Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: 

Կողմերի հետ դէմ առ դէմ նստելուն ուղղուած ջանքերը, որը կոչւում է բանակցութիւններ, անյայտ հեռանըկարների եւ սպասումների փոխարէն, շնորհիւ Հայ Դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարէզում:
Այս նոր փուլը իրենից ենթադրում է Մինսկի խմբի մակարդակով ընթացող այսօրուայ բանակցային գործընթացն առանց վնասելու միտումով սկսել պետական եւ համահայկական մակարդակով նոր քաղաքական կուրս՝ ուղղուած այլ երկրների կողմից ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչմանը:
Նման ձեւաչափով գործելու արդիւնաւէտութիւնը կիրառուել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում:
ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեան հիմնական ուղղութիւններից է Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը: Այս ուղղութեամբ Հայ Դատի յանձնախմբերը տարիներ շարունակ աշխատել, հիմք են նախապատրաստել՝ սկսելու մի նոր գործընթաց:
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դառնայ հայկական արտաքին քաղաքականութեան հիմնարար ուղղութիւններից մէկը, որի շուրջ անհրաժեշտ է համահայկական մօտեցում: Այս հարցում հայրենի իշխանութիւնները պէտք է հանդիսանան հայկական բոլոր կազմակերպութիւնների եւ կառոյցների յուսալի յենարանը:
Աշխարհում արդէն երեք նահանգ՝ երկուսը ԱՄՆ-ում, եւ երրորդը Աւստրալիայում, ճանաչել են ԼՂՀ անկախութիւնը եւ կոչ արել իրենց երկրների իշխանութիւններին՝‘ ճանաչել այն: Սա արդէն լուրջ արդիւնք է, եւ անկախ այն մօտեցումից, որ իրաւական հիմք չեն ներկայացնում աշխարհի համար, այնուհանդերձ, ԼՂՀ միջազգային ճանաչման գաղափարի շրջանառութիւնն արդէն ծանրակշիռ նշանակութիւն ունի մեր արտաքին քաղաքականութեան համար:
Սկսուած գործընթացը կարող է շրջադարձային լինել ե՛ւ Արցախի Հանրապետութեան, ե՛ւ ողջ աշխարհի համար:  Այն նպաստաւոր նախադրեալներ է ստեղծում առանձին երկրների կողմից մեր երկրի միջազգային ճանաչման համար, կամ գոնէ մօտեցնում է այդ գործընթացը: Այն «վարակի» նման կարող է տարածուել եւ տալ իր ցանկալի արդիւնքները:
20-րդ դարից սկսել եւ 21-րդ դարում գերակայութիւն է դառնում ազգերի ինքնորոշման իրաւունքը: Սերունդները ականատեսն են դառնում աշխարհում կազմալուծուող կամ տարանջատուող տասնեակ պետութիւնների:
Մեր երկրի հետ հակամարտութեան մեջ գտնուող Ադրբեջանն ամէն կերպ փորձում է խեղդել ազգերի ինքնորոշման իրաւունքի դրոյթը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Բոլորովին վերջերս այդ համատեքստում Ադրբեջանը ճանաչել է նոր անկախացած Հարաւային Սուտանի Հանրապետութիւնը:
Փաստօրէն, Ադրբեջանն ընդունում է ազգերի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը այլ հանգրուանում, բայց՝ ոչ մեր դէպքում:
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դիտել ոչ միայն ազգերի, այլեւ մարդու իրաւունքների համատեքստում:
Մենք կարող էինք օգտուել Ադրբեջանի շատ սայթաքումներից: Պահը չօգտագործելով, մենք տրամաբանօրէն դառնում ենք թոյլ եւ անկարող կողմ:
Ադրբեջանի կողմից Հարաւային  Սուդանի ճանաչումը մեզ համար յաղթաթուղթ է, իսկ մենք վարանելու տեղ չունենք: Այն պէտք է օգտագործել ըստ արժանւոյն:

«Ապառաժ»ի խմբագրական
Արցախ