Ճերմակութեան գիրգ թաւիշով
քո կուրծքերը սիրահամեմ,
Նրանց փափուկ ջերմոցներում երազներս թող քաղհանեմ:

Ես ծարաւի անապատում տենչով


ու քո սիրով հիւանդ,
Հուր շուրթերիդ գաւաթը լիք անյագօրէն ըմպեմ, քամեմ:

Թարթիչներիդ ստուերի տակ, աչքերիդ ջինջ լճակներում,
Ես իմ շողքն եմ ուզում տեսնել,
որ հայեացքդ լուռ վանդակեմ:

Ալաբաստրէ քո մատների շոյքը զգամ ողնաշարիս
Ու մազերս խիստ փշաքաղ՝ ամբողջ մարմնով մէկ սրսըփեմ...

Եւ շուռ եկած ողորկ լանջիդ, արեւլքցու տաք հրայրքով,
Սեւ մազերիդ գանգուրներով
սիրուս քրտինքը ցամաքեմ:

Ու հեշտանքի անդորրութեամբ,
քո էլ փակուող կոպերի հետ,
Բարձիս վրայ, շունչս շունչիդ, փայանքիդ տակ խո՜ր մրափեմ...

Լոնտոն
 
ԴՈՂ

Ինչպէ՞ս է զգում ծաղիկը
Երբ կաթում է լոյծ ցօղիկը
Ծաղկաբաժակի սրտի մէջ
Աղջամուղջի գիրգ մահճում գէջ...

Նա դողում է հաւանաբար
Հեշտանքի բորբ տապով վարար...

Այդպէս եմ զգում նաեւ ես
Երբ (հայեացքով)
գրկում եմ քեզ...

Թեհրան

ԱՆՓՈՒԹՕՐԷՆ

Հիմա ես էլ առաջուանը չեմ,
Հիմա ես էլ չունեմ անրջանք,
Էլ չունեմ ես մէկի, որ կանչեմ,
Անցեալի մշուշոտ թախանձանք...

Ես հիմա հազիւ թէ յիշում եմ.
Կար մի հեզ, բայց հրէ մի աղջիկ.
Մի հին երգ, որ հիմա չգիտեմ.
Մի փողոց ու թռչող մի չղջիկ...

Մոռացուած յուշեր ու րոպէներ,
Որ չե՛մ էլ ուզում իսկ վերյիշել...
Անցեալը ամպամած մի եթեր,
Հիմա ես էլ առաջուանը չեմ...

...Բայց կար մի թխադէմ, լուռ տղայ,
Ո՞վ էր նա՝ մայթերում մենաւոր,
Արդեօք մի անձրեւոտ գիշերուայ
Մի ճամբո՞րդ անծանօթ, հեռաւոր...

Բայց կարծես՝
հին ծանօթ մի եկուոր...
Թէ ինչ որ... ու՛հ, մարի՛ր,
փուչ վերյուշ...
Ես չունեմ երեկում ո՛չ մի օր,
Մտորումս մութ է ու մշո՜ւշ...

Մտորումս փուչ է ու մշուշ,
Ու հիմա էլ առաջուանը չեմ.
Ես հիմա մոռացուած ու անյուշ՝
Էլ չունեմ ես մէկի որ կանչեմ...

Նոր Ջուղա

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ