Հին, բայց ոչ հնացած խօսք է՝ պատմութիւնը կրկնւում է: Քսաներորդ  դարում Ռուսական կայսրութիւնը երկու անգամ (թէեւ երկրորդ անգամ՝ ՍՍՀՄ անուանումով) ցնցուեց՝ 1917-1918թ. եւ 1991թ.: Երկու անգամ էլ Հարաւային Կովկասում առաջացան պետութիւններ, երկու անգամ էլ տարակարծութիւններ առաջացան այդ պետութիւնների սահմանների վերաբերեալ եւ երկու անգամ էլ այդ իրավիճակը յանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարաւային Կովկասի մասով) յաղթող դուրս եկաւ:

Առաջին անգամ միջազգային հանրութիւնը Հայաստանին համոզեց-պարտադրեց հայկական զինուած ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ:
Օրինակ, լայնօրէն յայտնի է Արեւելեան Անդրկովկասում Անտանտի երկրների զինուած ուժերի հրամանատար բրիտանացի զօրավար Ուիլիըմ Թոմսոնի 1918թ. Դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշական ամսաթիւ) ներկայիս Բերդաձոր գիւղում զօրավար Անդրանիկին փոխանցուած նամակի պատմութիւնը: Նամակով Թոմսոնը Անդրանիկին յորդորում էր այլեւս առաջ չշարժուել եւ չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում քննարկուելու էր նաեւ Հարաւային Կովկասի նորաստեղծ պետութիւնների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պէտք չէ աւելորդ բարդութիւններ ստեղծել՝ առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայաստանեան է լինելու, քանի որ բացառապէս հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ատրպէյճանի Հանրապետութիւնը, չնայած յաւակնութիւններին եւ յոխորտանքին, երբեք, անգամ Թուրքիայի ռազմական օժանդակութեամբ, ի վիճակի չեղաւ արդիւնաւէտ վերահսկողութիւն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ, ի հարկէ, մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշեւիկեան կուտը:
Թոմսոնը ճիշդ էր, կամ մասամբ ճիշդ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպէս նաեւ Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, մաս պիտի կազմէին Հայաստանի Հանրապետութեանը: Սակայն առանց այդ երկրամասում հայ զօրքերի առկայութեան՝ արդեօ՞ք այդ որոշումն ի կատար ածուեց:
Ներկայումս, հաշուի առնելով հետեւանքները, կարելի է տարբեր մօտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդէպ: Սակայն յիշենք ժամանակի իրավիճակը եւ համեմատենք ներկայ իրավիճակի հետ.
ա) Ատրպէյճանի հիմնական դաշնակիցը եւ քաղաքական հովանաւորը՝ Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտութիւն էր կրել: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ:
բ) Ատրպէյճանի Հանրապետութիւնը, թէեւ հռչակել էր իր գոյութիւնը, սակայն այն գոյութիւն չունէր ոչ տէ ֆաքթօ, քանի որ չունէր արդիւնաւէտ վերահսկում քիչ թէ շատ նշանակալից որեւէ տարածքի վրայ, եւ՝ ոչ էլ տէ ժիւրէ, քանի որ չունէր որեւէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ:
Օսմանեան ճանաչումը տուեալ պահին չունէր իրաւական հետեւանք, քանի որ սոյն կայսրութիւնն ինքն անվերապահ անձնատուութեան պատճառով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրաւունքի տէր լինելուց:
գ) Միջազգային հանրութիւնը հակամարտութիւնների լուծման հիմք միանշանակօրէն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշուել Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի կողմից նրա յայտնի Տասնչորս կէտանոց ուղերձի մէջ, 1918թ. յունուարի 8-ին: Այս անվիճելի սկզբունքն էր դրուած բոլոր զինադադարների եւ նոր պետութիւնների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ: Ի դէպ, Ազգերի լիկայի Հայաստանի սահմանները որոշող յանձնաժողովը 1920թ. Փետրուարի 24-ին հայ-վրացական եւ հայ-ատրպէյճանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը:
դ) Դաշնակից ուժերն Հարաւային Կովկասում, ի սատարում իրենց խօսքերի, ունէին 23 հազարանոց ուժեղ զօրաբանակ: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ: Խօսւում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամեակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելութիւնը՝ Պալքաններում կամ Ռուանտայում:
Այս համեմատութիւնները կարելի է դեռ շարունակել եւ, ցաւօք սրտի, դրանք չեն լինելու յօգուտ մեր ժամանակների: Տեսնենք՝ ի՞նչ ունենք մենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զօրքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կը տամ կարդալ Ազգերի լիկայի 1920թ. Փետրուարի 24-ի զեկոյց-առաջարկը),  դիմացը խոստանալով՝ համոզել Ատրպէյճանին չսկսել պատերազմ, գոնէ մի քանի տարի: Ի հարկէ, պատերազմը բնաւ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդեօք ազատագրուած տարածքների յանձնումը երաշխաւորո՞ւմ է խաղաղութիւնը: Ի հարկէ՝ ոչ: Իմ խորին համոզմամբ, այն աւելի է հաւանական դարձնում պատերազմի վերսկսումը Ատրպէյճանի կողմից: Եւ հակառակի նման, չկայ եւ չի լինելու նախկին 23 հազարանոց զօրաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թէեւ արդարութեան համար պէտք է նշել, որ որեւէ զօրաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տեւական չի լինելու: Միւս գործօններին չեմ էլ անդրադառնում՝ այնքան ակնյայտ են տարբերութիւնները:
Հիմա ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսուած էր նման դէպքի համար: Դեռ ժամանակին հէնց այսօրուայ քաղաքական մեծաւորները որոշել էին՝ Հարաւային Կովկասի երկրներին տրւում էր խիստ սահմանափակ ժամանակահատուած (որն աւարտուել է 1920թ. Նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնութեամբ սահմանավէճերը կարգաւորելու համար: Փոխադարձ համաձայնութեամբ հարցերը չլուծուելու պարագային, սահմանները որոշւում են Ազգերի լիկայի (ներկայումս՝ ՄԱԿ) հովանու ներքոյ գործող յանձնաժողովի իրաւարարութեամբ «սկզբունքօրէն հիմք ընդունելով ազգագրական տուեալները»: Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկուել երկու տարբերակով՝ նախնական (հիմք ընդունելով 1920թ. տարեվերջի ազգագրական տուեալները), որով ոչ միայն Լեռնային, այլեւ Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետութեան մաս: Սակայն Հայաստանը Ատրպէյճանին է զիջում մերձարաքսեան որոշ տարածքներ: Կամ՝ հաշուի առնելով վերջին 90 տարուայ զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով Հայաստանի Հանրապետութեանն են անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկուող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ատրպէյճանին:
Այսօր ակնյայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին եւ քաղաքական չափազանց փափկանկատութեանը, յայտնուել է փակուղու մէջ: Հիմնական պատճառն այն է, որ Ատրպէյճանը պատրաստ չէ դոյզն իսկ զիջումի: Ըստ էութեան, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է աւելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ-ն ունէր մինչեւ 1988թ.: Այստեղ պէտք է շեշտել, որ միջազգային հանրութիւնը, յանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ատրպէյճանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտաւորութիւնները (լայն առումով՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը յարգելու, իսկ աւելի նեղ առումով՝ զինադադարը յարգելու) իրականացնում է Ատրպէյճանին սիրաշահելու խիստ վտանգաւոր քաղաքականութիւն: Ի վերջոյ, խաղաղութեան պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռուած լինեն: Ատրպէյճանի կորցնելիքը հաստատ աւելի շատ է լինելու եւ հետեւանքն՝ աւելի աղէտալի: Նաեւ թող մի քիչ էլ Արեւմուտքի գլուխը ցաւի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն աւելի նուազ է, քան՝ նաւթային աշտարակների կամ նաւթա-կազամուղների: Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժուար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանութիւնը, որի ակունքները գալիս են գրեթէ երկու տասնամեակի խորքից: Սակայն այլ ելք չկայ: Յատկապէս՝ քանի դեռ համաձայնեցուած չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցուած չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայութիւնն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխութիւնների հիմնական մղիչը:
Ի վերջոյ, եթէ աշխարհի քաղաքական մեծաւորները այսօր պատրաստ չեն կենսագործելու առնուազն երեք փաստաթղթի մէջ (տես՝ Հայաստանի սահմանները որոշող Ազգերի լիկայի յանձնախմբի զեկոյցը եւ առաջարկները, 24 Փետրուարի, 1920թ.: Սեւրի պայմանագիր, յօդուած # 92, 10 Օգոստոսի 1920թ.: Ուիլսընի իրաւարար վճիռ, յաւելուած 1, թիւ # 2) ամրագրուած իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հաւատարիմ կը մնան իրենց այսօրուայ կիսաբերան խոստումներին:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ