Սփիւռքային ովկիանում ալիքն է ծփում,

Շլացնում է աչք ու սիրտ, երազով գերում,

Ալիքը բիւր բարիքի եւ առատութեան,

Ապրելու եւ վայելքի, կենցաղի փարթամ:

Եւրոպան իր պչրանքով ու գեղեցկութեամբ,

Արկածներով սիրային, յարբեցողութեամբ,

Ապահով ու գոհ կեանքի ճշդուած ընթացքով,

Ընկերային բարքերի գունեղ դրուածքով:

Ամերիկան՝ իր յուռթի վատնումով շռայլ,

Տոլարի սուղ արժէքով, պերճանքով զմայլ,

Տարողունակ ու փափուկ, լուքս աւտոներով,

Ու գողութեամբ, ոճիրով, սպանութիւնով...

Միջարեւելքը՝ խախտուած իր խաղաղութեամբ,

Դրամական յորդումով, անորոշութեամբ,

Համայնքային կազմակերպ կեանքով ու կարգով,

Որ, աւա՜ղ, փուլ է գալիս ձիգ հոգեվարքով...

Սփիւռքային ովկիանում հոսք է նոր գաղթի,

Գաղթի՜... գաղթի՜... արդէն ... մայր հայրենիքի...

Էժան արիւն մակարդուած սպիտակ ջարդի,

Որ կարծես չի՜ գիտակցւում, չի արժեւորւում,

Հայրենի թոյլ ձեռքը չի հովանաւորում...

Ու ցրիւ է գալիս այս ցրուած սփիւռքը,

Ինչ ցրիւ էր, վերստին ցրում է բուքը,

Խորտակւում է նաւակը սփիւռքեան հայի,

Բայց ոչ ինքն է կարեկից, ոչ՝ տէրն հայրենի:

Ո՜վ ժողովուրդ իմ հայոց, իմ հին տառապանք,

Սերունդներին ներշնչող անխաբ հաւատամք,

Իմ որբ սիրտը տալիս եմ քո սուրբ պայքարին,

Եւ այն՝ ինչ որ կարող եմ դնել նժարին:

Նպատակդ գերագոյն վեհ է ու սրբեղ,

Մի՛ տատանուիր սփիւռքի ովկիանում ահեղ,

Եւրոպայի պչրանքով դու մի՛ շլացիր,

Ամերիկեան խոստումով մի՛ այլասերուիր:

Անգութ չէ ողջ աշխարհքը, բայց ամէն մէկը

Փոթորկածին այս ժամում կանգնում է տէրը

Իր ազգային, հայրենի բուն ունեցուածքին...

Մենք էլ մերի՛ն տէր կանգնենք, մե՛ր ժառանգածին:

Մենք էլ մերին տէր կանգնենք, Հայկեան հրիտակ,

Պայազատը Թորգոմեան, աւանդ, ազգուտակ,

Նպատակին ազգային, սուրբ Արարատին,

Ու գալիքը կառուցենք Մայր Հայրենիքի:

Գրիշ Դաւթեան