեղ պէտք է  յիշել շնորհաշատ նկարչի  իրագործմամբ Գրիգոր Մովսիսեանի մէկ այլ ուշագրաւ մտայղացման մասին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բեմի վարագոյրն իր եզակի շքեղութեամբ շատերին է հիացնում: Նրա վրայ  ասեղնագործուած են հինգ հրեշտակներ՝ քերովբէներ եւ սերովբէներ՝ խոշոր, ամենատես աչքերով ու թռիչքի պատրաստուող վեցական թեւերով: Վարագոյրը եռագոյն է՝  կարմիր, կապոյտ  ու ծիրանագոյն: Իսկ հետաքրքիրն այն է, որ վարագոյրի գունային այսպիսի ընտրութիւնը Մովսիսեանը կատարել է հէնց Աստուածաշընչից, ուր Բարձրեալը պատուիրում է Մովսէս Մարգարէին կառուցելու առաջին աղօթատեղին. «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տաս շերտանի վարագոյրով խորան կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով»  (Ելից 26:1): Յաջողութիւն մաղթենք Գրիգոր Մովսիսեանին իր հետագայ  գործունէութեան մէջ՝ թէ ֆինանսական եւ թէ՝ ազգային-հոգեւոր բնագաւառներում,  եւ թող շատանան նրա գործերն՝  ի շահ հայապահպան մեր եկեղեցու:

Աշոտ Վաւեան
Յօդուած «ԱԶԱՏ ՕՐ»ի համար